Նորություններ

-
Սանտի Դենիա. «Հայաստան անունը ֆուտբոլային աշխարհում օրեցօր ավելի շատ է հնչում»
13.05.201916:00
Սանտի Դենիա. «Հայաստան անունը ֆուտբոլային աշխարհում օրեցօր ավելի շատ է հնչում»

ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է Մ-19 Եվրո-2019-ի մասնակից հավաքականների գլխավոր մարզիչների հետ հարցազրույցների շարքը: Երևանյան առաջնությանը ամենատիտղոսակիր հավաքականին՝ Իսպանիայի Մ-19 ընտրանուն նախապատրաստող Սանտի Դենիան պատանիներին մարզելու հարուստ փորձունի։ Մարզել է նաև Մ-17 հավաքականը։ Որպես ֆուտբոլիստ հայրենիքում նվաճել է չեմպիոնի կոչումն ու գավաթը։ Նրա ֆուտբոլային կրթությունն անմիջական կապ ունի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անվան հետ։

-Իսպանիայի հավաքականը միևնույն ընտրական խմբում ընդգրկվել էր Հոլանդիայի ընտրանու հետ, որը նույնպես բավական ուժեղ է։ Ո՞րն էր եզրափակիչ դուրս գալու գրավականը։

-Մի քանի տարի Իսպանիան, ցավոք, չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը, բայց միշտ ձգտել է լավ արդյունքներ ունենալ ։ Այսպիսով, չեմ կարծում, թե շատ ենք տարբերվում մյուս թիմերից։ Մեր ֆուտբոլիստներն օժտված են նաև մարդկային լավ հատկանիշներով։ Գիտենք՝ բոլոր թիմերն էլ լավ են խաղում և ցանկանում են նվաճել չեմպիոնի կոչումը։ Պետք է թիմը մրցունակ դարձնենք, որ մշտապես ձգտի մնալ ամենաբարձր մակարդակում։ Այդ նպատակով խրախուսում ենք ոչ միայն սպորտային, այլև մարդկային հատկանիշները։ 

-Իսպանիայի՝ տարիքային խմբերի հավաքականները պարբերաբար ֆավորիտ են համարվել։ Իսպանիայի ընտրանիներն ընդհանուր խաղաոճ ունեն։ Լրացուցիչ ինչպիսի՞ առանձնահատկություն ունի Ձեր գլխավորած հավաքականը։   

-Ճիշտ է՝ երկար տարիներ հաստատուն խաղաոճ ունենք։ Ոճային խաղը սահմանում ու ներդնում ենք տարիքային տարբեր խմբերում։ Ուժեղ ենք գնդակ ստանալիս ճիշտ «բացվելու» ժամանակ, փորձում ենք նախաձեռնող ֆուտբոլ խաղալ և միավորել խաղի բոլոր բաղադրիչները։ Չեմպիոնի կոչմանը միտվել կարելի է միայն լավ պաշտպանվելու, հարձակվելու և լավ ու արագ անցումների դեպքում, ստանդարտ դիրքերի լավ ու բազմազան խաղարկումների պարագայում։ Այս ամենը մեզ հաջողվում է, որովհետև մեծ նշանակություն ենք տալիս մարդկային գործոնին, թիմով ընտանիք դառնալուն։      

-Ո՞ր թիմերին եք ֆավորիտ համարում երևանյան առաջնությունում։

-Հատկապես Մ-19 տարիքային խմբի մրցաշարում, որին 8 թիմ է մասնակցում, բոլորն էլ հաղթելու հնարավորություն ունեն։ Ուզում եմ ընդգծել՝ խաղերի ելքը վճռվելու է դետալների միջոցով։

-Խինես Մելենդեսը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Ի՞նչ կպատմեք համատեղ հուշերից։ Եթե Հայաստանն ու Իսպանիան միևնույն խմբում հայտնվեն, այս հանգամանքը կարո՞ղ է օգնել Հայաստանի ընտրանուն։

-Ինձ համար հաճելի է խոսել Խինեսի մասին, որի դերն իմ կյանքում շատ կարևոր է։ Նրան ճանաչում եմ այն ժամանակից, երբ «Ալբասետեում» իմ ուսուցիչն էր։ Հետո գնացի խաղալու «Ալբասետեի» ակադեմիայում, որտեղ մարզիչը և կառուցվածքի համակարգողը Խինեսն էր։Նա ինձ սովորեցրեց ֆուտբոլ խաղալ, բայց նաև նրանից սերտեցի կյանքի արժեքները։ Հետո մեր ճանապարհները խաչվեցին Իսպանիայի ֆեդերացիայում։ Այստեղ 8 տարի միասին անցկացրինք, դա նոր հնարավորություն էր նրանից սովորելու համար։ Խինեսը կարող է օգնել Հայաստանի ընտրանուն Իսպանիայի դեմ հնարավոր խաղից առաջ։ Անկասկած, այն մարդկանցից է, որ մեզ լավագույն կերպով է ճանաչում։ Իսպանիայի՝ տարիքային խմբերի հավաքականների կրթության ակունքներում է Խինեսը. մեր մասին նրա իմացությունը շատ կարևոր է Հայաստան-Իսպանիա հնարավոր հանդիպման համար։

- Ի՞նչ կպատմեք Հայաստանի մասին։ Երևան այցելությունից ի՞նչ սպասելիքներ ունեք։

- Հայաստան անունը ֆուտբոլային աշխարհում օրեցօր ավելի շատ է հնչում։ Պատճառը ոչ միայն արտերկրի լիգաներում Հենրիխ Մխիթարյանի ու մյուսների հաջող խաղն է։ Հայկական ֆուտբոլը զարգանալու է նաև ֆուտբոլային կրթությանը պատշաճ ուշադրություն դարձնելու շնորհիվ։ Երկիրը, որտեղ ջանքեր են գործադրում պատանեկան ֆուտբոլի համար, արդյունք է ունենում։ Հայաստան այցելելու առիթ դեռ չեմ ունեցել, բայց հիմա սպասումով եմ լցված, ամռանը կհանդիպենք։

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0