Նորություններ

-
Ռուբեն Նազարեթյան.«Ֆուտզալի հավաքականում երբեք այսպիսի մրցակցություն չի եղել»
08.11.201917:10
Ռուբեն Նազարեթյան.«Ֆուտզալի հավաքականում երբեք այսպիսի մրցակցություն չի եղել»

Նոյեմբերի 7-ին կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվեց B խմբում: Մեր թիմը կմրցի մրցաշարի կազմակերպիչ երկրի՝ Բելգիայի, ինչպես նաև Չեռնոգորիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները, ամփոփել անցնող տարին և խոսել ապագա ծրագրերից:

 

- Պարոն Նազարեթյան, 2019-ը բավականին հագեցած էր հայկական ֆուտզալի համար: Ինչպիսի՞ն է անցնող տարվա Ձեր գնահատականը:

- 2019-ը անհաջող սկսեցինք. չստացվեց հաղթահարել որակավորման առաջին փուլը։ Առաջին հանդիպումը Շվեդիայի հավաքականի դեմ մեզ համար շատ անհաջող դասավորվեց բոլոր առումներով․ նախ մեր առանցքային խաղացողներից մեկը 7-րդ րոպեին վնասվածք ստացավ և լքեց դաշտը, ինչը լիովին խառնեց մեր ծրագրերը: Բացի այդ, մարզական բախտն էլ երես էր թեքել մեզնից։ Շվեդիայի խաղից հետո արդեն անչափ բարդ էր վերականգնվել և նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը, քանի որ շատ լավ գիտակցում էինք, թե ինչ կարևոր խաղում էինք պարտվել։ Այնուհետև մրցեցինք Բելգիայի ընտրանու հետ, որը նույնպես շատ ուժեղ հավաքական է։ Այդ խաղում նույնպես պարտություն կրեցինք, որից հետո ոչինչ չորոշող խաղում հաղթեցինք Մալթայի հավաքականին։

- Դրանից հետո եղան մի շարք ընկերական հանդիպումներ: Որքանո՞վ դրանք ծառայեցին իրենց նպատակին:

Ասեմ, որ գոհ եմ ինչպես ընկերական հանդիպումների քանակից, այնպես էլ մրցակիցների մակարդակից և մեր թիմի ցույց տված խաղից: Ռումինիայի՝ բավականին ուժեղ հավաքականին պարտվեցինք 2 խաղում էլ, բայց դրանից հետո կարողացանք արդեն մրցակցի հարկի տակ հաղթել Իտալիայի հավաքականին: Այս խաղերը շատ կարևոր էին փորձ հավաքելու տեսանկյունից և ոգևորեցին մեզ ավելի լավ արդյունքներ ունենալու համար: Հոկտեմբերի մրցեցինք Մալթայի հետ: Այս խաղերի ընթացքում կարողացանք փորձարկել այն, ինչ նախատեսել էինք: Ես տեսնում եմ այն առաջընթացը, որին ձգտում էինք:

 - Անցնող տարվա ընթացքում ֆուտզալի հավաքականը աննախադեպ քանակի համալրումներ ունեցավ: Ի՞նչ հույսեր եք կապում նրանց հետ:

- Նորեկներից ոչ մեկը դեռ չի ապահովել իր տեղը հավաքականում: Նույնիսկ թիմի հնաբնակների համար տեղը հավաքականում երաշխավորված չէ: Բոլորն էլ դեռ պետք է ապացուցեն, որ արժանի են լինել մեր ազգային թիմում: Սա միմիայն դրական երևույթ է, քանի որ հիմա ֆուտզալի հավաքականում լուրջ մրցակցություն կա: Կարելի է ասել, որ երբեք այպիսի մրցակություն չի եղել: Եթե նախկինում, ունեինք 14-15 ֆուտզալիստ, որոնցից ընտրում էինք 13-ին, ապա հիմա ունենք 20-ից ավել թեկնածու: Ընտրություն անելը որքան բարդացել է, այնքան էլ հաճելի է դարձել, քանի որ քանակն իր հետ բերում է նաև որակ: ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի հետ հսկայական աշխատանք ենք կատարել՝ ընտրելով հայազգի խաղացողներ ամբողջ աշխարհից: Եթե այս տղաների անձնագրային հարցերն արագ լուծվեն, նրանցից շատերը շուտով մեծ օգուտ կտան հավաքականին:

 - Ինչպե՞ս եք գնահատում վիճակահանության արդյունքները:

- Եթե հաշվի առնենք, որ առաջին զամբյուղից մեզ բաժին հասավ ուժով երկրորդ հավաքականը՝ Բելգիան, ապա կարող էլ և ավելի լավ լինել: Շոտլանդիան և Չեռնոգորիան նույնպես նվեր չեն, բայց քանի որ մեր առջև խնդիր ենք դրել հաղթահարել որակավորման փուլը, մեզ համար նշանակություն չունի, թե որ թիմերն են մեր մրցակիցները: Մենք գնալու ենք Բելգիա՝ հաջորդ փուլ դուրս գալու հստակ տրամադրվածությամբ:

- Ինչպե՞ս եք պատրաստվելու հունվարին մեկնարկելիք մրցաշարին:

- Նախատեսում ենք ընկերական մրցաշարի մասնակցել Խորվաթիայում, կկազմակերպվի մրցաշար նաև Հայաստանում, իսկ արդեն հունվարի սկզբին՝ Ամանորից անմիջապես հետո, կսկսենք մարզական հավաքը ֆուտբոլի ակադեմիայում:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0