26.11.2008
Պարգևատրվեց Հայաստանի կանանց ազգային հավաքականը
Նոյեմբերի 26-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի կանանց ազգային հավաքականի պարգևատրման շնորհանդեսը` Մակեդոնիայում ընկերական միջազգային մրցաշարում հաղթող ճանաչվելու կապակցությամբ:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Թովմաս Գրիգորյանը. «Ես շնորհավորում եմ այս դահլիճում բոլոր ներկա գտնվողներին և հայտնում իմ երախտագիտությունը Հայաստանի կանանց ազգային հավաքականի բոլոր անդամներին, մարզչական կազմին, ղեկավարությանը: Կազմավորվում է շատ ամուր թիմ, որն արդեն մոտ ապագայում կարող է իր առջև լուրջ խնդիրներ դնել: Կատարվել է քրտնաջան աշխատանք, և արդեն այսօր մենք կարող ենք տեսնել այդ աշխատանքի պտուղները: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և հույս հայտնում, որ սա միայն գալիք հաջողությունների սկիզբն է»
Շնորհավորանքներին միացան նաև ՀՖՖ գործկոմի անդամներ` Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանն ու Մրցավարական կոմիտեի նախագահ Լևոն Հասրաթյանը, ովքեր նույնպես իրենց շնորհակալությունը հայտնեցին Հայաստանի կանանց ազգային հավաքականի բոլոր անդամներին:
Դրամական պարգևներ հանձնվեցին հավաքականի ֆուտբոլիստներին, ինչպես նաև գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանին, մարզչի օգնական Լիաննա Հայրապետյանին, մերսող Նազելի Մանուկյանին և Հայաստանի կանանց ազգային հավաքականի մենեջեր Քնարիկ Աբելյանին:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ով շնորհակալություն հայտնեց թիմի ֆուտբոլիստներին փայլուն արդյունքի համար և նշեց, որ ՀՖՖ-ն տարեցտարի, չնայած փոքրիկ, բայց կայուն քայլերով աշխատում է կանանց ֆուտբոլի զարգացման ուղղությամբ և հետևողական կգտնվի այս ասպարեզում հաջողությունների հասնելու համար:
Պարգևատրման շնորհանդեսից հետո Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը փոքրիկ հարցազրույց տվեց ՀՖՖ պաշտոնական կայքին:
«Նախ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել մեր հավաքականի բոլոր անդամներին: Այս ընտրանին ձևավորման փուլում է գտնվում, և մենք դեռ շատ անելիքներ ունենք: Նշեմ, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընտրությունը կատարվել է ընդամենը 24 հոգու միջև, և ուժեղագույնները մեկնեցին Մակեդոնիա: Ընդհանուր առմամբ գնահատելով այդ ընկերական մրցաշարը` կարող եմ ասել, որ թիմերը հավասարազոր էին: Լավ տպավորություն թողեց Մակեդոնիայի ընտրանին, որի կազմում առաձնանում էին երկու բարձրակարգ խաղացողներ: Մեր ընտրանին լավ հանդես եկավ, սակայն ցույց չտվեց իր ողջ ներուժը: Ունեինք մեծ առավելություն գրեթե բոլոր խաղերում, սակայն չէինք օգտագործում գոլային հնարավորությունները: Այս և 2009 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք ընկերական մրցաշարերը գնահատում եմ` որպես Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախապատրաստական փուլ: Ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու այս տարվա դեկտեմբերի 15-ից 20-ը:
Մեր գլխավոր նպատակն է կազմավորել ամուր եվրոպական թիմ, որը կկարողանա հավասար պայքար մղել ուժեղագույնների հետ: Մինչև այժմ մեր հավաքականում առկա է դեռ նախորդ տարիներից ձևավորված հոգեբանական խնդիրը. այն է` անցած մրցաշրջաններում մեր աղջիկները խաղադաշտ էին դուրս գալիս միայն խոշոր հաշվով պարտությունից խուսափելու նպատակով: Այդ հանգամանքը խանգարում է, և նույնիսկ Մակեդոնիայում զգացնել էր տալիս, երբ մենք, ունենալով շոշափելի առավելություն, սկսում էինք նահանջել այն դեպքում, երբ պետք էր էլ ավելի մեծ ճնշում գործադրել մրցակցի վրա և զարգացնել հաջողությունը: Այնուամենայնիվ, ես հավատացնում եմ, որ միջազգային ասպարեզում մենք պայքարելու ենք եզրափակիչ փուլում հայտնվելու համար»,- ասաց Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը
Ավելացնենք, որ Հայաստանի կանանց ընտրանին հաղթող ճանաչվեց Նոյեմբերի 7–ից 12–ը տեղի ունեցած ընկերական միջազգային մրցաշարում: Մեր հավաքականն առավելության հասավ Էստոնիայի ու Մալթայի ազգային հավաքականների նկատմամբ, ոչ ոքի ավարտեց Մակեդոնիայի հետ հանդիպումը և վաստակելով 7 միավոր` ճանաչվեց մրցաշարի հաղթող:








