Նորություններ

-
Վարդան Մինասյան. «Ձգտելու ենք հասնել առավելագույն արդյունքի»
16.08.201316:33
Վարդան Մինասյան. «Ձգտելու ենք հասնել առավելագույն արդյունքի»
Օգոստոսի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:2 հաշվով: Ալբանիայից վերադառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց ՀՖՖ պաշտոնական կայքի հարցերին:
 
-Ինչպիսի՞ն է ընդհանուր տպավորությունը խաղից:
 
-Կարելի է ասել, որ առաջին խաղակեսը վատ չստացվեց, որովհետև տղաները հիմնականում անում էին այն, ինչ մենք իրենցից պահանջել էինք: Ուղղակի մենք չօգտագործեցինք մեր պահերը, փոխարենը իրենք կարողացան գրավել մեր դարպասը: Երկրորդ խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք, ինչի պատճառը հավանաբար նաև այն էր, որ շատ փոփոխություններ արեցինք, և խաղացողների միջև խաղակցվածությունը կորավ: Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ խաղից այդքան էլ գոհ չեմ: Բացի այդ հանդիպումը ցույց տվեց, որ որոշ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ առումով այնքան էլ պատրաստ չէին: Կամո Հովհաննիսյանը երկար ժամանակ բաց էր թողել և լավագույն մարզավիճակում չէր: Լևոն Հայրապետյանը, բնականաբար, այդքան երկար չխաղալուց հետո դեռ չի հասցրել օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել: Լավ վիճակում չէր նաև Խաչատուրովը, որը վերջին հանդիպումներում քիչ էր խաղացել: Խաղում արագությունները բարձր էին և մեր պաշտպանները շատ հաճախ չէին հասցնում, բայց մենք ուրիշ տարբերակ չունեինք, որովեհետև մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին: Ես խոսել եմ բոլոր տղաների հետ և զգուշացրել նրանց, որ մինչև Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումը պետք է ամեն ինչ անեն՝ լավ մարզավիճակում ներկայանալու համար:
 
-Ալբանիայի հավաքականը զարմացրե՞ց ինչ-որ բանով, թե՞ խաղաց այնպես, ինչպես սպասում էիք:
 
-Ալբանիան հիմնականում խաղաց այնպես, ինչպես միշտ: Ալբանացիները բավականին ագրեսիվ, արագ և պինդ թիմ ունեն, և պատահական չէ, որ այդքան բարձր տեղ են զբաղեցնում իրենց խմբում: Միակ փոփոխությունը կայանում էր նրանում, որ այս անգամ ավելի շատ էին կարճ և միջին փոխանցումները, որի պատճառը, հավանաբար, այն էր, որ առջևի գծի 2 խաղացողները փոխվել էին:
 
-Խաղից առաջ նշել էիք, որ պետք է աշխատել դիրքային գրոհների բարելավման վրա: Այդուհանդերձ, կրկին որոշակի դժվարություններ կային պաշտպանությունից գրոհ կառուցելու ժամանակ:
 
-Այո, որոշակի դժվարություններ կային: Հենց այդ պատճառով մենք երկրորդ խաղակեսում սկսեցինք կենտրոնում խաղալ 4 կիսապաշտպանով, այսինքն՝ առանց աջ կիսապաշտպանի: Խնդիրն այն է, որ ստիպված էինք փոխարինել Մարկոսին, որովհետև նա դժվարությամբ էր տեղաշարժվում խաղադաշտում: Հենց այդ պատճառով կրկին սկսեցինք ավելի շատ խաղալ եզրերով: Բնականաբար, մենք շատ տեղ ունենք աշխատելու դիրքային գրոհների բարելավման վրա, բայց դա պետք է արվի մարզումների ընթացքում, իսկ այս անգամ մեր ժամանակը շատ քիչ էր: Բացի այդ 7 խաղացողներ մեզ միացան արդեն Ալբանիայում: Որոշ դրվագներում առաջին խաղակեսում մեր խաղը վատ չէր ստացվում, կարճ փոխանցումներն անցնում էին, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց գոլ խփել: 
 
-Վարազդատ Հարոյանը անընդհատ փորձում էր երկար փոխանցումով սկսել գրոհը, բայց հաճախ սխալվում էր:  Ի՞նչն էր պատճառը:
 
-Մենք նրան կոնկրետ առաջադրանք չէինք տվել կատարել երկար փոխանցումներ, ուղղակի կապված իրավիճակի հետ՝ Հարոյանը ինքնուրույն որոշումներ էր կայացնում: Եղան նաև դեպքեր, երբ Հարոյանը կատարում էր կարճ փոխանցումներ դեպի հենակետայինները կամ եզրեր, որից հետո գրոհը շարունակություն էր ստանում:
 
-Կարողացա՞ք կատարած փոփոությունների միջոցով տեսնել այն, ինչ ուզում էիք:
 
-Հիմնականում, այո: Փոփոխությունների նպատակը տարբեր խաղացողների որոշակի դիրքերում տեսնելն էր, ինչպես նաև պաշտոնական խաղերում քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալը: Չեմ ուզում անդրադառնալ խաղացողներին առանձին-առանձին, բայց կարող եմ ասել, որ հիմնականում տեսա այն, ինչ ուզում էի:
 
-Ձեր կարծիքով կայի՞ն ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ չափով խնայում էին իրենց:
 
-Իհարկե ոչ: Ուղղակի բոլոր ֆուտբոլիստներն էլ ենթագիտակցորեն հասկանում են ընկերական և պաշտոնական խաղերի տարբերությունը: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ: Եթե դուք նայեք նույն օրը կայացած մյուս խաղերը, կտեսնեք, որ նմանատիպ խնդիրներ ունեին նաև մյուս հավաքականները: Նույն Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Պարագվայի հավաքականին: Մեզ համար առավել կարևոր է վերլուծություններ անել ու հնարավորինս լավ պատրաստվել մոտակա խաղերին:
 
-Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ թիմի վրա Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը:
 
-Մխիթարյանը թիմի առաջատարներից է և, բնականաբար, նրա բացակայությունը չէր կարող ազդեցություն չունենալ: Այս անգամ նրա դիրքում խաղում էր Մարկոսը, որը նույնպես մեր հիմնական կազմի խաղացող է, բայց, ցավոք, լավ մարզավիճակում չէր: Ֆուտբոլում մանրուքներ չկան, և եթե ֆուտբոլիստը չի խաղում իր թիմի հիմնական կազմում, դա չի կարող չանդրադառնալ նրա մարզավիճակի վրա: Եթե 11 ֆուտբոլիստներից նույնիսկ չորսը չունեն խաղային մշտական պրակտիկա, դա անպայման ազդում է ընդհանուր թիմի վրա: Իսկ, օրինակ, Գևորգ Ղազարյանի մոտ հակառակ պատկերն է: Նա վերջին շրջանում խաղում է շատ խիտ գրաֆիկով, այդ պատճառով նրա մոտ նկատվում էր որոշակի հոգնածություն: Մինչև սեպտեմբերի 6-ը՝ Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը, 3 տուր կա և մեր ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն օպտիմալ մարզավիճակում լինելու համար:
 
-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Արասի՝ անընդհատ կենտրոն տեղախոխվելը:
 
-Մենք Արասին որոշակի ազատություն էինք տվել, քանի որ երբ նա եզրից ներս է մտնում՝ տեղափոխվելով կենտրոն, կարողանում է սրություն ստեղծել: Իսկ ընդհանրապես, ես չեմ դադարի կրկնել, որ սխեմաների առկայությունը ժամանակակից ֆուտբոլում պայմանական է: Հատկապես հարձակման գիծը պետք է լինի ճկուն, որպեսզի կարողանա անակնկալի բերել մրցակցին:
 
-Ի՞նչ խնդիրներ է դրված հավաքականի առջև վերջին 4 խաղերից առաջ:
 
-Մենք արդեն ապացուցել ենք, որ ունենք լավ թիմ, որը կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Մեկ անգամ արդեն ասել եմ, կարող եմ նորից կրկնել, որ մեզ պակասում է միայն կայունությունը: Բայց մենք կորցնելու ոչինչ չունենք, այնպես որ ձգտելու ենք յուրաքանչյուր խաղում հասնել առավելագույն արդյունքի:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0