Մարզչական ՊՐՈ դասընթաց

2012 թվականին ՈՒԵՖԱ-ն հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ծրագիրը, ինչը չափազանց մեծ հաջողություն էր:

 

Սա նշանակում էր, որ ՈՒԵՖԱ-ն բարձր էր գնահատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարդկային ռեսուրսները, ենթակառուցվածքների հնարավորությունները, աշխատակազմի պրոֆեսիոնալ հմտությունները և բազմաթիվ այլ գործոններ:

 

ՊՐՈ արտոնագիրը ՈՒԵՖԱ-ի մարզչական որակավորման բարձրագույն կատեգորիան է, որը իրավունք է տալիս արտոնագրված մարզչին զբաղվել մարզչական գործունեությամբ ՈՒԵՖԱ-ի անդամ ցանկացած երկրում:

 

Դասընթացը մեկնարկեց 2012 թվականի մայիսին, իսկ առաջին մասնակիցներն էին Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը: Դասընթացի համակարգողը ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Ֆլեմմինգ Սերրիցլևն է:

 

ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքում մասնակիցներն այցելեցին եվրոպական մի շարք երկրներ, տեղում դիտեցին ֆուտբոլային հանդիպումներ, կատարեցին մասնագիտական վերլուծություններ, ծանոթացան ֆուտբոլային ենթակառուցվածքներին:

 

2012 թվականի հունիսին դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան մեկնելու Լեհաստան, որտեղ ներկա գտնվեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Մարզիչներն ուսումնասիրեցին Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Չեխիայի և Իտալիայի հավաքականների հանդիպումները:

 

Հաջորդ ուղևորությունը տեղի ունեցավ 2013 թ. ապրիլի 22-ից 29-ը:  Հայ մարզիչները մեկնեցին Գերմանիա, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու «Բայեր 04» Լեվերկուզեն և «Բորուսիա» Մյունխենգլադբախ ակումբների ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցան թիմերի տեխնիկական տնօրենների, գլխավոր մարզիչների, ֆուտբոլի ակադեմիաների ղեկավարության հետ, ծանոթացան թիմերի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև դիտեցին Գերմանիայի 2-րդ և 1-ին Բունդեսլիգաների «Դույսբուրգ»-«Քյոլն», «Քյոլն»-«Մյունխեն-1860», «Բայեր»-«Վերդեր» հանդիպումները, որոնց մասին հետագայում ներկայացվեցին վերլուծություններ:

 

2013 թ. մայիսի 13-ից 16-ը ՊՐՈ արտոնագրի դասընթացներին ներգրավված մարզիչները Շվեյցարիայի Նիոն քաղաքում մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի «Student Exchange Programme»-ի դասընթացին: Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան անցկացնել գործնական մարզումներ, ինչպես նաև ծանոթանալ այնպիսի թեմաների հետ, ինչպիսիք են ճգնաժամային իրավիճակների կառավարումը, մտավոր ուժը, ինքնակատարելագործման մեթոդները,  ԶԼՄ-ների հետ շփումը և այլն:

 

Մասնակիցները հնարավորություն ունեցան հետևելու այնպիսի հայտնի փորձագետների դասախոսություններին, ինչպիսիք էին Հովարդ Ուիլկինսոնը, Նիկո Ռոմեյնը, Պիտեր Ռուդբակը, Ժակ Կրոուվազիեն և այլոք:

 

ՊՐՈ արտոնագրի դասընթացների մեջ մտնում են ոչ միայն մեր մարզիչների այցելությունները եվրոպական երկրներ, այլև եվրոպական մասնագետների այցելությունները Հայաստան:

 

Այդ մասնագետներից էր, մասնավորապես, Ֆուտբոլային կառավարման և էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլը, ով 2012 թ. օգոստոսին այցելեց Երևան: Իր ելույթի ընթացքում Համիլը հանգամանորեն անդրադարձավ անգլիական և ամերիկյան ֆուտբոլի կառավարման մոդելներին: Նա ընդգծեց ֆուտբոլի դիտարկումը որպես հսկայական տնտեսություն և ֆուտբոլի կառավարման ժամանակակից մոդելները, որոնք գնալով ավելի մեծ կարևորություն են ստանում ֆուտբոլում:

 

Հայաստան այցելած մասնագետներից շատ արժեքավոր էին ՖԻՖԱ-ի հրահանգիչ, դարպասապահների մարզիչ, սլովակ մասնագետ Ալեքս Վենցելի տեսական և գործնական պարապմունքները, ով Հայաստան այցելեց 2012 թ. դեկտեմբերին:

 

2013 թ. ապրիլին մի քանի օրով Երևան ժամանեց գերմանացի հանրահայտ մարզիչ Էրիխ Ռուտեմյոլլերը, ով 1996 թ. եղել է Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնականը, իսկ ներկայումս ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ է: Այցելության նպատակը Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներին, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարներին ծանոթանալն էր, ինչպես նաեւ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքին հետևելը: Դասախոսություների ընթացքում գերմանացի մասնագետն անդրադարձավ ժամանակակից ֆուտբոլի հիմնական տենդենցներին, ինչպես նաև Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի մասնակից հավաքականների օրինակով ցույց տվեց, թե ինչպես են թիմերը կառուցում իրենց պաշտպանությունը, հարձակումը, ինչպես է կատարվում արագ անցումը պաշտպանությունից հարձակում և հակառակը:

 

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի շրջանակներում Հայաստան այցելեցին նաև այնպիսի հանրահայտ մասնագետներ, ինչպիսիք են Անդրեաս Մորիսբակը, Յեսպեր Անդերսենը, Սիգմունդ Ապոլդ-Աասենը, Բեռնդ Շտոբերը և այլն:

 

Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպորտային հոգեբանությունը և բժշկությունը: Եղան բազմաթիվ դասախոսություններ, որոնց հիմնական թեմաներն էին տաղանդի բացահայտումը ֆուտբոլում, ակումբներում խաղացողների զարգացման երկարաժամկետ ծրագրերը, սելեկցիոն աշխատանքի, հոգեբանական մթնոլորտի, առողջական համակարգի կարևորությունը, ֆուտբոլային մենեջմենթի և ակումբային աշխատանքների կազմակերպման տեսակետից կարևոր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գրասենյակի կազմակերպումը, հաղորդակցություն, բարոյականություն և էթիկա, ԶԼՄ-ների հետ հարաբերություններ, հռետորական արվեստ և մտավոր ունակություններ:

 

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը մոտեցավ ավարտին: 2013թ. նոյեմբերի 11-ին մեկնարկեց ՊՐՈ արտոնագրի մասնակիցների քննաշրջանը, որն ավարտվեց նոյեմբերի 25-ին: ՊՐՈ դիպլոմները մասնակիցներին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: 

 

 

2015 թ. հոկտեմբերի 15-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի երկրորդ դասընթացը, որին այս անգամ մասնակցում էին Ա արտոնագիր ունեցող 13 մարզիչներ՝ Արթուր Պետրոսյանը Լիանա Հայրապետյանը, Արամ Ոսկանյանը, Վարուժան Սուքիասյանը, Վահե ՅաղմուրյանըԿարեն Բարսեղյանը, Սարգիս Հովսեփյանը, Արտակ Օսեյանը, Անդրանիկ Զանազանյանը, Արթուր Ոսկանյանը, Ֆելիքս Խոջոյանը, Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը:  Դասընթացը ղեկավարում էր բելգիացի Մարկ Լելևրը: Դասընթացների ընթացքում հայաստանյան պարապմունքներին զուգահեռ մարզիչները հնարավորություն ունեցան կատարել նաև երկու ուսուցողական այցելություն՝ Դորտմունդ և Մոնպելյե: ՊՐՈ արտոնագրի երկրորդ դասընթացի մասնակիցներն ստացան իրենց արտոնագրերը 2016 թ. հոկտեմբերին:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 13 27
2. Գանձասար-Կապան 13 20
3. Շիրակ 13 19
4. Բանանց 13 18
5. Փյունիկ 12 11
6. Արարատ 12 6