Հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՖՖ հերթական՝ 16-րդ ժողովը, որի ընթացքում ներկայացվել է նախորդ՝ 2017 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացված աշխատանքների, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունները: Ժողովի օրակարգում էր նաեւ կազմակերպչական հարցեր: Տեղեկացնում ենք, որ ժողովից առաջ չմասնակցելու, բոյկոտելու պահանջներով մեծ ճնշումներ են գործադրվել ժողովի մասնակիցների, պատվիրակների վրա եւ չնայած այս հանգամանքին ժողովը կայացել է պահպանելով օրինականության, ՀՖՖ կանոնադրության բոլոր պահանջները: Ընդ որում այն եղել է առավելագույնս թափանցիկ: Ժողովի ընթացքը լուսաբանել են 20-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, եղել է ուղիղ հեռարձակում, ժողովի ընթացքին հետևել են 25-ից ավելի հրավիրյալներ՝ այդ թվում նաև ՈւԵՖԱ-ից:
Ժողովի ողջ ընթացքում ներկա ինչպես պատվիրակների, այնպես էլ վերը նշված լրագրողների և հրավիրյալների կողմից որևէ առարկություն, դիտողություն և անհամաձայնություն չի նկատվել:
Ավելին, եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ ինչ-որ քվեարկության մասնակցել են 17 պատվիրակներ, այլ ոչ բոլոր գրանցվածները՝ ապա կրկին անգամ որոշումն օրինական է, քանի որ որոշումները ժողովում ընդունվում են ժողովի գրանցված պատվիրակների պարզ մեծամասնությամբ (50%+1):
Եվ անգամ այս պայմաններում որոշ պատվիրված լրատվամիջոցներ փորձում են կասկածի տակ դնել Ժողովի օրինականությունը, իսկ ՀՖՖ որոշ անդամների և նրանց պատվիրակների նկատմամբ փորձում են ճնշումներ գործադրել, ինչի մասին ՀՖՖ-ն ստիպված է տեղեկացնել ինչպես ՖԻՖԱ-ին, այնպես էլ ՈւԵՖԱ-ին: