Armenian football history

Հայկական ֆուտբոլի սկզբնավորումը   

Ֆուտբոլը Հայաստանում սկզբնավորվել է 20-րդ դարի քսանական թվականներին, իսկ դարասկզբին, Արեվմտյան Հայաստանում`Կոստանտինապոլսում, Իզմիրում կազմավորվում են ֆուտբոլային թիմեր («Տորք », «Արաքս»,  «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ», «Համազասպ» և այլն), որոնք մրցում են թուրքական ակումբների եվ գերմանական ու անգլիական ռազմանավերի նավաստիների հետ: Այդ տարիներին էլ գրանցվում են առաջին հաջողությունները: 1911 թվականին «Հայաստանը» դառնում է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած ֆուտբոլի մրցաշարի հաղթող, իսկ 1913 թվականին ուսումնական հաստատությունների առաջնությունում առաջին տեղը գրավում է Այնթափի քոլեջի «Կիլիկիա» թիմը:

Հայաստանում ևս կազմավորվում են թիմեր («Նաիրի», «Պրոմկոոպերացիա», «Պիշչեվիկ»,  «Դինամո», «Կարմիր դրոշ», «Արարատ», «Ստրոիտել» և այլն), որոնք ընկերական հանդիպումներ են անցկացնում միմյանց հետ:

1923 թվականին Հայաստանում ստեղծված ֆիզկուլտուրայի եվ սպորտի գործերի կոմիտեն իր գործունեության առաջին իսկ օրերից ձեռնամուխ է լինում հանրապետությունում ֆուտբոլի զարգացման գործին: Այդ տարիներին իրենց ֆուտբոլային թիմերն են հիմնադրում մարզական ընկերությունները, արտադրական ձեռնարկությունները: 1925 թվականի հոկտեմբերին Հայաստանում ստեղծված «Դինամո» ընկերությունն առաջին իսկ օրերից ձեռնարկում է համանուն ֆուտբոլային թիմի ստեղծումը:

Հայկական ֆուտբոլի զարգացման գործում շրջադարձային եղավ 1924 թվականը, երբ հոկտեմբերի 13-ին Բաթումի նավահանգստում խարիսխ գցեց «Չիչերին» շոգենավը, որով մայր Հայաստան էին վերադառնում թուրքական եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականները: Այդ օրը Բաթումի խաղադաշտում կայացավ ֆուտբոլային մի յուրօրինակ հանդիպում, որի արդյունքն իսկական անակնկալ էր խաղը դիտած հանդիսականների համար: Հայ գաղթականներից կազմավորված թիմը 2-1 հաշվով հաղթեց այն տարիներին Անդրկովկասում ուժեղագույնների թվին դասվող Բաթումի դինամոյականներին: Այդ խաղում իրենց վարպետությամբ հատկապես աչքի ընկան Սարգիս Ամիրխանյանն ու Սահակ Աճեմյանը: Հայաստան վերադառնալով, Սարգիսը բնակություն հաստատեց Երեվանում` յուրացնելով խառատի մասնագիտությունը, միաժամանակ իր ընկերների հետ 1925թ. ստեղծեց «Նաիրի» թիմը: Հաջորդ տարի կայացած Համահայկական Սպարտակիադայի ֆուտբոլի մրցաշարում «Նաիրին» դարձավ հաղթող` եզրափակիչ 1-0 հաշվով պարտության մատնելով Գյումրիի մանկատան թիմին: Նույն տարում «Նաիրին» Հայաստանը ներկայացրեց Անդրկովկասի առաջին Սպարտակիադայում: Առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 2-1 հաշվով հաղթեցին Ադրբեջանի թիմին, որը մինչ այդ պարտության էր մատնել Վրաստանի ուժեղ թիմին: Հենց վրաց ֆուտբոլիստների հետ հանդիպումն էլ պետք է վճռեր Սպարտակիադայի հաղթողի հարցը: Իհարկե, մեր երիտասարդ, դեռևս անփորձ ֆուտբոլիստների համար չափազանց դժվար էր մրցել Վրաստանի փորձառու թիմի հետ, ուստի պարտությունը (2-6) այնքան էլ դառնություն չպատճառեց «Նաիրիի» խաղացողներին: Հատկանշական մեկ փաստ: Վրաստանի հետ խաղից առաջ մեր ֆուտբոլիստները շնորհավորում էին միմյանց. առաջին անգամ նրանք խաղադաշտ էին դուրս եկել ֆուտբոլային խաղակոշիկներով, ինչը մեծ իրադարձություն էր նրանց համար: Այդ տարիներին ֆուտբոլային մարզահագուստ ճարելը մեծ դժվարությունների հետ էր կապված, նույնիսկ գնդակներ չկային: Սակայն կար համընդհանուր ոգևորություն, ֆուտբոլը հանրապետությունում արմատավորելու եվ զարգացնելու բուռն ձգտում:

20-ական թվականներին ֆուտբոլային թիմեր ստեղծվեցին նաև հանրապետության այլ քաղաքներում ու շրջաններում: Ավանդական դարձավ Երեվանի և Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրին) թիմերի միջև ընկերական հանդիպումների անցկացումը: Այն ժամանակ թիմերը դեռևս մարզիչներ չունեին եվ ֆուտբոլիստներն ինքնուրույն էին մարզվում, թիմերի տակտիկական ձեռագրի մասին խոսք լինել չէր կարող: Սակայն արդեն 20-ական թվականներին Սարգիս Ամիրխանյանը, Սահակ Աճեմյանը, Թորգոմ Խաչատրյանը, Լեվոն Գեվորգյանը, իսկ մի փոքր ավելի ուշ Սուրեն Աթանեսյանը, Շաբո Մերանգուլյանը, Պարույր Հարոյանն Անդրկովկասում հայտնի ֆուտբոլիստների համբավ ունեին:

Պահպանվել են արխիվային մի շարք փաստաթղթեր 1926թ. կայացած ընկերական հանդիպումների մասին: Դրանցից մեկը կայացել է նոյեմբերի 7-ին, Երեվանի ֆիզկուլտուրայի հրապարակում: Հայաստանի և Երեվանի հավաքականների կազմում խաղում էին Թ. Սարգսյանը, Ս. Քեչեջյանը, Ս. Ամիրխանյանը, Գ. Բդոյանը, Լ. Գեվորգյանը, Պ. Բարսամյանը, Ա. Խեցյանը, Աշ. Ալեքսանյանը, Տ. Գրիգորյանը, Ա. Ալեքսանյանը, Թ. Տչաբեն:

Երեվանի հավաքականում հանդես էին գալիս Ա. Հեյնարյանը, Ա. Օհանյանը, Կ. Մուսայելյանը, Ս. Աթանեսյանը, Ս. Մանուկյանը, Վ. Թոփուզյանը, Շ. Մերանգուլյանն ու Ս. Քելմանյանը: Այդ խաղն ավարտվել է 1-0 հաշվով հօգուտ Հայաստանի հավաքականի:

Այդ տարիներին Սարգիս Ամիրխանյանի, Սահակ Աճեմյանի կողքին ի հայտ եկան նոր, խոստումնալից ֆուտբոլիստներ:

Ավելի հաճախակի էին հիշատակվում Զ. Չարխչյանի, Ա. և Վ. Չարչօղլյանների, Հ. Սարգսյանի, Պ. Պետոյանի, Ա. Ալեքսանյանի, Ա. Ալանակյանի, Ս. Աբաջյանի, Բ. Հայկյանի, Ղ. Թեքնեջյանի, Վ. Կակոսյանի, Կ. Փսարոսի, Ա. Բայբուրթյանի, Հ. Անդրեասյանի և այլոց ազգանունները, որոնք ֆուտբոլային լավ ավանդույթների առաջին սերմնացանները դարձան:

Հայկական ֆուտբոլի առաջին միջազգային փորձը

Հայկական ֆուտբոլի տարեգրությունում հատկապես հիշարժան է 1930 թվականը: Մայիսին Երևանի հավաքականն ընդունեց Մոսկվայի ուժեղ թիմին և խաղն ավարտեց ոչ ոքի (0-0), իսկ սեպտեմբերի 21-ին կայացավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ միջազգային առաջին հանդիպումը: Մեր ֆուտբոլիստների հյուրն էր Գերմանիայի բանվորական միության ֆուտբոլի հավաքականը: Միջազգային առաջին հանդիպումը նշանակալից իրադարձություն էր Հայաստանի մարզական կյանքում եվ մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Նույնիսկ այդ հանդիպման առթիվ հատուկ հուշամեդալ էր պատրաստվել:

Մինչ Երեվան ժամանելը գերմանական թիմը մի շարք հանդիպումներ էր անցկացրել Սմոլենսկում, Տամբովում, Վորոնեժում, Մինսկում, Մոսկվայում, Բաքվում և Թբիլիսիում ու բավական լավ արդյունքի էր հասել (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն): Գերմանական թիմը Երևան ժամանեց Թբիլիսիիցª խաղի նախօրեին: Երևանի Ֆիզկուլտուրայի խորհրդի ֆուտբոլի խաղադաշտում (ներկայիս  «Սպարտակ» մարզադաշտը) մեծ բազմություն էր հավաքվել` 3 հազար հանդիսատես: Այդպիսի «հավաք» Երևանը դեռ չեր տեսել: Հանդիպումից առաջ տեղի ունեցավ այն տարիներին բնորոշ հայ-գերմանական բարեկամության թռուցիկ միտինգ: Հայ բարեկամների մաղթանքներին պատասխանեց գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրից Սպիցը: Այնուհետև ժամը 17.30-ին մրցավար Վռամշապուհ Մերանգուլյանը ազդարարեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ միջազգային առաջին հանդիպման սկիզբը: Այդ իրոք պատմական խաղում Հայաստանի հավաքականի կազմն այսպիսին էր. Թորգոմ Սարգսյան, Ցոլակ Մարտիրոսյան, Սեպուհ Քեչեջյան, Սարգիս Ամիրխանյան, Կոստյա Բեգլարյան, Լեվոն Գեվորգյան, Սերոբ Վարդանյան, Պետիկ Պետոյան, Սահակ Աճեմյան, Պարույր Ձարոյան, Աշոտ Ալեքսանյան:

Հանդիպումը սկսվեց գերմանացի ֆուտբոլիստների գրոհներով եվ արդեն 5-րդ րոպեին Ախմունկը բացեց հաշիվը: 3 րոպե անց հյուրերի գրոհը նոր հաջողությամբ պսակվեց: Այս անգամ աչքի ընկավ գերմանացիների կենտրոնական հարձակվող Շրոյզերը: Նման անհաջող խաղասկզբից հետո հայ ֆուտբոլիստներն աստիճանաբար ուշքի եկան, վերագտան իրենց խաղը: 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ձախ եզրային հարձակվող Պարույր Հարոյանը մոտ 20մ հեռավորությունից խոցեց մրցակցի դարպասը` կրճատելով հաշվի տարբերությունը: Սակայն առաջին խաղակեսի ավարտին Շրոյզերը 3-րդ անգամ գրավեց մեր հավաքականի դարպասը: Թեև ընդմիջումից հետո հայ ֆուտբոլիստները դիմեցին վճռական գործողությունների, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց ճեղքել մրցակցի պաշտպանությունը: Լավ խաղով աչքի ընկան գերմանացի ֆուտբոլիստներ Գրանսլերն ու Ռանգոն, որոնք հաջողությամբ չեզոքացնում էին մեր ֆուտբոլիստների սպառնալիքները: Խաղն այդպես էլ ավարտվեց Գերմանիայի բանվորական միության հավաքականի հաղթանակով`3-1:

Այդ պարտությունը ստիպեց լրջորեն վերանայել ուսումնամարզական աշխատանքների դրվածքը, ֆուտբոլի զարգացման նոր ուղիներ փնտրել: Հատկանշական է, որ այդ տարի Հայաստանում առաջին անգամ լույս տեսավ ֆուտբոլի կանոնների վերաբերյալ հայերեն լեզվով գրքույկը, որը ռուսերենից թարգմանել էր սպորտի մեծ սիրահար Լ. Աթայանը: Ճիշտ է` տպաքանակը շատ փոքր էր` ընդամենը 30 հատ, բայց փաստն ուշագրավ էր: Հանրապետությունում այդ իրոք համաժողովրդական խաղի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին է վկայում այն փաստը, որ հաջորդ գրքույկը` Միխայիլ Ռոմի «Ինչ պետք է գիտենա սկսնակ ֆուտբոլիստը», արդեն լույս տեսավ 3000 տպաքանակով:

Երկու տարի անց` 1932թ. մեր ֆուտբոլիստները պատրաստվում էին արտասահմանյան իրենց առաջին մրցաշրջագայությանը Հունաստան: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել էին Սուրեն Աթանեսյանը, Սահակ Աճեմյանը, Արամ Աճեմյանը, Սարգիս Ամիրխանյանը, Չապլին Մարտիրոսյանը, Պետիկ Պետոյանը, Ցոլակ Գեվորգյանը, Գեզո Մարտիրոսյանը, Գուրգեն Սարգսյանը, Կոստանտին Փսարոսը,Գուրգեն Գրիգորյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ալեքսեյ Վոլոխովն ու Վռամշապուհ Մերանգուլյանը: Սակայն, չնայած նախապատրաստական լուրջ աշխատանքին, ուղևորությունն այդպես էլ չկայացավ:

«Դինամո» մարզադաշտի բացումը 

1931թ. «Դինամո» մարզական ընկերությունը Երևանում ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու հարցով դիմեց Հայաստանի Ժողկոմխորհին, որի որոշմամբ «Դինամո» մարզադաշտի (ներկայիս «Հանրապետական»  մարզադաշտը) շինարարության համար քաղխորհուրդը Երևանի կենտրոնում 16 հա տարածք հատկացրեց: Մարզադաշտի շինարարական հիմնական աշխատանքներն սկսվեցին 1933թ. և արդեն 2 տարի անց խաղադաշտը շահագործման հանձվեց: 1935թ. հունիսին «Դինամո» մարզադաշտի բացման կապակցությամբ Երևանի «Սպարտակի» և Մոսկվայի ԿԲԿՏ-ի միջև ֆուտբոլային հանդիպում անցկացվեց: «Սպարտակը» 1-3 հաշվով զիջեց ահեղ մրցակցին: Նորաստեղծ «Սպարտակում» հիմնականում 18-19 տարեկան պատանիներ էին հանդես գալիս: Թիմի ստեղծումը պայմանավորված էր 1935թվականին Հայաստանում «Սպարտակ» մարզական ընկերության հիմնադրումով: Ընկերության նախագահ Սուրեն Աթանեսյանը, որն ավարտել էր Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի ինստիտուտը և ժամանակին ֆուտբոլիստ էր եղել, իր գործունեության առաջին իսկ օրերից ձեռնարկեց «Սպարտակ» ֆուտբոլային թիմի հիմնադրումը: Թիմը կազմավորվեց «Պրոմկոոպերացիայի» բազայի վրա, որը մարզում էր Վռամշապուհ Մերանգուլյանը: «Դինամո» ընկերությունում ևս մեծ ուշադրություն էր դարձվում ֆուտբոլի զարգացմանը: Բացի «Դինամոյից», որն արդեն զգալի մրցակցային փորձ ուներ, գործում էր նաև մանկապատանեկան խումբ, 1935թ. հոկտեմբերին Երևանում հյուրընկալվեց Մոսկվայի «Դինամոն»: Երևանի և Մոսկվայի դինամոյականների առաջին հանդիպումը 3-1 հաշվով շահեցին հյուրերը, իսկ 2-րդ խաղում գրանցվեց ոչ-ոքի (3-3): Այդ տարի «Սպարտակը» , «Դինամոն», «Ստրոիտելը» մի շարք ընկերական հանդիպումներ անցկացրին Խորհրդային Միության մի շարք թիմերի («Դինամո» Լենինգրադ, «Կրասնայա Զարյա», «Սերպ ի մոլոտ», «Դինամո» Կիև, «Տեմպ» Բաքու և այլն) հետ:

Հայկական ֆուտբոլը ԽՍՀՄ-ում

1935թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում նշանակալից էր նրանով, որ առաջին անգամ Երեւանի հավաքականը մասնակցեց ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությանը (մինչև 1936թ. համամիութենական առաջնություններն անցկացվում էին քաղաքների հավաքականների միջեւ): Մեր ֆուտբոլիստները հանդես եկան 2-րդ խմբի 8-րդ ենթախմբում, որտեղ նրանց մրցակիցներն էին Պյատիգորսկի, Կրասնոդարի և Մախաչկալայի թիմերը: Խաղերը կայացան Պյատիգորսկում, հունիսի 26-30-ը: Կրասնոդարի թիմի հետ մեկնարկային խաղում Երևանի հավաքականի կազմն այսպիսին էր. Ալեքսանդր Զավգորոդնի, Սարգիս Ամիրխանյան, Կոստանտին Փսարոս, Կոնստանտին Մելիք-Օսիպով, Հայկ Անդրեասյան, Սերոբ Վարդանյան, Պարույր Հարոյան, Արամ Աճեմյան, Ալեքսեյ Վոլոխով, Պետիկ Պետոյան, Կոնստանտին Բեգլարյան: Խաղն անցավ բավական անհաշտ և կոպիտ պայքարում, որի հետևանքով մրցավարը դաշտից հեռացրեց մրցակից թիմերի երկուական ֆուտբոլիստի: Կրասնոդարցիները խաղը շահում էին 2-0 հաշվով, սակայն Աճեմյանի և Պետոյանի հարվածներից հետո հաշիվը հավասարվեց (2-2): Երկու օր անց երևանցիները մրցեցին դաշտի տերերի հետ, որոնք այն տարիներին ուժեղագույնների թվին էին դասվում: Չնայած Պետոյանի խփած 2 գոլերին, մեր թիմը պարտվեց 2-4 հաշվով: Վերջին խաղում 4-1 հաշվով հաղթելով Մախաչկալայի թիմին` երևանցիները ենթախմբում գրավեցին 2-րդ տեղը:

1936թ. անցկացվեց ֆուտբոլի Հայաստանի անդրանիկ առաջնությունը, ինչը նշանակալից իրադարձություն էր հանրապետության ֆուտբոլային կյանքում: Վեց թիմերի մրցավեճում Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանացավ Երեւանի «Դինամոն»: 2-րդ տեղը գրավեց «Սպարտակը», մրցանակային 3-րդ տեղում «Ստրոիտելն» էր:

Նույն տարում կայացավ նաև ֆուտբոլի Խորհրդային Միության անդրանիկ առաջնությունն ակումբային թիմերի միջև, ինչպես նաև առաջին անգամ խաղարկվեց ԽՍՀՄ բյուրեղապակյա գավաթը: Գավաթի մրցաշարին` բացի վարպետ թիմերից ու մարզական ընկերությունների ակումբներից, կարող էին մասնակցել նաև ֆիզկուլտուրային կոլեկտիվների ֆուտբոլային թիմերը: Ահա հենց այդ իրավունքից էլ օգտվեցին Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի սպորտի սիրահարները` ներկայացնելով գավաթի մրցաշարի մասնակցության հայտ: Կոմբինատի ֆուտբոլային թիմը մրցակցային որոշակի փորձ ուներ: Թիմը մասնակցել էր գունավոր մետալուրգիայի նախարարության ֆուտբոլի առաջնության եզրափակիչ մրցումներին: Վիճակահանությամբ ալավերդցիները գավաթի խաղարկման 1/4 եզրափակիչում հուլիսի 18-ին Բաթումում ուժերը չափեցին տեղի դինամոյականների հետ, որոնք աչքի էին ընկնում իրենց տեխնիկական պատրաստվածությամբ և շատ հաջող էին հանդես գալիս սեփական հարկի տակ:

Հիշատակենք այն ֆուտբոլիստներին, ովքեր հայկական ֆուտբոլն առաջինը ներկայացրին ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում: Թիմի դարպասը պաշտպանում էր Աշոտ Իսրայելյանը, պաշտպանությունում հանդես էին գալիս նրա եղբայրը` թիմի ավագ Ռուբեն Իսրայելյանը, Միհրան Մխիթարյանը, Ալեքսան Ավթանդիլյանը, Սուրեն Պողոսյանը, կիսապաշտպանությունում եւ հարձակման գծում խաղում էին Ցոլակ Մարտիրոսյանը, Լեւոն Մխիթարյանը, Գեորգի Ռուսովը, Կարապետ Փլավչյանը, Մաթեւոս Կարապետյանը և Ստեփան Պետրոսյանը:

Խաղն անցավ դինամոյականների բացահայտ առավելությամբ, որոնք խաղավարտից 10 րոպե առաջ առջևում էին 7-0 հաշվով: 80-րդ րոպեին հայ ֆուտբոլիստներին վերջապես հաջողվեց կտրուկ հակագրոհ կազմակերպել եւ Գեորգի Ռուսովը, որն ի դեպ հետագայում հայտնի մրցավար դարձավ, ուժգին հարվածով խփեց միակ պատասխան գնդակը: Հետաքրքրական է, որ այդ հանդիպումից որոշ ժամանակ անց Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի գործերի կոմիտեն իր որոշումներից մեկում անդրադարձել է ալավերդցիների ելույթին եւ խստորեն զգուշացրել կոմբինատի ղեկավարությանը: Պարզվում է, որ Գավաթի խաղարկությանը մասնակցելու հայտը թիմը ներկայացրել էր առանց կոմիտեին տեղյակ պահելու: Պարզ էր, որ նման որոշման պատճառն ալավերդցի ֆուտբոլիստների խիստ անհաջող ելույթն էր գավաթի մրցաշարում:

Ինչևէ, համամիութենական մրցասպարեզ առաջին քայլն արդեն արված էր և հասունացել էր ԽՍՀՄ առաջնություններին հայկական թիմերի մասնակցության հարցը: Այդ հարցի կապակցությամբ Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի գործերի կոմիտեի 1936 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 4 որոշման մեջ նշվում էր. «Կոմիտեն գտնում է, որ մարզական ընկերությունների և արտադրական ձեռնարկությունների 6 թիմերի միջև անցկացված հանրապետության առաջնությունը դրսևորեց մասնակից թիմերի վարպետության զգալի աճ, որն առաջին անգամ կազմակերպված ուսումնամարզական հավաքների արդյունք է: Անցկացված առաջնությունը հնարավորություն է տալիս արդեն 1937 թվականի գարնանը միութենական կոմիտեի առաջ հարց բարձրացնել Հայաստանի լավագույն թիմերի ԽՍՀՄ առաջնությանը մասնակցելու մասին: Այս կապակցությամբ կոմիտեն որոշում է.

1. Անհրաժեշտ համարել Հայաստանի լավագույն թիմերին («Դինամո», «Սպարտակ», «Ստրոիտել») ներկայացնել ԽՍՀՄ 1937 թվականի առաջնությանը մասնակցելու համար:

2. Այս հարցը փոխադրել ԽՍՀՄ ֆիզկուլտուրայի և սպորտի գործերի կոմիտե:

Այս հարցով ֆիզկուլտուրայի և սպորտի գործերի միութենական կոմիտեին 1937 թվականի մայիսի 15-ին հղած հեռագրում նշվում էր. «Հաշվի առնելով, որ Երևանի «Դինամո»  եւ «Սպարտակ» թիմերը հանդիսանում են հանրապետության ուժեղագույն ֆուտբոլային կոլեկտիվներ, երկրի մի շարք ուժեղագույն թիմերի հետ հանդիպումներում վատ արդյունքների չեն հասել, իսկ գլխավորը` իրենց խաղամակարդակով չեն զիջում համամիութենական առաջնության մասնակից թիմերին, կոմիտեն խնդրում է այս ակումբներին ընդգրկել 1937 թվականի համամիութենական առաջնության մասնակիցների շարքը»:

Որոշ ժամանակ անց ստացվեց ուրախալի պատասխան. Երևանի «Սպարտակն» ընդգրկվել էր երկրի առաջնության «Գ», իսկ «Դինամոն»`«Դ» խմբում: Այսպես հայկական թիմերը «ոտք դրեցին» մեծ ֆուտբոլի շեմին: Այդ լուրը մեծ ոգեւորություն էր առաջացրել թե ֆուտբոլիստների, թե ֆուտբոլասերների շրջանում:

Հայկական ֆուտբոլի նորամուտը ԽՍՀՄ ֆուտբոլային մրցաշարերում

Համամիութենական ասպարեզ դուրս գալը նշանակալի իրադարձություն էր, ուստի «Դինամո» եւ «Սպարտակ» ընկերությունների ջանքերով առաջին անգամ թիմերն ուսումնամարզական հավաք անցկացրին, որի ընթացքում նաեւ մի շարք ընկերական հանդիպումներ կայացան: Թիմերի կազմն ուժեղացնելու նպատակով Երեւան հրավիրվեցին մի քանի հայտնի ֆուտբոլիստներ (Վիկտոր Բերեժնոյ, Վալենտին Բեխտենև, Վիկտոր Օվչարենկո և այլն):

Մինչ առաջնության մեկնարկը կայացավ հայկական թիմերի նորամուտը ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում: Բյուրեղապակյա գավաթը վիճարկող 126 թիմերի թվում էին Երեւանի «Ստրոիտելը», «Դինամոն» ու «Սպարտակը»: «Ստրոիտելը» սեփական հարկի տակ 1-5 հաշվով զիջեց Բաքվի «Տեմպին» և դուրս մնաց հետագա պայքարից: Անհաջող էր նաև «Դինամոյի» և «Սպարտակը» նորամուտը: «Դինամոն» մայիսի 24-ին Բաքվում հյուրընկալվեց «Նեֆթյանիկին», որն ընդգրկված էր «Գ» խմբում: Պաշտոնական առաջին խաղում «Դինամոն» հանդես եկավ հետևյալ կազմով.  Ալեքսանդր Զավգորոդնի, Բագրատ Հունանյան, Վիկտոր Բոյկո, Կոնստանտին Մելիք-Օսիպով, Միխայիլ Բուտնիկ, Ցոլակ Մարտիրոսյան, Անուշավան Ստեփանյան, Վիկտոր Բերեժնոյ,Վալենտին Բեխտենև (թիմի ավագ), Բագրատ Հայկյան, Գուրգեն Գրիգորյան:

Համառ ու անզիջում պայքարում անցած խաղի ելքը վճռեց 27-րդ րոպեին բաքվեցի Շտիրլինի խփած միակ գնդակը: Մեկ շաբաթ անց` մայիսի 31-ին Թբիլիսիի Բերիայի անվան «Դինամո» մարզադաշտում տեղի դինամոյականների հետ խաղում գավաթային իր նորամուտը նշեց նաև Երեւանի «Սպարտակը», որը հանդես եկավ հետևյալ կազմով.  Ղազարոս Թեքնեջյան, Բաղդասար Մովսիսյան, Սմբատ Աբաջյան, Գրիգոր Եթերյան, Ավետիս Ղազարյան, Մանուկ Մինասյան, (Վարդան Վարդանյան, 46), Պողոս Բուռնազյան, Արամ Աճեմյան, Սուրեն Աթանեսյան (թիմի ավագ), Պարույր Հարոյան, Նազար Հովսեփյան:

Իհարկե, սպարտակցիների համար չափազանց դժվար էր հավասար պայքար մղել փորձառու Թբիլիսիի դինամոյականների հետ, որոնք մրցակցային զգալի փորձ ունեին: Բավական է նշել, որ Թբիլիսիի «Դինամոն» 1936 թվականի ԽՍՀՄ աշնանային առաջնության 3-րդ մրցանակակիրն էր: Թիմի կազմում արդեն աչքի էին ընկնում Գրիգորի Գագուան, Բորիս Պայճաձեն, Միխայիլ և Վլադիմիր Բերձենիշվիլի եղբայրները, որոնք հետագայում ճանաչված ֆուտբոլիստներ դարձան:

Խաղասկիզբը խոստումնալից էր երևանցիների համար: Առաջին խաղակեսում նրանք ավելի հաճախակի էին գրոհում և դրանցից մեկը 30-րդ րոպեին դիպուկ հարվածով եզրափակեց Պարույր Հարոյանը: 10 րոպե անց Միխայիլ Բերձենիշվիլին վերականգնեց հավասարակշռությունը: Ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Բորիս Պայճաձեն զգալիորեն ուժեղացրեց թբիլիսցիների հարձակողական գործողությունները: Հենց նա էլ 60-րդ րոպեին առաջ մղեց «Դինամոյին», իսկ մինչեւ խաղավերջ Գավաշելին և Սոմովը հաշիվը դարձրին 4-1:

Երկրի «Գ» խմբի առաջնության մեկնարկը տրվեց հուլիսին: Երեւանի «Սպարտակը» պաշտոնական իր առաջին հանդիպումն անցկացրեց հուլիսի 18-ին Տաշքենդում, տեղի դինամոյականների հետ: Նորամուտն անհաջող անցավ: Դաշտի տերերը 5 անպատասխան գնդակ անցկացրին երևանցիների դարպասը: Այդ թվում «Սպարտակը» հանդես եկավ հետևյալ կազմով. Ղազարոս Թեքնեջյան, Սմբատ Աբաջյան, Բաղգասար Մովսիսյան, Գրիգոր Եթերյան, Ավետիս Ղազարյան, Մանուկ Մինասյան, Հակոբ Հակոբյան, Երվանդ Թադեւոսյան, Իվան Ցապկո, Պարույր Հարոյան, Պողոս Բուռնազյան:Հետագա հանդիպումներում եւս սպարտակցիներն անհաջողության մատնվեցին (ԿԲՏ Սմոլենսկª «0-5», Ավանգարդի «Կռիլյա Սովետով» Մոսկվա` 1-6, §Ավանգարդ¦ Լենինգրադ` 1-2): Հուլիսի 30-ին Մոսկվայում «Կռիլյա Սովետովի» հետ խաղում «Սպարտակը» բացեց գոլերի հաշիվը ԽՍՀՄ առաջնություններում: Անդրանիկ գոլի հեղինակ դարձավ Հակոբ Հակոբյանը:

Երեւանում առաջին խաղը պետք է կայանար օգոստոսի 13-ին: Այդ օրը «Սպարտակը»  սեփական հարկի տակ պետք է հյուրընկալեր Գորկու «Տորպեդոյին»: Ներկայիս «Սպարտակ» մարզադաշտում մեծ բազմություն էր հավաքվել: Բոլորը սպասում էին սպարտակցիների ելույթին: Սակայն պարզվեց, որ «Սպարտակը» օգոստոսի 5-ին Լենինգրադում «Ավանգարդի» հետ մրցախաղից հետո դեռեւս Երեւան չէր ժամանել: Թիմին պարտություն գրանցվեց, իսկ հանդիսականներն ականատես եղան Երեւանի «Ստրոիտելի» եվ Գորկու «Տորպեդոյի» ընկերական հանդիպմանը, որում հաղթանակ տոնեցին հյուրերը (4-2): Իսկ «Սպարտակի» անդրանիկ ելույթին հայ ֆուտբոլասերներն ականատես եղան օգոստոսի 18-ին Ստալինգրադի «Տրակտորի» հետ մրցավեճում, որում դաշտի տերերը պարտվեցին 1- 4 հաշվով:

12 թիմերի մրցավեճում Երեւանի  «Սպարտակը»  եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Անցկացրած 11 հանդիպումներում սպարտակցիները միայն մեկ խաղում հասան ոչ-ոքի արդյունքի («Ստալ» Դնեպրոպետրովսկ` 2-2), մնացած խաղերում պարտվեցին: «Սպարտակը» մրցակցի դարպասը խփեց 6 գնդակ, սեփականն ընդունեց 31-ը: Թիմի կազմում հանդես եկած ֆուտբոլիստների ցուցանիշներն այսպիսին են.

Թիմը մարզում էր ազգությամբ հույն Կոնստանտին Փսարոսը, որը հրավիրվել էր Բաթումից եւ մինչ այդ հանդես էր եկել «Սպարտակի» պաշտպանական գծում: Լավ ֆուտբոլիստի համբավ էին վայելում թիմի ավագ` պաշտպան Սմբատ Աբաջյանը, դարպասապահ Ղազարոս Թեքնեջյանը, ով գլխավորում էր թիմի կոմերիտական կազմակերպությունը:

Երեւանի «Դինամոյի»  նորամուտը երկրի  «Դ» խմբի առաջնությունում ավելի հաջող էր: 11 թիմերի մրցավեճում դինամոյականները գրավեցին պատվավոր 3-րդ տեղը: Անցկացրած 10 հանդիպումներում «Դինամոն» տոնեց 6 հաղթանակ, 1 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն: Խփած եվ բաց թողած գնդակների տարբերությունը` 19-15: «Դինամոն» իր նորամուտը հաղթանակով նշեց` օգոստոսի 13-ին Կիեվում 2-1 հաշվով պարտության մատնելով տեղի «Սպարտակին»: Այդ խաղում «Դինամոն» հանդես եկավ հետեւյալ կազմով. Վիկտոր Օվչարենկո, Դմիտրի Բոբրիշ, Վիկտոր Բոյկո, Կոնստանտին Մելիք-Օսիպով, Միխայիլ Բուտնիկ, Ցոլակ Մարտիրոսյան, Անուշավան Ստեփանյան, Վիկտոր Բերեժնոյ, Վալենտին Բեխտենեվ, Բագրատ Հայկյան, Գուրգեն Գրիգորյան:

Երկրի առաջնություններում դինամոյականների խփած անդրանիկ գոլի հեղինակը Բագրատ Հայկյանն էր: 2-րդ գնդակը կիեւցիների դարպասն անցկացրեց Վիկտոր Բերեժնոյը: Հայ մարզասերները «Դինամոյի»  խաղին առաջին անգամ ականատես եղան սեպտեմբերի 6-ին: Այդ օրը դինամոյականները հյուրընկալել էին Վորոնեժի իրենց ակումբակիցներին, որոնց զիջեցին 2- 4 հաշվով:

Մրցաշրջան 37-ում «Դինամոյի»  ֆուտբոլիստների ցուցանիշներն այսպիսին էին.

Թիմը մարզում էր Վռամշապուհ Մերանգուլյանը:

Մեր ֆուտբոլիստների նորամուտը մեծ ֆուտբոլում չի կարելի հաջող համարել: Ասենք բարձր նվաճումներ ոչ ոք չէր էլակնկալում: Բոլորն էլ հասկանում էին, որ երիտասարդ ֆուտբոլիստներին դժվար էր մրցակցել փորձառու մի շարք թիմերի հետ, որոնք թե տակտիկապես, թե տեխնիկապես գերազանցում էին նրանց: Մեր թիմերի մոտ դեռ եւս չէր ձեւավորվել սեփական տակտիկական ձեռագիր, ֆուտբոլիստների մոտ զգացվում էր վարպետության պակասը: Ճիշտ է, այսամենը նրանք ձգտում էին փոխհատուցել իրենց եռանդով ու աշխատասիրությամբ, սակայն միայն էնտուզիազմի հաշվին դժվար էր հաջողության հասնել:

Սակայն համամիութենական ասպարեզում հանդես գալը զգալի նշանակություն ունեցավ մեր հանրապետությունում ֆուտբոլի հետագա զարգացման համար: Այն հնարավորություն տվեց մրցակցել միության ուժեղագույն կոլեկտիվների հետ, մրցակցային զգալի փորձ ձեռքբերել, վերհանել այն թերությունները, որոնց վերացման վրա անհրաժեշտ էր աշխատել: Միխոսքով, հարկավոր էր նոր մոտեցում ֆուտբոլի հանդեպ: Ճիշտէ, ֆուտբոլիստների այդ սերնդին չհաջողվեց հայկական ֆուտբոլը ստորոտներից հասցնել համամիութենական ֆուտբոլի բարձունքները, սակայն նրանք լավ ավանդույթների առաջին սերմնացանները դարձան: Նրանք առաջինն էին, որ հայկական ֆուտբոլը ներկայացրին միութենական մրցասպարեզում:

Հայկական ֆուտբոլի առաջին հաջողությունները

1938թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի Ժողկոմխորհին առընթեր ֆիզկուլտուրայի եւ սպորտի գործերի կոմիտեի նախագահ Զ. Մարտիրոսյանի հրամանով «Սպարտակի»բազայի վրա կազմավորվեց վարպետների առաջին թիմը: Այդ լուրը մեծ ոգեվորություն էր առաջացրել մարզական ընկերություններում, որոնք իրենց առաջատար ֆուտբոլիստներին գործուղեցին «Սպարտակ»: Մասնավորապես, Երեվանի «Դինամոյից» «Սպարտակ» տեղափոխվեց Բագրատ Հայկյանը, Խարկովի «Սպարտակից» հրավիրվեց դարպասապահ Վասիլի Դեվլյաշովը, Մոսկվայի «Լոկոմոտիվից» Երեւան վերադարձավ Հայկ Անդրեասյանը, Մոսկվայի «Ստալինեցից»` Գեորգի Բոգդանովը, Դնեպրոպետրովսկի «Ստալից»` Նիկոլայ Կլեցկինը:

1938թ. ԽՍՀՄ առաջնությունն անցկացվեց միայն մեկ խմբով: «Ա» խմբի 26 թիմերի մեջ տեղ չգտնվեց Երեվանի «Սպարտակի» համար, որն այդ տարի Հայաստանի 3-րդ առաջնությունում առաջին անգամ հռչակվեց չեմպիոն: Հենց մեր հանրապետության չեմպիոնն էլ 1939թ. հանդես եկավ երկրի առաջնության «Բ» խմբում, որը բավական ուժեղ կազմ էր հավաքել: Բավական է նշել Մոսկվայի «Կռիլյա Սովետովին», Թբիլիսիի «Լոկոմոտիվին», Լենինգրադի «Սպարտակին», Խարկովի «Դինամոյին», Ռոստովի դինամոյականներին եվ այլն:

Ընդհանուր առմամբ Երեւանի «Սպարտակի» նորամուտը «Բ» խմբում վատ չանցավ: 23 թիմերի մրցավեճում  «Սպարտակը» գրավեց 14-րդ տեղը: Անցկացրած 22 հանդիպումներից 9-ում երեւանցիները հաղթեցին, 3-ն ավարտեցին ոչ-ոքի, 10-ում պարտվեցին: Խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունն է 26-33: Մեկնարկն անհաջող էր մեր ֆուտբոլիստների համար: Առաջին երկու խաղերում սեփական հարկի տակ զիջելով Կիեւի «Լոկոմոտիվին» (0-2) եվ Մոսկվայի «Պիշչեվիկին» (0-3), «Սպարտակը» 3-րդ տուրում` մայիսի 24-ին Երեւանում 2-1 հաշվով հաղթեց Մինսկի իր ակումբակիցներին: Անդրանիկ գոլի հեղինակն Ալեքսանդր Ոլոխովն էր, որը հանդես էր գալիս հարձակման կենտրոնում եւ 8 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկու: Հետագա հանդիպումներում սպարտակցիներն ավելի վստահ հանդես եկան: Հիշատակության են արժանի 3-րդ մրցանակակիր Ռոստովի դինամոյականների հետ արտագնա հանդիպումը, որն ավարտվեց «Սպարտակի» համար պատվաբեր ոչ-ոքի (2-2) արդյունքով, հյուրընկալվելիս Բաթումի «Դինամոյի» (1-0), Լենինգրադում տեղի «Սպարտակի» (2-1) եվ  «Զենիթի»(1-0) նկատմամբ տոնած հաղթանակները, ինչպես նաեվ սեփական հարկի տակ Մոսկվայի «Բուրեւեստնիկի՚, Կազանի «Դինամոյի», Դնեպրոպետրովսկի «Ստալի» հետ մրցախաղերը, որոնցում սպարտակցիները միեւնույն 3-0 հաշվով պարտության մատնեցին մրցակիցներին: Այդ հանդիպումները վկայեցին, որ հայ ֆուտբոլիստների մոտ զգալի առաջընթաց է նկատվում, նրանք բավական մեծ ներուժ ունեն եվ եռանդի ու աշխատասիրության հետ մեկտեղ նաեւ ոչ պակաս վարպետություն են դրսեւորում: Այնպես որ կարելի է փաստել, որ «Սպարտակը»հանձնեց առաջին լուրջ քննությունը: Թիմի ֆուտբոլիստներից ոմանց խաղն արժանացավ մասնագետների բարձր գնահատականին: Պաշտպանության կենտրոնում առանձնանում էր Վազգեն Կակոսյանը, ում խաղընկերները սիրով Գագաս էին անվանում: Բարձրահասակ, ֆիզիկական լավ տվյալներ ունեցող այս ֆուտբոլիստը կոլեկտիվում բոլորի սիրելին էր իր կատակասեր ու ուրախ բնավորությամբ: Խաղադաշտում նա աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ, անսպառ եռանդով, լավ էր տիրապետում գլխով խաղին, որի շնորհիվ հաճախակի հաղթող էր դուրս գալիս օդային մենամարտում: Միջին օղակում խաղը կազմակերպելու հմտությամբ աչքի էին ընկնում Գեւորգ Աբրահամյանն ու Հայկ Անդրեասյանը: Վերջինս արդեն բավական հմուտ ֆուտբոլիստ էր: Ֆուտբոլային իր առաջին քայլերը նա կատարել էր Բաքվի «Դինամոյում»: 1935թ. Երեւանի հավաքականի կազմում Հայկ Անդրեասյանը մասնակցել էր ԽՍՀՄ առաջնությանը, իսկ հաջորդ տարի եղբոր` Գեորգի Անդրեասյանի հետ Երեվանի «Դինամոյի» կազմում 22-ամյա ֆուտբոլիստը նվաճել էր Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Հաջորդ երկու մրցաշրջաններում Հայկ Անդրեասյանը հանդես եկավ ԽՍՀՄ առաջին գավաթակիր Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում, որը մասնակցում էր «Ա» խմբի առաջնությանը: Անդրեասյանն այդ տարիներին «Լոկոմոտիվի»առաջատար ֆուտբոլիստներից էր: 1937թ. նա անցկացրած 13 խաղում խփել էր 6 գնդակ եվ դարձել «Լոկոմոտիվի» լավագույն ռմբարկուն: Հաջորդ մրցաշրջանում էլ Անդրեասյանն արդյունավետ խաղ էր ցուցադրել` 18 հանդիպումներում խփելով 7 գնդակ, ինչը թիմում 3-րդ ցուցանիշն էր: Վերադառնալով Երեւան, Հայկ Անդրեասյանը «Սպարտակի» կազմում էլ աչքի ընկավ արդյունավետությամբ` 18 խաղում 7 գոլ, ինչը թիմում երկրորդ ցուցանիշն էր: Մեծ ֆուտբոլում ելույթներն ավարտելուց հետո հետագայում Հայկ Անդրեասյանը երկար տարիներ գլխավորել է Հայաստանի ֆուտբոլային թիմերը` իրեն դրսեւորելով որպես հմուտ ու բանիմաց մարզիչ: «Սպարտակի» հարձակման աջ թեւում առանձնանում էր ցածրահասակ, բայց ճարպիկ ու արագաշարժ Հակոբ Չալիկյանը, ով տիրապետում էր հնարամիտ խաբսերի ու հուժկու հարվածների` հաճախակի դժվարին կացության մեջ դնելով մրցակիցներին: 1920թ. Թուրքիայի Եմիջե գյուղում ծնված Չալիկյանը պատանության տարիներին իր վարպետ խաղով արդեն առանձնանում էր Հունաստանում հայ գաղթականներից կազմավորված թիմում: 1932թ. տեղափոխվելով Հայաստան` Չալիկյանների ընտանիքը բնակվում է Էջմիածնում, որտեղ էլ շուտով պատանի Հակոբի ջանքերով ֆուտբոլային թիմ է կազմավորվում: Չորս տարի անց տեղափոխվելով Երեւան` Չալիկյանը թիվ 17 դպրոցի թիմի կազմում մասնակցելով քաղաքի դպրոցականների Սպարտակիադային, խաղընկերների հետ գրավում է 2-րդ տեղը: Հենց այդ մրցումներում էլ պատանի Հակոբի խաղը նկատում է Ղազարոս Թեքնեջյանը եվ հրավիրում վարպետների թիմ: Սկզբում Չալիկյանը հանդես է գալիս «Դինամոյի» պատանեկան թիմում, այնուհետեվ «Պիշչեվիկում», որտեղից էլ նրան հրավիրեցին «Սպարտակ»:

Հարձակման ձախ թեւում իրեն վատ չդրսեվորեց Բագրատ Հայկյանը: «Սպարտակը» մարզում էր Սուրեն Աթանեսյանը, ով նաեւ երբեմն ֆուտբոլիստի մարզահագուստով ինքն էլ մտնում էր խաղադաշտª մասնակցելով թիմի հանդիպումներին:

Հիշարժան էին նաեւ երեւանցիների ելույթները ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում: Հանրապետությունների գավաթակիրները պայքարի ոլորտն էին ներգրավվում 1/16 եզրափակիչից: «Սպարտակը» հուլիսի 30-ին Մոսկվայում պետք է ուժերը չափեր «Բ» խմբում հանդես եկող «Բուրեւեստնիկի» հետ: «Սպարտակը» Մոսկվա ուղեւորվեց Ռոստովից, որտեղ ծանր մրցախաղ էր անցկացրել տեղի դինամոյականների հետ (2-2): Չգիտես ինչու, Երեւանից թիմին գումար չէին ուղարկել, որի պատճառով «Սպարտակը»Մոսկվայում հայտնվել էր ծանր կացության մեջ: Շտապ կարգով թիմի ժողով հրավիրվեց: Ոմանք հուսահատված մտածում էին խաղը տանուլ տալ եվ վերադառնալ Երեւան: Սակայն իրենց վճռական խոսքն ասացին թիմի ավագ Սմբատ Աբաջյանն ու Ղազարոս Թեքնեջյանը` առաջարկելով ինչպես հարկն է նախապատրաստվել հանդիպմանը եվ ձգտել հաղթանակի: Իսկ սննդի համար անհրաժեշտ գումարը հայթայթելու համար որոշվեց վաճառել պահեստային մարզազգեստը: Ինչպես վճռել էին, այնպես էլ վարվեցին: «Բուրեվեստնիկի» հետ խաղը մեծ վերելքով անցկացրին եւ հաղթեցին (2-1): Հաջորդ փուլում «Սպարտակը» դարձյալ Մոսկվայում պետք է մրցեր Վորոշիլովգրադի «Ձերժինեցի» հետ: Սակայն մրցակիցը մրցավայր չժամանեց եվ երեւանցիները մտան 1/8 եզրափակիչ, որտեղ նրանց սպասվում էր չափազանց դժվարին մրցախաղ ահեղ մրցակցի` նախորդ տարվա «Ա» խմբի առաջնության երկրորդ մրցանակակիր Կարմիր Բանակի Կենտրոնական տան թիմի (ԿԲԿՏ) հետ: Այն նշանակված էր Մոսկվայում, օգոստոսի 13-ին: Մոսկվայում գտնվելու ժամանակ թիմին մեծ աջակցություն ցույց տվեց «Սպարտակ» ընկերության կենտրոնական խորհրդի նախագահ Նիկոլայ Պետրովիչ Ստարոստինը: Նրա կարգադրությամբ երեւանցիներին ավտոբուս հատկացվեց, թիմը տեղավորվեց Տարասովկայում գտնվող Մոսկվայի «Սպարտակի» մարզաբազայում: Այստեղ երեւանցիներն ուսումնամարզական հավաք անցկացրին, նաեւ համատեղ մարզումներ անցկացրին Մոսկվայի իրենց ակումբակիցների հետ:

Խաղը մեծ հետաքրքրություն էր առաջացրել. մարզադաշտ էր եկել մոտ 10 հազար հանդիսական: Հանդիպմանը ներկա էր նաեւ Մոսկվայի «Սպարտակի» ողջ կազմը, որին հաջորդ օրը գավաթային մրցավեճ էր սպասվում իրենց համաքաղաքացիների`«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստների հետ: Խաղը բավական լարված ու համառ բնույթ կրեց: Դաշտի տերերի հարձակվողները` Գրիգորի Ֆեդոտովը, Գրինինը, Կապելկինը, Օրեխովը, Աբրամովն ամեն կերպ փորձում էին ճեղքել երեվանցիների պաշտպանությունը, սակայն վերջիններս հուսալի խաղ էին ցուցադրում: Անձնազոհ խաղ էր ցուցադրում թիմի դարպասապահ Ղազարոս Թեքնեջյանը, որը մի քանի անգամ ԿԲԿՏ-ի ֆուտբոլիստների ոտքերի առջեւից վերցրեց գնդակը: Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ: Իսկ ընդմիջմանը «Սպարտակի» հանդերձարան եկավ Ստարոստինը ու շնորհավորեց տղաներին լավ խաղի համար, խորհուրդներ տվեց, ոգեւորեց նրանց:

Երկրորդ խաղակեսում էլ պայքարի լարվածությունը չթուլացավ: Գոլ խփելու երկու հիանալի առիթ ներկայացավ Հակոբ Չալիկյանին: Նա երկու անգամ մեն մենակ հայտնվեց դարպասապահ Վենեւցեւի դիմաց: Առաջին դեպքում Չալիկյանի հարվածը դիպավ ձողին, իսկ երկրորդ անգամ դրությունը փրկեց դարպասապահը: Այո, մարզական բախտը կարծես երես էր թեքել երեւանցիներից: Իսկ ահա բանակային ֆուտբոլիստները խաղային մի դրվագում կարողացան օգտվել դարպասապահ Թեքնեջյանի եւ պաշտպան Բաղդասար Մովսիսյանի անհամաձայնեցված գործողություններից եւ 77-րդ րոպեին Օրեխովը խփեց հաղթական միակ գնդակը: Չնայած պարտությանը, «Սպարտակի» խաղը լավ տպավորություն թողեց: Խաղից հետո հանդերձարան եկան Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները, շնորհավորեցին մեր տղաներին ցուցադրած լավ խաղի համար, իսկ Նիկոլայ Ստարոստինն ի նշան երախտագիտության իր ժամացույցը նվիրեց Ղազարոս Թեքնեջյանին: Ընդհանուր առմամբ մրցաշրջան-39-ում Երեւանի «Սպարտակը» վատ հանդես չեկավ` ցուցադրելով խաղի նոր որակ: Ցավոք, 1940թ. «Սպարտակն» անկայուն ելույթներ ունեցավ: Թիմի մարզիչ Յուրի Եսենինին այդպես էլ չհաջողվեց կարգավորել սպարտակցիների խաղը: Թիմը հատկապես թույլ հանդես եկավ մրցակիցների դաշտերում: Արդյունքում «Սպարտակը» 14 թիմերի մրցավեճում եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Անցկացրած 26 հանդիպումներում թիմը տոնեց ընդամենը 4 հաղթանակ, 9 խաղ ավարտեց ոչ-ոքի, 13-ը` տանուլ տվեց: Սպարտակցիները մրցակցի դարպասը խփեցին 25 գնդակ սեփականն ընդունելով 42-ը: Թիմի կազմում թերեւս ամենաակտիվ ֆուտբոլիստը Հակոբ Չալիկյանն էր, ով դարձավ 11 գոլի հեղինակ:

Հայկական ֆուտբոլը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին

Երկրի մի շարք թիմերի հետ Երեւանի «Սպարտակն» էլ նախապատրաստվում էր 1941թ. «Բ» խմբի առաջնությանը, որը մեկնարկելու էր հուլիսին: Սակայն պատերազմը խաթարեց մարդկանց խաղաղ կյանքը, խառնեց բոլորի ծրագրերը: «Սպարտակի» ֆուտբոլիստներն էլ զինվորական համազգեստ հագան: Նրանց մի մասը մեկնեց ռազմաճակատ, մյուսները ծառայեցին թիկունքում` Անդրկոկվկասի սահմանապահ զորամասերում: Մեր ֆուտբոլիստներից շատերն աչքի ընկան նաեւ ռազմի դաշտում` արժանանալով մարզական պարգեվների: Ռազմաճակատում զոհվեց Հայաստանում ֆիզկուլտուրային շարժման երախտավորներից մեկը` «Սպարտակի» մարզիչ Սուրեն Աթանեսյանը:

Չնայած պատերազմին, ֆուտբոլային կյանքը կանգ չառավ: Ժամանակ առ ժամանակ երկրի տարբեր քաղաքներում, հատկապես Անդրկովկասում ֆուտբոլային թիմերի հանդիպումներ, մրցումներ էին անցկացվում: Դժվարին այդ տարիներին մեծ իրադարձություն էին Անդրկովկասյան հանրապետությունների Սպարտակիադաները, որոնք այլ մարզաձեվերի հետ ներառում էին նաեւ ֆուտբոլի մրցումներ: 1942թ. Անդրկովկասյան 45-րդ բանակի հրամանատար գեներալ Ռեմիզովի կարգադրությամբ անցկացվեց բանակի ֆուտբոլի առաջնություն զորամասերի թիմերի մասնակցությամբ: 89-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի կարգադրությամբ Ղազարոս Թեքնեջյանին հանձնարարվեց 10 օրում թիմ կազմավորել: Ֆուտբոլիստների հավաքագրման նպատակով Թեքնեջյանն այցելեց Քանաքեռ, Սովետաշեն, սահմանապահ զորամասեր: Քանաքեռի գնդում էր ծառայում Միխայիլ Չապլիգինը, որը մինչեւ պատերազմը հանդես էր եկել Օդեսայի ՙՍպարտակում՚` մասնակցելով ՙԱ՚ խմբի առաջնությանը: Սովետաշենից հրավիրվեց սպարտակցի Գեւորգ Աբրահամյանը: Դիվիզիայի թիմը համալրեցին նաեւ Մ. Միրզոյանը, Ն. Կուժարովը, Հ. Կարամաթազյանը, Հ. Խաչիկյանը, Ս. Եզանյանը եւ ուրիշներ: Մինչ առաջնության մեկնարկը դիվիզիայի թիմն ընկերական հանդիպումներ անցկացրեց Լենինականի եւ Երեւանի հավաքականների հետ եւ հաղթեց միեւնույն 4-0 հաշվով: Այնուհետեվ Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի գործերի կոմիտեի նախագահ Գ. Սիմոնյանի ջանքերով Երեւանում կազմակերպվեց ֆուտբոլային հանդիպում Թբիլիսիի «Դինամոյի» հետ, որի կազմում խաղում էին Դորոխովը, Գագուան, Պայճաձեն, Ջեջելավան, Բերեժնոյը, Պանյուկովը: «Դինամոյի» կազմը գրեթե լիովին պահպանվել էր, թիմի ֆուտբոլիստները ռազմաճակատ չէին մեկնել եւ շարունակում էին մարզվել, ուստի թիմը լավ մարզավիճակում էր: Խաղն ավարտվեց ոչ-ոքի (1-1), իսկ հանդիպումից ստացված 60 հազար ռուբլին փոխանցվեց ռազմաճակատի հիմնադրամին:

Բանակի առաջնությունը մեկնարկեց հուլիսին: Մրցաշարին մասնակցեց 7 թիմ: Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի թիմը գերազանց անցկացրեց ողջ մրցաշարը եւ հաղթելով բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը: Գավաթը Ղազարոս Թեքնեջյանին անձամբ հանձնեց գեներալ Ռեմիզովը: 1942թ. ամռանը Երեւանում Հայաստանի թիմը 1-0 հաշվով հաղթեց ադրբեջանական թիմին:

1942թ. օգոստոսի 3-ին հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի մարզիկներն էլ մեկնեցին ռազմաճակատ: Նրանց հետ Գրոզնի մեկնեց նաեւ Ղազարոս Թեքնեջյանը: Սակայն նրան վիճակված չէր իր մարտական ընկերների հետ մինչեվ վերջ անցնելու հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի փառահեղ, հերոսական ուղին: Շուտով Հայաստանի մարզական կազմակերպության դժվարության միջնորդությամբ եւ բանակի հրամանատար Ռեմիզովի կարգադրությամբ Թեքնեջյանը վերադառնում է թիկունք: 1943թ. աշնանը Երեւանում պետք է կայանար Անդրկովկասյան հանրապետությունների առաջին Սպարտակիադան, որի ծրագրում ընդգրկված էին մրցումներ լողից, սուսերամարտից, բասկետբոլից եւ ֆուտբոլից: Ֆուտբոլային թիմի կազմավորումը կրկին հանձնարարվեց Թեքնեջյանին: Եւ կրկին նրան հաջողվեց մարտական թիմ ստեղծել: Թբիլիսիի Սպայի Տան թիմից հրավիրվեց Հայկ Անդրեասյանը, Բաքվից` Վազգեն Կակոսյանը, Արտաշատի սահմանապահ զորամասից` նախկին ֆուտբոլիստներ ֆիլիպենկոն (Ռոստովից), Կոժուխովը (Տագանրոգից), Զաստուխովը (Կիեվից), Կալիբենկոն (Տագանրոգից): Թիմի կազմում էին նաեւ նախկին սպարտակցիներ Պարույր Քոչինյանը, Գրիգոր Եթերյանը եւ Բաղդասար Մովսիսյանը:

Ինչպես եւ սպասվում էր, Սպարտակիադայի հաղթող ճանաչվեց Վրաստանի հավաքականը, որը 2-1 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի թիմին եւ ոչ-ոքի (3-3) ավարտեց հանդիպումը մեր ֆուտբոլիստների հետ: Երկրորդ տեղում Հայաստանի թիմն էր, որը հաղթեց ադրբեջանցիներին (2-1): Սպարտակիադային որպես պատվավոր հյուրեր հրավիրվել էին ԿԲԿՏ-ի ֆուտբոլիստները, որոնք ընկերական խաղում մրցեցին Հայաստանի հավաքականի հետ: ԿԲԿՏ-ի առավելությունն ակնհայտ էր` 8-0:

1944թ. Սպարտակիադան անցկացվեց Բաքվում: Եւ կրկին մեր թիմը 2-րդն էր: Հայ ֆուտբոլիստները 1-2 հաշվով պարտվեցին մրցաշարի հաղթող Վրաստանի հավաքականին եւ հաղթեցին ադրբեջանցիներին (1-0): Հետաքրքրական է, որ մեր թիմի դարպասը պաշտպանում էր Թբիլիսիի «Դինամոյից»  հրավիրված Ալեքսանդր Դորոխովը, ով հետագայում դարձավ Երեւանի «Դինամոյի» հիմնական դարպասապահը: Այդ տարի մեր ֆուտբոլիստներն ընկերական հանդիպումներ անցկացրին Թբիլիսիի Սպայի Տան (2-0), Գորկու ՙՏորպեդոյի՚ (5-1), ԿԲԿՏ-ի (1-3), Բաքվի «Դինամոյի» (0-0) հետ: Հատկապես հիշարժան էր Մոսկվայի «Դինամոյի» ժամանումը Երեւան: Ճանաչված մարզիչ Միխայիլ Յակուշինի գլխավորությամբ թիմում հանդես էին գալիս Միխայիլ Սեմիչաստնին, Վլադիմիր Կարցեվը, Կոնստանտին Բեսկովը, Սերգեյ Սոլովյովը եւ ուրիշ ճանաչված ֆուտբոլիստներ: Օրինաչափ էր, որ խաղն ավարտվեց փորձառու մոսկվացիների հաղթանակով (4-0):

1945թ. Անդրկովկասյան հանրապետությունների Սպարտակիադան անցկացվեց Թբիլիսիում եւ կրկին ավարտվեց վրաց ֆուտբոլիստների հաղթանակով: Մեր թիմը կրկին հանգրվանեց 2-րդ տեղում` հաղթելով Ադրբեջանի հավաքականին (2-0) եվ զիջելով վրաց ֆուտբոլիստներին:

 Հայկական ֆուտբոլը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո երկրի մարզադաշտերում կրկին վերսկսվեցին ֆուտբոլային «ճակատամարտերը»: «Կարմիր Սպորտի» մայիսի 1-ի համարում առաջին հաղորդագրությունը տպագրվեց առաջնության անցկացման վերաբերյալ: Առաջին խմբի մրցումները մեկնարկելու էին մայիսի 13-ին, իսկ երկրորդ խմբի մրցաշարը, որում ընդգրկված էր Երեւանի «Դինամոն», սկսվելու էր հունիսի 3-ին: Այդ օրը Երեւանի «Դինամո» մարզադաշտում մեր ֆուտբոլիստները մրցեցին Բաքվի իրենց ակումբակիցների հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի (1-1): Հաշիվը բացեց բաքվեցիների հարձակվող Արտյոմ Մարգարովը (Էդուարդ Մարգարովի հայրը): Պատասխան գնդակը խփեց Հայկ Անդրեասյանը: «Դինամոն»  միայն 5-րդ տուրում իր անդրանիկ հաղթանակը տոնեցª 2-0 հաշվով պարտության մատնելով Օդեսայի «Պիշչեվիկին»: Կրկին զգացնել տվեց մրցակիցների դաշտերում պայքարելու մեր ֆուտբոլիստների անկարողությունը: 1945թ. առաջնությունում դինամոյականնեերը 17 հանդիպումներում տոնեցին 5 հաղթանակ, 4 խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 8 պարտություն, խփած եվ բաց թողած գնդակների 24-31 տարբերությամբ 18 թիմերի մրցավեճում զբաղեցրին 12-րդ տեղը:

Իհարկե պատերազմը, երկարատեւ ընդմիջումը չէր կարող ազդեցություն չունենալ երեւանցիների մրցելույթների վրա:

Առաջին խաղերում ցուցադրելով խաղային ոչ վատ որակներ, ընդհանուր առմամբ երեւանցիների խաղը դեռեւս հեռու էր հասուն լինելուց: Ետպատերազմյան առաջին առաջնությունում թիմի դարպասը պաշտպանում էին Ղազարոս Թեքնեջյանն ու Ալեքսանդր Դորոխովը, պաշտպանությունում խաղում էին Վազգեն Կակոսյանը, Աշոտ Խաչատրյանը, Ստավրո Կապիդին, Գենադի Պիլիպենկոն, կիսապաշտպանական օղակը կազմում էին Գրիգոր Եթերյանը, Հակոբ Հակոբյանը, Սերգեյ Զաստուխովը, Հայկ Անդրեասյանը, հարձակման գծում հանդես էին գալիս Հակոբ Դուրգարյանը, Անդրանիկ Վարդանյանը, Ալեքսեյ Մինջիան, Բագրատ Հայկյանը եվ Համազասպ Մխոյանը: Թիմը մարզում էր Վիկտոր Անդրեեւը:

Նախորդ մրցաշրջանում Երեվանի «Դինամոյի» անկայուն ելույթները ստիպեցին ավելի լրջորեն զբաղվել թիմի կազմի համալրման, առաջնության հանդիպումներին ֆուտբոլիստների նախապատրաստության հարցերով: «Դինամոն» մարզելու հրավիրվեց ֆուտբոլի հմուտ մասնագետ Միխայիլ Սուշկովը: Նա թիմ հրավիրեց երիտասարդ ֆուտբոլիստներ Աշոտ Խաչատրյանին, Ռաֆիկ Քոչարյանին, Գրիգորի Տանտիբային, Գեորգի Գոխաձեին, Նիկոլայ Բոգատելոյին, ովքեր նախապատրաստական փուլում իրենց վատ չդրսեվորեցին: Սակայն նրանց բախտ չվիճակվեց ամրապնդվել հիմնական կազմում: Իսկ հիմնական ծանրությունն իրենց ուսերին տարան «Դինամոյի» վետերանները, որոնք զգալի մրցակցային փորձ ունեին: Եթե «Դինամոն» պատերազմից հետո արդեն բավական փորձված ու կազմակերպված կոլեկտիվ էր, ապա «Սպարտակը» որոշ ընդմիջումից հետո կազմավորման փուլում էր: Այդ գործը հանձնարարվեց թիմի ավագ Ղազարոս Թեքնեջյանին, որը նման փորձ արդեն ուներ: Տարեվերջին Թեքնեջյանը մեկնեց Բաքու եվ Նոր տարին դիմավորեց Արտյոմ Մարգարովի տանը: Նպատակը վերջինիս եվ Բաքվի «Դինամոյի» մի քանի այլ խաղացողների Երեւան հրավիրելն էր: Բանակցությունները հաջող ընթացան եվ արդեն հունվարին Երեւան ժամանեցին Արտյոմ Մարգարովը, Արտաշես Ամիրջանովը, Վասիլի Դեվլյաշովը (նա 1939-40թթ. արդեն խաղացել էր Երեւանի «Սպարտակում»), Վլադիմիր Խանաֆերյանը, Աշոտ Աբրամովը (վերջինս մասնակցելով 3 խաղի, կրկին վերադարձավ Բաքու): Նրանք տեղավորվեցին «Սեվան» հյուրանոցում: Բանակից զորացրվելուց հետո կրկին հարազատ կոլեկտիվ` «Սպարտակ» էր վերադարձել Հակոբ Չալիկյանը:

Նախապատրաստվելով նոր մրցաշարին, ապրիլի 12-ին«Սպարտակ» մարզադաշտում դինամոյականներն ու սպարտակցիներն ընկերական հանդիպում անցկացրին: «Սպարտակը» գերազանցեց «Դինամոյին» հաղթելով 3-1 հաշվով: Հատկապես իրենց գերազանց դրսեւորեցին սպարտակցիներ Հակոբ Չալիկյանը, Արտյոմ Մարգարովն ու Արտաշես Ամիրջանովը, ինչն էլ կանխորոշեց նրանց հետագա ճակատագիրը: Հաջորդ օրը «Սպարտակ» մարզական ընկերության նախագահ Վազգեն Թաշչյանին, թիմի ավագ եվ մարզչի պարտականությունները կատարող Ղազարոս Թեքնեջյանին հրավիրեցին Հայաստանի Մինիստրների խորհուրդ: Հանդիպմանը ներկա էին Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Չարչօղլյանը, ներքին գործերի փոխնախարար Զախարյանը, ֆիզկուլտուրայի եվ սպորտի գործերի կոմիտեի ղեկավարությունը: Տեղեկացվեց, որ «Դինամոյի» կազմն ուժեղացնելու նպատակով առաջարկություն կա Չալիկյանին, Մարգարովին, Ամիրջանովին տեղափոխել «Դինամո»: Հետաքրքրական է, որ երբ «Սպարտակ» ընկերության նախագահ Թաշչյանը փորձել էր առարկել, անմիջապես տրվել էր նրան աշխատանքից ազատելու հրամանը: Սա շատ բնորոշ էր այն տարիների համար: Ընդհանրապես առանց լուրջ հիմնավորումների ֆուտբոլիստների տեղափոխությունները թիմից թիմ, նրանց ազատելը, նոր խաղացողների հրավիրումը սովորական երեւույթ էր դարձել եվ դա չէր կարող չանդրադառնալ թիմի մրցելույթների վրա: Թեեւ վերջին որոշումն ընդհանուր առմամբ տրամաբանական էր, քանի որ«Դինամոն» հանդես էր գալու ավելի բարձր` 2-րդ խմբում, իսկ «Սպարտակը» մասնակցելու էր 3-րդ խմբի մրցաշարին: Ի դեպ, 3-րդ խմբի մրցաշարին մասնակցեց նաեւ Լենինականի «Դինամոն»: 13 թիմերի մրցավեճում «Դինամոն» 10-րդն էր: Թիմը տարավ 9 հաղթանակ, նույնքան պարտվեց, 6 խաղ ավարտեց ոչ-ոքի: Խփած եվ բաց թողած գնդակների տարբերությունն էր 33-29:

Ողջ մրցաշրջանում դարպասը պաշտպանեց Վասիլի Դեվլյաշովը: Լինելով բարձրահասակ` նա հատկապես լավ էր որսում բարձրից եկող գնդակները: Սակայն այն ժամանակ դարպասապահները որպես կանոն դարպասային հրապարակից դուրս չէին գալիս, ինչն էլ հաճախակի տուգանային հրապարակից փոխված գոլերի պատճառ էր դառնում:

Պաշտպանությունում հիմնականում խաղում էին փորձառու ֆուտբոլիստներ Հայկ Անդրեասյանը, Վազգեն Կակոսյանը եվ երիտասարդ Ստավրո Կապիդին: Վերջինս ազգությամբ հույն էր, սովորում էր Բժշկական ինստիտուտում եւ հետագայում թիմի բժիշկը դարձավ: Նա կատարում էր ձախ պաշտպանի պարտականությունները: Կենտրոնում գործում էր Վազգեն Կակոսյանը, ձախ թեւում` Հայկ Անդրեասյանը, որը հարկ եղած դեպքում հանդես էր գալիս նաեւ կիսապաշտպանությունում եւ հմտորեն էր կազմակերպում թիմի խաղը: Միջին օղակում խաղում էին նաեւ Կարպ Կարամատազյանը եվ Սերգեյ Զաստուխովը (անվանի բասկետբոլիստ Վիտալի Զաստուխովի հայրը), ով «Դինամո» էր տեղափոխվել Լենինականից: Նա առանձնանում էր իր աշխատասիրությամբ, անընդհատ պայքարի բովում էր:

Իհարկե, թիմի հարվածային ուժը հարձակման հնգյակն էր: Կենտրոնում հանդես էր գալիս Հակոբ Դուրգարյանը, որն իր ֆուտբոլային առաջին քայլերը կատարել էր Լենինականում, որտեղ 1938թ. արդեն հանդես էր գալիս տեղի «Դինամոյում»: 1944թ. նրան հրավիրեցին Երեւանի «Դինամո»: Դուրգարյանը լավ էր տիրապետում գլխով խաղին եվ հաճախակի էր օդային մենամարտում հաղթող դուրս գալիս: Նա աչքի էր ընկնում նաեվ ուժգին հարվածներով: Աջ եզրում խաղում էր Հակոբ Չալիկյանը, որն արդեն բավական փորձված ֆուտբոլիստ էր, տիրապետում էր զանազան խաբքերի, արագաշարժ էր եվ մրցակցի պաշտպաններին շատ դժվար էր լինում նրան հսկելը: Ձախ եզրային հարձակվող Բագրատ Հայկյանը եւս շատ ճարպիկ, արագաշարժ ֆուտբոլիստ էր: Ետ քաշված հարձակվողների պարտականությունները կատարում էին Բաքվից հրավիրված Արտյոմ Մարգարովն ու Արտաշես Ամիրջանովը, որոնք տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստներ էին, աչքի էին ընկնում մեծ աշխատասիրությամբ եվ իհարկե, մեծ օգուտ տվեցին թիմին:

1947թ. առաջնության «Բ»խմբի անդրկովկասյան գոտու մրցաշարին մասնակցեցին Երեւանի «Դինամոն» ու  «Սպարտակը»: 8 թիմերի մրցավեճում «Դինամոն» գրավեց 2-րդ տեղը` միայն մեկ միավորով զիջելով գոտու հաղթող Թբիլիսիի Սպայի տան թիմին: Դրա հետեվանքով «Դինամոն» զրկվեց 6 գոտիների հաղթողների մասնակցությամբ Մոսկվայում «Ա» խմբի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից: «Սպարտակի» ելույթն անհաջող էր: Տոնելով ընդամենը մեկ հաղթանակ, սպարտակցիները եզրափակեցին մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ մրցաշրջանում Երեւանի «Դինամոն» «Ա» խմբի ուղեգրի համար պայքարում առաջին լուրջ հաջողությանը հասավ: Թիմի կազմը զգալի փոփոխության էր ենթարկվել: Թբիլիսիի Սպայի տան թիմից «Դինամո» էին տեղափոխվել փորձառու դարպասապահ Արտյուշա Քելեջյանն ու հարձակվող Վիկտոր Մերկուլովը: Թիմը համալրել էին նաեւ հայրենադարձ ֆուտբոլիստներ Հայկ Կարմիրյանը, Պետրոս Գավլաքյանը, Քաջայր Փոլադյանն ուԿարպիս Սարաֆյանը, ովքեր հանդես էին եկել Բեյրութի «Բաղրամյան» թիմում: Երեւանի «Սպարտակ» տեղափոխվեցին դարպասապահ Սերգեյ Զատիկյանը, Ստավրո Կապիդին, Բագրատ Հայկյանը, Սերգեյ Զաստուխովը, թիմից ազատվեցին Արտյոմ Մարգարովը, Արտաշես Ամիրջանովն ու Նիկոլայ Մալախովը: «Դինամոն» մրցաշրջանը սկսեց մարզիչ Վիկտոր Գրեչիշնիկովի գլխավորությամբ, սակայն անհաջող մեկնարկի պատճառով շուտով նա ազատվեց իր պաշտոնից: Թիմի մարզչի պարտականությունները ստանձնեց «Դինամոյի» ավագ, փորձառու Հայկ Անդրեասյանը, ով միաժամանակ հանդես էր գալիս պաշտպանությունում: Հարավային գոտում առաջին տեղի համար հիմնական պայքարն ընթացավ Երեւանի «Դինամոյի» եվ Թբիլիսիի Սպայի տան թիմի միջեվ: Առաջին շրջանում Թբիլիսիում դաշտի տերերը հաղթել էին 1-0 հաշվով, Երեւանում «Դինամոն» ռեւանշի հասավ շնորհիվ Մերկուլովի եվ Հակոբ Դուրգարյանի խփած 2 անպատասխան գնդակների: Մրցաշրջանի ընթացքում զգալիորեն կարգավորելով խաղը, դինամոյականները հատկապես երկրորդ շրջանում գերազանց հանդես եկանª տոնելով մի շարք տպավորիչ հաղթանակներ: Ավարտական 8 հանդիպումներում թիմը միայն մեկ խաղ ավարտեց ոչ-ոքիª Բաքվում միավորները բաժանելով «Նեֆթյանիկի» հետ: Վերջին խաղում, կրկին Բաքվում 2-0 հաշվով հաղթելով տեղի «Դինամոյին», երեւանցիները մրցաշարային աղյուսակում մեկ միավորով գերազանցեցին Թբիլիսիի Սպայի տան թիմին եվ դարձան հարավային գոտու հաղթողներ: Իսկ ահա Երեւանի «Սպարտակը» կրկին անհաջող հանդես եկավª 10 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 8-րդ տեղը: Ի դեպ, այդ տարի «Սպարտակը» Հայաստանը ներկայացրեց հոկտեմբերին Երեւանում անցկացված Անդրկովկասի 5-րդ Սպարտակիադայում, քանի որ «Դինամոն» այդ ժամանակ Խարկովում մասնակցում էր «Ա» խմբի ուղեգրի համար վեց գոտիների հաղթողների միջեվ սկսված պայքարին: Հայ ֆուտբոլիստներն առաջին խաղում մրցեցին Ադրբեջանի հավաքականի հետ: Գրանցվեց ոչ-ոքի (1-1): Նույնպիսի հաշվով ավարտվեց հանդիպումը նաեւ վրաց ֆուտբոլիստների հետ, որի արդյունքում Հայաստանը գրավեց 2-րդ տեղը: Սպարտակիադայի հաղթող դարձավ Վրաստանի ընտրանին, որը 4-2 հաշվով հաղթել էր Ադրբեջանի թիմին:

Վեց գոտիների հաղթողների մասնակցությամբ եզրափակիչ մրցաշարը նախապես որոշված էր անցկացնել Մոսկվայում, սակայն հետագայում այն տեղափոխեցին Խարկով: Բացի Երեւանի  «Դինամոյից», միակ բաղձալի ուղեգրի համար մրցավեճի էին բռնվել Խարկովի «Լոկոմոտիվը», Մոսկվայի «Մետալուրգը», Չելյաբինսկի «Ձերժինեցը», Կազանի «Դինամոն» եվ Տաշքենդի Սպայի տան թիմը: Երեւանցիներն անհաջող մեկնարկեցինª պտտվելով Մոսկվայի «Մետալուրգից» (0-1): Հաջորդ խաղում երեվանցիները ոչ-ոքի (2-2) ավարտեցին հանդիպումը Կազանի «Դինամոյի» հետ: Այնուհետեվ հաղթելով Չելյաբինսկի «Ձերժինեցին» (2-1) եվ Տաշքենդի Սպայի տան թիմին (6-3), մեր ֆուտբոլիստները վերջին խաղում մրցեցին Խարկովի «Լոկոմոտիվի» հետ: Ուղեգրին տիրելու համար երեւանցիներին միմիայն հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն դինամոյականների ջանքերն այդպես էլ արդյունք չտվեցին: Հաշիվն այդպես էլ չբացվեց: Ուղեգիրը բաժին հասավ խարկովցիներին: Այսպիսով, ուղեգիրը նվաճելու երեւանցիների հերթական փորձն անհաջողությամբ պսակվեց: Սակայն մրցաշարի ավարտից  2 ամիս անց երեվանցիների վաղեմի երազանքը վերջապես իրականացավ: Հունվարի սկզբներին ֆիզկուլտուրայի եվ սպորտի գործերի համամիութենական կոմիտեն որոշեց ընդլայնել «Ա» խմբի մրցաշարի «աշխարհագրությունը» թիմերի քանակը 14-ից հասցնելով 18-ի: Ուժեղագույնների խմբում հանդես գալու իրավունք տրվեց Երեւանի «Դինամոյին», Բաքվի «Նեֆթյանիկին», Ստալինոյի «Շախտյորին» եվ Ռիգայի «Դաուգավային»: Այսպես հայկական ֆուտբոլը գրանցում ստացավ «Ա» խմբում:

Հայկական ֆուտբոլի նորամուտը ուժեղագույնների խմբում

1949 թվականը հայկական ֆուտբոլի տարեգրությունում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Այդ տարի կայացավ Երեւանի «Դինամոյի» նորամուտը «Ա» խմբում (բարձրագույն խումբ): Դա, ինչ խոսք, նշանակալից իրադարձություն էր հանրապետության ֆուտբոլային կյանքում: Իրականացել էր ֆուտբոլիստների եւ նրանց բազմահազար երկրպագուների վաղեմի երազանքը: Ուրախությունն անսահման էր, հուզող հարցերը` շատ: Բոլորն էին հասկանում, որ ուժեղագույնների խմբում հաջողությամբ հանդես գալու համար անհրաժեշտ էր նախեւառաջ մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ ստեղծել: «Դինամոն» զգալի համալրում ստացավ: Երեւանի «Սպարտակից» թիմ հրավիրվեցին դարպասապահ Սերգեյ Զատիկյանն ու պաշտպան Վասիլի Սարգսյանը: Թբիլիսիի «Սպարտակից» Երեւան եկավ մեկ այլ պաշտպան` Վախթանգ Սարգսյանը, որն ատլետիկ կազմվածքով, ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստ էր: Սակայն, ցավոք, թե Վախթանգը, թե Վասիլին լուրջ վնասվածքներ ստացան եւ շատ քիչ հանդիպումների մասնակցեցին:

Կրկին «Դինամոյի» մարզահագուստը հագան փորձառու ֆուտբոլիստներ Վալենտին Բեխտենեւը (Մոսկվայի «Դինամոյից») եւ Վիկտոր Բերեժնոյը (Թբիլիսիի «Դինամոյից»), ովքեր մեր թիմում հանդես էին եկել դեռեւս 1937թ.: Սակայն նրանք այդպես էլ  չկարողացան իրենց լավագույն ձեւով դրսեւորել եւ շուտով նրանց ծառայություններից մարզիչները հրաժարվեցին: Այդ տարի առաջին անգամ առաջնության պարգեւները պետք է վիճարկեին նաեւ թիմերի փոխարինող կազմերը, ուստի հարկավոր էր մտածել նաեւ հուսալի հերթափոխի մասին: Երեւանի «Դինամոյի» փոխարինողների կազմում ընդգրկվեցին մի խումբ երիտասարդներ, որոնցից Հարություն Քեհեյանն ու Մանուկ Սեմերջյանը շատ շուտով իրենց հաստատուն տեղը գրավեցին թիմի հիմնական կազմում: Մինչ «Դինամո» ընդգրկվելը նրանք հանդես էին եկել Երեւանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի «Աշխատանքային հերթափոխ» թիմում, որտեղ աչքի էին ընկել իրենց տեխնիկական վարպետությամբ:

Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը «Դինամոն» (ավագ մարզիչ` Հայկ Անդրեասյան, մարզիչ` Վազգեն Կակոսյան) սկսեց հունվարի կեսերին Երեւանում, իսկ ապրիլի սկզբին 15-օրյա ուսոմնամարզական հավաք անցկացրեց Թբիլիսիում` ուժերը չափելով տեղի (1-4) եւ Քութաիսի (5-2) իր ակումբակիցների հետ: Առաջնության մեկնարկը տրվեց ապրիլի 17-ին: Այդ օրը Երեւանի «Դինամո» (ներկայիս «Հանրապետական») մարզադաշտում մեր ֆուտբոլիստներն «Ա» խմբում իրենց անդրանիկ հանդիպումն անցկացրին: Մրցակիցը 1944թ. երկրի գավաթակիր Լենինգրադի  «Զենիթն» էր, որը Երեւան էր ժամանել խաղից 10 օր առաջ եւ տեղում նախապատրաստվում էր մեկնարկային խաղին: Ապրիլի 10-ին «Զենիթի» փոխարինող կազմը ընկերական խաղում 1-0 հաշվով պարտության մատնեց երկրի «Բ» խմբի առաջնությանը նախապատրաստվող Երեւանի «Սպարտակին»:

Մեկնարկային խաղի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր: Մարզադաշտը լեփ-լեցուն էր հանդիսականներով: Մրցավար Միխայիլ Դմիտրեւի սուլիչով սկսված հանդիպումն անցավ մրցակիցների փոխնիփոխ գրոհներով, համառ մրցապայքարում: Ավելի հաջողակ գտնվեցին փորձառու հյուրերը: 65-րդ րոպեին Վլադիմիր Սմիռնովի խփած միակ գնդակը հաղթանակ պարգեւեց «Զենիթին»: Երեւանցիների համար անհաջող դասավորվեց նաեւ չորս օր անց Մոսկվայի «Տորպեդոյի» հետ սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումը: Եթե առաջին խաղակեսին մեր ֆուտբոլիստներին հաջողվեց դիմագրավել ահեղ մրցակցի գրոհներին, ապա հանգստից հետո տորպեդոյականների առավելությունը զգալի էր, որի արդյունքում գնդակը 3 անգամ հայտնվեց Քելեջյանի պաշտպանած դարպասում: Գոլերից երկուսի հեղինակը կաշվե գնդակի փառաբանված վարպետ, արդյունավետ խաղով աչքի ընկնող Ալեքսանդր Պոնոմարյովն էր:

Մեկնարկում կրած երկու պարտությունները չընկճեցին երեւանցիներին եւ վերստին ապացուցեցին, որ հարթ չի լինելու թիմի ուղին ուժեղագույնների խմբում: Ապրիլի 24-ին «Դինամոն» վերջապես բացեց գոլերի թիվը «Ա» խմբում` տոնելով անդրանիկ հաղթանակը: Այդ օրը երեւանցիները հյուրընկալել էին Մոսկվայի ռազմաօդային ուժերի թիմին, որի գործունեությունը համակարգում էր Վասիլի Ստալինը: Թիմում հանդես էին գալիս հանրաճանաչ ֆուտբոլիստներ Վսեւոլոդ Բոբրովն ու Գայոզ Ջեջելավան: Երկու թիմերն էլ մեկնարկում պարտություններ էին կրել, ուստի լի էին հաղթելու վճռականությամբ: Հանդիպման 35-րդ րոպեին հայ ֆուտբոլիստներին վերջապես հաջողվեց բացել գոլերի հաշիվը «Ա» խմբում: Հակոբ Դուրգարյանը գնդակով առաջ շարժվելով, մոտ 25 մետրից հուժկու հարվածով խոցեց Պուչկովի պաշտպանած դարպասը: 60-րդ րոպեին երեւանցիները նոր հաջողության հասան: Չալիկյանի հարվածից հետո Պուչկովը ետ մղեց գնդակը եւ վրա հասած Փոլադյանը կրկնապատկեց հաշիվը: Խաղավերջում մոսկվացիներին հաջողվեց «թրջել» հաշիվը (2-1): «Դինամոն»  ուժեղագույնների խմբում իր անդրանիկ հաղթանակը տոնեց:

Ապրիլի 29-ին «Դինամոն»  մրցակցի դաշտում իր անդրանիկ ելույթն ունեցավ: Ռիգայի «Դաուգավայի»  հետ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (1-1): Մրցակցի դաշտում խփած առաջին գոլի հեղինակը դինամոյական Վիկտոր Մերկուլովն էր: Հանդիպմանը ներկա էր Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Հ. Ք. Բաղրամյանը: Նրա հրավերով Երեւանի դինամոյականները հյուրընկալվեցին անվանի զորավարի տանը, որտեղ ճաշկերույթի սեղանի շուրջ ջերմ ու մտերմիկ զրույց կայացավ, իսկ ավարտից հետո միասին լուսանկարվեցին:

Մայիսի 10-ին Երեւանի դինամոյականներն առաջին ելույթն ունեցան Մոսկվայում: Այդ օրը թիմը խաղադաշտ դուրս բերեցին նոր մարզիչները` ավագ մարզիչ Բորիս Ապուխտինն ու նրա օգնական Վիկտոր Ֆիլիպովը: Նորամուտը հաջող էր երեւանցիների համար, որոնք 2-1 հաշվով հաղթեցին «Լոկոմոտիվին»: Հաղթանակն ապահովեցին Չալիկյանի եւ Բեխտենեւի խփած գոլերը:

Հետագա հանդիպումներում դինամոյականներին հիմնականում անհաջողություններն ուղեկցեցին: Թիմը 6 անընդմեջ պարտություն կրեց, որից 3-ը` խոշոր հաշվով: Առաջին շրջանի 17 հանդիպումներում վաստակելով ընդամենը 8 միավոր (+2=4-11, 15-41), 18 թիմերի մրցավեճում «Դինամոն» զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Արդյունքն, իհարկե, բավարար չէր: Նման դեպքերում հիմնական մեղքն ընկնում է գլխավոր մարզչի վրա: Եւ Բորիս Ապուխտինը ստիպված էր հեռանալ թիմից` ղեկը հանձնելով իր օգնական Վիկտոր Ֆիլիպովին: Սակայն վերջինս էլ մինչեւ առաջնության ավարտը «չդիմացավ»:

Առաջնության երկրորդ շրջանում հայ ֆուտբոլիստներին հաջողվեց որոշ չափով կարգավորել իրենց խաղը: Առանձին հանդիպումներում «Դինամոն» աչքի ընկավ գրագետ գործողություններով` տոնելով տպավորիչ հաղթանակներ Ռիգայի «Դաուգավայի» (2-0), Մոսկվայի «Լոկոմոտիվի» (3-1), Բաքվի «Նեֆթյանիկի» (1-0), Կիեւի «Դինամոյի» (2-1) եւ Ստալինոյի «Շախտյորի» (1-0) նկատմանբ:

1949 թ. անցկացված հանդիպումներից իր դրամատիզմով ու խորհրդավորությամբ առանձնանում է սեպտեմբերի 25-ին Երեւանում Մոսկվայի «Դինամոյի» հետ կայացած խաղը: Այդ տարի մոսկովյան թիմը վերջին 3 տարիների անփոփոխ չեմպիոն ԿԲԿՏ-ի ֆուտբոլիստների հետ պայքարում էին ոսկե մեդալների համար, ուստի երեւանյան հանդիպման արդյունքը դինամոյականների համար հսկայական նշանակություն ուներ: Բնականաբար, հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում, որոնք ոչ միայն «Դինամո» մարզադաշտի բոլոր նստատեղերն էին զբաղեցրել, այլեւ տեղ էին գրավել մոտակա բլուրներին: Բոլորին հետաքրքրում էր, թե կկարողանա  արդյոք երեւանցիները ռեւանշի հասնել առաջին շրջանում Մոսկվայում կրած խոշոր հաշվով պարտության դիմաց (1-7):

Հանդիպման առաջին կեսն անհաջող դասավորվեց բազմափորձ մոսկվացիների համար: Արդեն 3-րդ րոպեին աջ եզրային հարձակվող Վիկտոր Մերկուլովը առաջ մղեց երեւանցիներին` խոցելով լեգենդար Ալեքսեյ Խոմիչի պաշտպանած դարպասը: Գոլը ոգեւորության մեծ ալիք առաջացրեց տրիբունաներում, որն անմիջապես փոխանցվեց ֆուտբոլիստներին: Երեւանցիները գործում էին մեծ ոգեւորությամբ` հյուրերին թույլ չտալով մոտենալ սեփական տուգանային հրապարակին, միաժամանակ անընդհատ սրընթաց գրոհներ կազմակերպելով մրցակցի դարպասին: Գրոհներից մեկի ժամանակ էլ 24-րդ րոպեին Հակոբ Դուրգարյանը գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը: 11 րոպե անց հայ ֆուտբոլիստները նոր հաջողության հասան. բազմաքայլ կոմբինացիան դիպուկ հարվածով եզրափակեց Իլյիչ Մկրտչյանը: Տրիբունաներում ֆուտբոլասերների ուրախությանը չափ ու սահման չկար: Մոսկվայի դինամոյականները խուճապի էին մատնվել: Երեւանցիների գրագետ ու եռանդուն խաղը հյուրերի համար իսկական անակնկալ էր: Միայն 43-րդ րոպեին Կոնովին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Առաջին խաղակեսն ավարտվեց մեր թիմի օգտին`3-1:

Մինչ ֆուտբոլիստները հանգստանում էին, իսկ ֆուտբոլասերները քննարկում առաջին խաղակեսի առավել հետաքրքիր դրվագները, հանրապեության ներքին գործերի ժողկոմի տեղակալ Սուրեն Չախարյանի առանձնասենյակում անընդհատ հնչում էր հեռախոսազանգը: Պարզվում է, որ այդ խաղի ելքով անձամբ հետաքրքրվում էր Լավրենտի Բերիան, որի հանձնարարությամբ նրա առաջին տեղակալը` գեներալ- լեյտենանտ Բլինովը հանդիպման ընթացքում մշտական կապի մեջ էր Հայաստանի ներքին գործերի ժողկոմատի ղեկավարության հետ: Հետաքրքրականն այն է, որ Բլինովը սկզբում սխալ էր հասկացել խաղի հաշվի վերաբերյալ ստացված հաղորդագրությունը` կարծելով թե հաղթում են մոսկվացիները: Եւ երբ պարզվել է, որ իրականում Մոսկվայի «Դինամոն» պարտվում է, Բլինովն անմիջապես այս մասին զեկուցել է Բերիային: Եւ պատասխան գործողությունը չի հապաղել: Բլինովը հայաստանցի իր ենթականերին է հաղորդել Բերիայի «մտահոգությունը» խաղի ելքի վերաբերյալ` նրանց ուղղակի հասկացնելով, որ հարկավոր է խաղը «հանձնել» մոսկվացիներին: Դժվար չէ պատկերացնել Հայաստանի ներքին գործերի ժողկոմատի ղեկավարության վիճակը Մոսկվայից հնչած հեռախոսազանգերից հետո: Նրանք չէին կարող մերժել Լավրենտի Բերիայի «խնդրանքը», չկատարել ցուցումը: Այլ ելք չկար, քան խաղը «հանձնել» մրցակցին: Ընդմիջումից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց: Երեւանցիներն ամբողջ թիմով անցան պաշտպանության` կամովին զիջելով նախաձեռնությունը: Ֆուտբոլասերների համար անհասկանալի էր նաեւ, թե ինչու փորձառու Վախթանգ Սարգսյանի փոխարեն ընդմիջումից հետո խաղադաշտ մտավ տակավին երիտասարդ, մրցակցային փորձ չունեցող Կառլեն Խանջյանը: Ինչ իմանային, որ Մոսկվայից հրամայված էր խաղը «հանձնել» մրցակցին: Տարօրինակ էր նաեւ, որ ամբողջ 2-րդ խաղակեսը հյուրերի մարզիչ Միխայիլ Յակուշինն անցկացրեց երեւանցիների դարպասի ետեւում, որտեղից անընդհատ խորհուրդներ էր տալիս իր սաներին: Սակայն լենինգրադցի մրցավար Պյոտր Բելովը այս փաստի վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում:

Ձեռնարկված միջոցները ցանկալի արդյունք տվեցին: Մոսկվայի դինամոյականները նախ Սոլովյովի ու Մալյավկինի ջանքերով հավասարեցրին հաշիվը, ապա խաղավարտից չորս րոպե առաջ Իլյինը խփեց հաղթական գնդակը (4-3):

Հետաքրքրականն այն է, որ այդ հանդիպման մասնակիցներից շատերը տեղյակ չեն եղել հանդիպումը մրցակցին «հանձնելու» հրահանգի մասին: Ահա թե ինչ է պատմել այդ մասին թիմի այն ժամանակվա ավագ Իլյիչ Մկրտչյանը. Ընդմիջմանը մարզիչները տղաներին խորհուրդ տվեցին զգույշ գործել, հիմնական ուշադրությունը դարձնել պաշտպանությանը: Սուրեն Զախարյանը վրացերեն դիմելով Վախթանգ Սարգսյանին, որն այդ օրը խաղում էր Քաջայր Փոլադյանի փոխարեն, ասաց, որ նրան փոխարինելու է Կառլեն Խանջյանը: Այդ որոշումն անսպասելի էր բոլորի համար, քանի որ առաջին խաղակեսում Սարգսյանը հիանալի էր կատարել կենտրոնական պաշտպանի պարտականությունները` վնասազերծելով հյուրերի հարձակվող Մալյավկինին:

Երբ սկսվեց 2-րդ խաղակեսը, նկատեցի, որ տղաներն այլեւս նախկին ոգեւորությամբ չեն խաղում, ուստի նրանց կոչ արեցի ակտիվացնել հարձակողական գործողությունները: Այդ պահին ինձ մոտեցավ հյուրերի խաղացող Մալյավկինը. «Илюха, чего шумишь, мы же договорились, мы же одноклубники? Если проиграем, чемпионом станет ЦДКА»:

Այս խոսքերից հետո ինձ համար պարզ դարձավ տղաների պասիվության պատճառը»:

Եւ այսպես, երեւանցիները շատ բանով նպաստեցին Մոսկվայի «Դինամոյի» հաջողությանը: Ավարտական տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի (0-0) ավարտելով հանդիպումը ԿԲԿՏ-ի հետ, երեւանցիներն օգնեցին իրենց ակումբակիցներին նվաճելու չեմպիոնի տիտղոսը: Ինչ վերաբերում է երեւանցիներին, ապա նրանց հաջողվեց կատարել գլխավոր խնդիրը` ամրապնդվել ուժեղագույնների խմբում: 18 թիմերի մրցավեճում Երեւանի «Դինամոն» գրավեց 16-րդ տեղը: 34 հանդիպումներում դինամոյականները տոնեցին 8 հաղթանակ, 5 խաղ ավարտեցին ոչ-ոքի, 21-ում` պարտվեցին: «Դինամոն»  մրցակցի դարպասը խփեց 36 գնդակ, սեփականն ընդունեց 70-ը:

Ահա այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հայկական ֆուտբոլն առաջինը ներկայացրին «Ա» խմբում.

1. Հակոբ Չալիկյան 33 խաղ 9 գոլ

2. Հայկ Կարմիրյան 33 խաղ

3. Իլյիչ Մկրտչյան 32 խաղ 6 գոլ

4. Քաջայր Փոլադյան 31 խաղ 6 գոլ

5. Արտյուշա Քելեջյան 29 խաղ

6. Վիկտոր Մերկուլով 29 խաղ 6 գոլ

7. Հակոբ Դուրգարյան 19 խաղ 3 գոլ

8. Արմենակ Դուրգարյան 19 խաղ

9. Հարություն Քեհեյան 19 խաղ

10. Իշխան Բեգլարյան 18 խաղ 2 գոլ

11. Մանուկ Սեմերջյան 17 խաղ

12. Պետրոս Գավլաքյան 15 խաղ

13. Հովսեփ Ասատրյան 15 խաղ

14. Ալեքսանդր Մատյուխին 15 խաղ

15. Վախթանգ Սարգսյան 14 խաղ

16. Վասիլի Սարգսյան 13 խաղ

17. Վալենտին Բեխտենեւ 9 խաղ 2 գոլ

18. Կառլեն Խանջյան 9 խաղ

19. Համազասպ Մխոյան 8 խաղ

20. Վիկտոր Բերեժնոյ 6 խաղ 1 գոլ

21. Սերգեյ Զատիկյան 5 խաղ

22. Ալբերտ Աբրահամյան 4 խաղ 1 գոլ

23. Հայկ Անդրեասյան 3 խաղ

24. Նիկոլայ Մալախով 1 խաղ

25. Հովհաննես Մկրտչյան 1 խաղ

1949թ. երեւանյան մեկ այլ թիմ`«Սպարտակը» հանդես եկավ «Բ» խմբի կենտրոնական գոտում: 14 թիմերի մրցավեճում սպարտակցիները գրավեցին 8-րդ տեղը: 26 հանդիպումներում սպարտակցիները տոնեցին 10 հաղթանակ, 5-ն ավարտեցին ոչ-ոքի, 11-ում` պարտվեցին: «Սպարտակը» մրցակցի դարպասը խփեց 42 գոլ, սեփականը բաց թողեց 48-ը:

Հրաժեշտ բարձրագույն խմբին

1949թ. «Ա» խմբի առաջնության մասնակիցների «աշխարհագրության» անհիմն ընդլայնումը իրեն չարդարացրեց: Ուստի 1950թ. երկրի ֆուտբոլային ղեկավարությունը որոշում կայացրեց «Ա» խմբի առաջնության թիմերի քանակը կրճատել եւ հասցնել 14-ի: Դա նշանակում էր, որ երկրի 12-րդ առաջնության արդյունքներով «Ա» խմբին միանգամից պետք է հրաժեշտ տային 6 թիմեր: Իսկ ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար 19 թիմերի մրցավեճում անհրաժեշտ էր նվազագույնը զբաղեցնել 13-րդ տեղը: Այս հանգամանքը խոստանում էր անհաշտ մրցակցություն:

Երեւանի «Դինամոն» , որին մարզելու էր հրավիրվել Գլեբ Ռյաբիկովը, հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի դասերը, բավական լրջորեն սկսեց նախապատրաստությունը: Թիմը երկու ամիս հագեցած ուսումնամարզական հավաք անցկացրեց Սոչիում, մարզումներին զուգընթաց ֆուտբոլիստների պատրաստությունը ստուգելով ընկերական հանդիպումներում: Արդյունքները հուսադրող էին: Նախորդ մրցաշրջանի համեմատ «Դինամոյի» հիմնական կազմը լիովին պահպանվել էր: Թիմը համալրեցին երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ Միխայիլ Բարաթյանը, Էդուարդ Գրիգորյանը, Հակոբ Բոյաջյանը եւ այլոք: Երեւանի Սպայի տան թիմից «Դինամոն» տեղափոխվեց աջ եզրային հարձակվող 22-ամյա Վլադիմիր Բոգդանովիչը, ով հետագայում (1951-1957թթ.) հանդես եկավ Կիեւի «Դինամոյում» : Որոշ տեղափոխություններ կատարվեցին թիմի խաղային օղակներում: Այսպես, Քաջայր Փոլադյանը, ով հանդես էր գալիս հարձակման գծում, իր ուժերը փորձեց կենտրոնական պաշտպանի դերում եւ այդ պարտականությունը գերազանց կատարեց` եզրային պաշտպաններ Հայկ Կարմիրյանի եւ հիմնական կազմում ամրապնդված Մանուկ Սեմերջանի հետ կազմելով պաշտպանության հենասյունը: Մեկ այլ նախկին հարձակվող` Արմենակ Դուրգարյանը տեղափոխվեց կիսապաշտպանական օղակ` ընկերակցելով Հովսեփ Ասատրյանին: Իսկ ահա Իլյիչ Մկրտչյանը միջին գծից տեղափոխվեց հարձակման կենտրոն` փոխարինելով շուտով մարզչական աշխատանքի անցած Հակոբ Դուրգարյանին:

Թիմի երկրպագուներին լավատեսական հիմքեր ներշնչեցին երեւանցիների հաջող մրցելույթները մեկնարկում, որտեղ հայ ֆուտբոլիստներին իրոք ուժեղ մրցակիցներ էին բաժին ընկել: Առաջին հանդիպումը «Դինամոն»  սեփական հարկի տակ անցկացրեց երկրի գավաթակիր Մոսկվայի «Տորպեդոյի» հետ: նախորդ մրցաշրջանում երեւանցիները սեփական դաշտում 0-3 հաշվով զիջել էին տորպեդոյականներին եւ այժմ ամեն գնով ձգտում էին ռեւանշի: Թեեւ ռեւանշը չկայացավ, սակայն երեւանցիների խաղը լավ տպավորություն թողեց: Հաշիվը 24-րդ րոպեին բացեց Իլյիչ Մկրտչյանը, սակայն 3 րոպե անց Սոչնեւը վերականգնեց հավասարակշռությունը: Նույնպիսի 1-1 հաշվով ավարտվեց հանդիպումը նաեւ երկրի չեմպիոն Մոսկվայի դինամոյականների հետ: Այս անգամ արդեն երեւանցիներն էին հայտնվել հետապնդողի դերում եւ կրկին աչքի ընկավ Մկրտչյանը` 84-րդ րոպեին թիմին փրկելով պարտությունից: Վերջինս իր արդյունավետ խաղով առանձնացավ նաեւ հաջորդ խաղում: Մկրտչյանի խփած 2 անպատասխան գոլերի շնորհիվ մեր ֆուտբոլիստներն առաջնությունում իրենց անդրանիկ հաղթանակը տոնեցին` պարտության մատնելով Մինսկի «Դինամոյին»: 3 խաղից վաստակելով 4 միավոր, երեւանցիները հանգրվանեցին 5-րդ տեղում: 4-րդ տուրում մեր թիմի մրցակիցն առաջնության առաջատար «Զենիթն» էր, որը նախորդ 3 խաղերում Անդրկովկասում հաղթել էր Թբիլիսիի «Դինամոյին» (3-1) ու «Սպարտակին» (4-1): Երեւանում էլ լենինգրադցիները իրենց բարձրության վրա գտնվեցին` 4-2 հաշվով պարտության մատնելով երեւանցիներին: Դա Երեւանի «Դինամոյի» անդրանիկ պարտությունն էր: Ցավոք, հետագայում մեր թիմն անկայուն ելույթներ ունեցավ, ինչն անմիջապես անդրադարձավ մրցաշարային աղյուսակում երեւանցիների գրաված դիրքի վրա: Ճիշտ է, առաջին շրջանում «Դինամոն»  տպավորիչ հաղթանակներ տոնեց ՌՕՈւ-ի (3-1), Ստալինգրադի «Տորպեդոյի» (2-0), Ստալինոյի «Շախտյորի» (4-1), Մոսկվայի «Լոկոմոտիվի» (3-1) նկատմամբ, սակայն եղան եւ հանդիպումներ («Սպարտակ» Մոսկվա` 0-4, «Դինամո» Լենինգրադ` 0-3, «Սպարտակ» Թբիլիսի` 1-3), որոնցում մեր թիմն անօգնական տեսք ուներ: Աստիճանաբար զգացնել տվեց ֆուտբոլիստների ցածր ֆիզիկական պատրաստականությունը, տակտիկական ոչ հարուստ զինանոցը: Եթե առաջին շրջանը թիմն ավարտեց 10-րդ տեղում, ապա 2-րդ շրջանում «Դինամոն» կտրուկ նահանջ ապրեց: Արդեն պարզորոշ ուրվագծվում էր երեւանցիների հիմնական խնդիրը` պայքարել ուժեղագույնների խմբում իր տեղը պահպանելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ էր նվազագույնը գրավել 13-րդ տեղը: Փրկարար այդ տեղի համար հիմնական պայքարն ընթանում էր Երեւանի եւ Կիեւի դինամոյականների, Մոսկվայի «Լոկոմոտիվի»  ու Ռիգայի «Դաուգավայի»  միջեւ: Թեեւ 2-րդ շրջանը «Դինամոն»  սկսեց Մինսկի իր ակումբակիցների նկատմամբ տոնած հաղթանակով (1-0), սակայն Մոսկվայում հաջորդաբար զիջեց ԿԲԿՏ-ին (0-4), «Տորպեդոյին» (1-3) եւ «Դինամոյին» (0-5): Այդ պարտություններից հետո մեր թիմը նահանջեց 13-րդ տեղ: Հետագա հանդիպումներում չհաջողվեց շտկել դրությունը:«Դինամոն»  սեփական հարկի տակ ցավալի պարտություններ կրեց ՌՕՈւ-ից (1-2) եւ Թբիլիսիի «Դինամոյից»  (0-1): Վրաց ֆուտբոլիստների հետ հանդիպումը չափազանց համառ ու անզիջում բնույթ կրեց եւ ի վերջո դրամատիկ վախճան ունեցավ: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին 2-րդ խաղակեսում: Հյուրերի հարձակվող Թոդրիան մի քանի անգամ կոպիտ խաղաց Հայկ Կարմիրյանի հետ պայքարում, որի հետեւանքով վերջինս վնասվածք ստացավ եւ ստիպված էր թողնել խաղադաշտը: Դա զգալիորեն թուլացրեց երեւանցիների պաշտպանությունը: 71-րդ րոպեին Թոդրիան բացեց հաշիվը: Երկու րոպե անց երեւանցիները պարտությունից խույս տալու հիանալի հնարավորություն ստացան, սակայն Մխոյանը չիրացրեց 11մ հարվածը: Այս վրիպումը շատ թանկ նստեց թիմի վրա:

Թիմի վիճակն ավելի վատթարացավ, երբ դինամոյականները ձեռնունայն վերադարձան ուկրաինական մրցաշրջագայությունից` պարտվելով Խարկովի «Լոկոմոտիվին» (0-2), Ստալինոյի «Շախտյորին» (0-2) եւ Կիեւի «Դինամոյին» (0-3): Հատկապես կիեւցիներից կրած պարտությունը ճակատագրական էր երեւանցիների համար, քանի որ կիեւցիները մեր թիմի գլխավոր հակառակորդներից էին: Ամեն ինչ պետք է վճռեր առաջնության վերջնագիծը: Ավարտից 4 տուր առաջ Երեւանի «Դինամոն»  27 միավորով 15-րդ տեղում էր: Նույնքան միավոր էր վաստակել 14-րդ տեղում ընթացող Կիեւի «Դինամոն» , որը սակայն մեկ խաղ պակաս էր անցկացրել: 13-րդ հորիզոնականը զբաղեցնում էր Մոսկվայի «Լոկոմոտիվը» (29 միավոր): Եւ այսպես, դինամոյականների` ուժեղագույնների խմբում մնալ-չմնալու հարցը վերջնականապես պիտի պարզվեր երեւանյան չորս հանդիպումներում: Ցավոք, հայ ֆուտբոլիստներն իրենց բարձրության վրա չգտնվեցին` չորս խաղում վաստակելով նույնքան միավոր: Արդեն առաջին խաղում` Թբիլիսիի «Սպարտակի»  հետ մրցավեճում «Դինամոն»  կարեւոր միավոր կորցրեց: Եւ կրկին Մխոյանը չկարողացավ իրացնել 11մ հարվածը: Դարպասապահ Ժմելկովը ետ մղեց գնդակը, իսկ Մխոյանի երկրորդ հարվածը դիպավ ձողին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի (1-1): Էլ ավելի անհաջող դասավորվեց հանդիպումը Լենինգրադի «Դինամոյի» հետ: Չուչելովի խփած երկու անպատասխան գնդակները հաղթանակ պարգեւեցին հյուրերին: Իսկ ահա Կիեւի «Դինամոն»  Ստալինգրադում դժվարին հաղթանակ տոնելով տեղի «Տորպեդոյի» նկատմամբ (3-2), 2 միավորով առաջ անցավ երեւանցիներից եւ ամրապնդվեց փրկարար 13-րդ տեղում: Նախավերջին տուրում մեր թիմը վերջապես հաղթեց: Մխոյանի խփած միակ գոլը թիմին 2 միավոր պարգեւեց Ռիգայի «Դաուգավայի» հետ խաղում: Ավարտական տուրից առաջ երեւանցիները 30 միավորով 14-րդ տեղում էին: Կիեւցիները մեկ միավոր ավելի ունեին, բացի այդ պետք է 2 խաղ անցկացնեին: Ընդ որում ԿԲԿՏ-ի հետ հանդիպումը երեւանցիներն անցկացնելու էին սեպտեմբերի 24-ին Երեւանում, իսկ Կիեւի «Դինամոն»  սեպտեմբերի 26-ին հյուրընկալելու էր Խարկովի «Լոկոմոտիվին» եւ հոկտեմբերի 1-ին Մոսկվայում մրցելու էր ՌՕՈւ-ի հետ: Բանակայինների հետ հանդիպումը երեւանցիներն ավարտեցին ոչ-ոքի (1-1), իսկ կիեւցիները երկու խաղերն էլ տանուլ տվեցին (0-1, 0-2): Արդյունքում, Երեւանի եւ Կիեւի դինամոյականները մրցաշրջանն ավարտեցին միեւնույն ցուցանիշներով` 10-ական հաղթանակ, 11-ական ոչ-ոքի, 15-ական պարտություն, խփել էին 39-ական գնդակ: Որոշիչ դարձավ թիմերի բաց թողած գնդակների քանակը: Երեւանցիները սեփական դարպասով բաց էին թողել 57 գնդակ, իսկ կիեւցիները` չորսով պակաս: Եւ հենց այդ 4 գնդակներն էլ 10 տարով զրկեցին Երեւանի դինամոյականներին «Ա» խմբում հանդես գալու հնարավորությունից: Այո, թեեւ երեւանցիները նախորդ մրցաշրջանի համեմատ 10 միավոր ավելի էին վաստակել եւ մրցաշարային աղյուսակում 2 հորիզոնականով վեր էին բարձրացել, սակայն ստիպված էին հրաժեշտ տալ ուժեղագույնների խմբին:

Իհարկե, ուժեղագույնների խմբում անցկացրած երկու մրցաշրջանը չէր կարող դրական ազդեցություն չունենալ ինչպես թիմի խաղամակարդակի բարձրացման, տակտիկական զինանոցի հարստացման, այնպես էլ առանձին ֆուտբոլիստների խաղային ունակությունների զարգացման, նրանց վարպետության աճի գործում: Երկրի ուժեղագույն ակումբների հետ հանդիպումներում ձեռք բերված մրցակցային փորձը հետագա տարիներին «Ա» խումբ վերադառնալու համար մղված պայքարում երեւանցիներին օգտակար եղավ:

Ուժեղագույնների խմբում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Երեւանի «Դինամոն»  1951թ. կրկին ստիպված էր վերադառնալ «Բ» խումբ` ամեն ինչ սկսելով նորից: Թվում էր, թե երեւանցիներից մեծ ջանքեր չեն պահանջվի «Ա» խումբ վերադառնալու համար: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ուղիղ 10 տարի պահանջվեց , որպեսզի մեր ֆուտբոլիստները կրկին իրավունք նվաճեն հանդես գալու ուժեղագույնների մրցաշարում:

1951թ. թիմի կազմը գրեթե լիովին պահպանվել էր: Կոլեկտիվին հրաժեշտ էր տվել միայն Բոգդանովիչը: Հատկանշական է, որ չնայած նախորդ մրցաշրջանի անհաջողությանը, թիմի մարզիչ Գլեբ Ռյաբիկովը մնաց իր պաշտոնում եւ շարունակեց գլխավորել «Դինամոն» : Այդ տարի «Ա» խմբի երեք ուղեգրերի համար մրցավեճի էին բռնվել 18 թիմեր, որոնց թվում էին նաեւ նախորդ մրցաշրջանում ուժեղագույնների մրցաշարում անհաջողության մատնված 5 ակումբները: Ցավոք, «Ա» խումբ վերադառնալու երեւանցիների առաջին փորձն ապարդյուն անցավ: «Դինամոն» անհաջող սկսեց մրցաշրջանը` մեկնարկում սեփական հարկի տակ միեւնույն` 0-1 հաշվով զիջելով Ստալինգրադի «Տորպեդոյին» եւ Կալինին քաղաքի թիմին: Վերջինս, թեեւ առաջին անգամ էր հանդես գալիս «Բ» խմբում, իրեն լավագույն ձեւով դրսեւորեց: Կալինինցիները ոչ միայն նվաճեցին «Ա» խմբի ուղեգիրը` դառնալով մրցաշարի հաղթող, այլեւ «Բ» խմբի թիմերից առաջինն էին, որ հանդես եկան ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում:

Հետագա հանդիպումներում էլ Երեւանի «Դինամոն»  անկայուն ելույթներ ունեցավ: Նախորդ մրցաշրջանի հետ համեմատ, երեւանցիների խաղը խամրել էր, տակտիկական ձեռագիրն ընդհանրապես չէր զգացվում: Հաճախակի դարձան ֆուտբոլիստների խաղային պարտականությունների անհիմն փոփոխությունները: Օրինակ, առաջին իսկ խաղում Հայկ Կարմիրյանին փորձարկեցին հարձակման գծում: Փորձարկումն անհաջող անցավ եւ նա վերադարձավ պաշտպանական օղակ: Եղավ մի շրջան (հունիս-հուլիս ամիսները), երբ դինամոյականները տպավորիչ ելույթներ ունեցան սեփական հարկի տակ` 6 հանդիպումներում կորցնելով ընդամենը մեկ միավոր: Թիմը տոնեց խոշոր հաշվով 3 անընդմեջ հաղթանակ Տաշքենդի «Սպայի տան» (4-0), Ստալինաբադի «Դինամոյի» (5-0) եւ Աշխաբադի «Սպարտակի»  (4-0) նկատմամբ: Այդ հանդիպումներում արդյունավետ խաղով հատկապես աչքի ընկան Իլյիչ Մկրտչյանը (7գոլ) եւ Վիկտոր Մերկուլովը (4 գոլ), ովքեր թիմի գրոհային հիմնական ուժն էին կազմում: Առաջնությունում խփված գոլերի (40) կեսից ավելին բաժին ընկավ վերը նշված երկու ֆուտբոլիստներին: Իլյիչ Մկրտչյանը 13 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն, իսկ Վիկտոր Մերկուլովի արդյունքը (8 գոլ) երկրորդն էր: Մրցաշրջանի ընթացքում երեւանցիներին հաջողվեց առանձին խաղերում իրենց դրսեւորել լավագույն կողմերով` հաղթելով առաջատարների շարքում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվին»  (3-1), Մինսկի «Դինամոյին» (1-0), ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Կալինինում: Սակայն, ընդհանուր առմամբ թիմի ելույթները չէին կարող գոհացնել նրա երկրպագուներին, որոնք փափագում էին «Դինամոյին» տեսնել առաջատարների շարքում: Բայց նրանց հույսերը չիրականացան: «Դինամոն»  ի վերջո զբաղեցրեց 8-րդ տեղը:

34 հանդիպումներում երեւանցիները տոնեցին 14 հաղթանակ, 10 խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին նույնքան պարտություն, մրցակիցների դարպասները խփեցին 40 գոլ, սեփականը բաց թողնելով 22-ը: Արդյունքը բնականաբար գոհացուցիչ չէր, ուստի ավագ մարզիչ Ռյաբիկովն ազատվեց աշխատանքից: Լենինգրադից թիմ հրավիրվեց Պյոտոր Եվբանովը: Բայց նրան էլ չհաջողվեց կարգավորել երեւանցիների խաղը: 1952թ. Երեւանի «Դինամոն»  ավելի վատ հանդես եկավ: Այդ տարի «Բ» խմբի 18 թիմերը բաժանվել էին 3 ենթախմբի եւ մեկ շրջանով անցկացվող մրցաշարում (մեկ քաղաքում) պետք է որոշեին ուժեղագույն երեքական կոլեկտիվներին, որոնք հետագայում պայքարելու էին «Ա» խմբի ուղեգրի համար: «Դինամոն»  հանդես եկավ Իվանովոյում եւ չկարողացավ մտնել լավագույն եռյակ: Երեւանցիները զիջեցին Իվանովոյի «Կրասնոյե Զնամյա» (1-2), Տալլինի «Կալեւ» (0-1), Թբիլիսիի  «Սպայի տան» (0-4), Ալմա-Աթայի «Դինամո» (0-1) թիմերին եւ միայն վերջին խաղում կարողացան ճաշակել հաղթանակի քաղցրությունը` պարտության մատնելով Ստալինգրադի «Տորպեդոյին» (4-3): Այնպես որ, մեր ֆուտբոլիստները ստիպված էին եւս մեկ տարով հետաձգել բաղձալի ուղեգրին տիրելու իրենց հավակնությունը եւ մասնակցել Ռոստովում 10-18-րդ տեղերի համար անցկացվող մրցաշարին: Այստեղ արդեն դինամոյականների առավելությունը մրցակիցների նկատմամբ ակնհայտ էր: 8 հանդիպումներից 7-ն ավարտելով իր օգտին, կրելով միայն մեկ պարտություն (Պետրոզավոդսկի «Կրասնայա Զվեզդայից»` 0-2), գնդակների 18-3 գերազանց տարբերությամբ, «Դինամոն»  դարձավ Ռոստովի մրցաշարի հաղթող: Սակայն ընդհանուր հաշվարկով դա միայն 10-րդ տեղն էր:

Ռոստովում Պետրոզավոդսկի թիմից կրած միակ պարտության դիմաց երեւանցիները շուտով լիովին վրեժխնդիր եղան այդ քաղաքի մեկ այլ թիմից: ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում երեւանցիները ռեկորդային ` 13-0 հաշվով հաղթեցին Պետրոզավոդսկի Սպայի տան թիմին: Այդ խաղում Վիկտոր Մերկուլովն ու Հարություն Քարաջյանը դարձան 5-ական գոլի հեղինակ` սահմանելով յուրօրինակ ռեկորդ:

1953թ. մրցաշրջանը Երեւանի «Դինամոն»  դիմավորեց զգալիորեն թարմացված կազմով: Թիմին հրաժեշտ էին տվել նրա փորձառու խաղացողներ Հակոբ Չալիկյանը, Իլյիչ Մկրտչյանը, Հակոբ Դուրգարյանը: Նրանց փոխարեն թիմը համալրել էին Հովհաննես Աբրահամյանը, Կիմ Վարդանյանը, Պապիկ Պապոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Էդուարդ Վարդանյանը: «Դինամոյի» ղեկը կրկին վստահվեց բանիմաց մարզիչ Հայկ Անդրեասյանին, ով քաջ ծանոթ էր ֆուտբոլիստների հնարավորություններին, նրանց ուժեղ եւ թույլ կողմերին: Ավագ մարզչին որոշ չափով հաջողվեց կարգավորել դինամոյականների խաղը: Նախորդ մրցաշրջանի համեմատ թիմը զգալի առաջընթաց ապրեց: 1953թ. «Բ» խմբի առաջնությունն անցկացվում էր 3 փնջով: «Ա» խմբի երկու ուղեգրերի համար պայքարը շարունակելու իրավունք էին ստանում փնջերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը: «Դինամոն»  ընդգրկված էր առաջին փնջում: Հիմնական պայքարն ընթացավ Երեւանի «Դինամոյի», Բաքվի «Նեւթյանիկի» եւ Թբիլիսիի «Սպարտակի»  միջեւ: Երեւանցիները գերազանց մեկնարկեցին` տոնելով 6 անընդմեջ հաղթանակ, այդ թվում եւ Բաքվի «Նեւթյանիկի» նկատմամբ (1-0), իսկ 7-րդ տուրում ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը Թբիլիսիի «Սպարտակի»  հետ: Թեեւ 2-րդ շրջանում մեր թիմը մի փոքր դանդաղեցրեց տեմպը, սակայն ի վերջո փնջում գրավեց 2-րդ տեղը (+9=3-3, 27-7) եւ Թբիլիսիի «Սպարտակի»  հետ մասնակցեց «Ա» խմբի երկու ուղեգրերի համար Գորկիում անցկացված 6 թիմերի եզրափակիչ մրցաշարին: Առաջին խաղում երեւանցիները ոչ-ոքի (0-0) խաղացին Մինսկի «Դինամոյի» հետ, ընդ որում Սերգեյ Զատիկյանը ետ մղեց 11մ հարվածը: Թբիլիսիի սպարտակցիների եւ Գորկիի «Տորպեդոյի» հետ խաղերում էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Իսկ ահա ավարտական տուրերի խաղերում մեր ֆուտբոլիստները զիջեցին Իվանովոյի «Զնամյային» (1-2) եւ Ստալինոյի «Շախտյորին» (0-2) եւ գրավեցին 4-րդ տեղը: Իսկ բաղձալի ուղեգրերը նվաճեցին Մինսկի «Դինամոն»  եւ Գորկու «Տորպեդոն»: Հերթական անգամ «Ա» խումբ տեղափոխվելու երեւանցիների ջանքերն ապարդյուն անցան:

Հաջողությունը ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում

1954թ. երեւանցիները հանդես եկան «Սպարտակ» մարզակումբի դրոշի ներքո: Անվանափոխության առաջին իսկ տարում երեւանցիները հմուտ մարզիչ Հայկ Անդրեասյանի գլխավորությամբ նշանակալի հաջողությունների հասան թե առաջնությունում, թե գավաթի մրցաշարում: Այդ տարի «Բ» խմբի առաջնության մասնակից թիմերն աշխարհագրական սկզբունքով բաժանվել էին 3 ենթախմբի: Յուրաքանչյուր երկուական ուժեղագույններն իրավունք էին ստանում եզրափակիչ մրցաշարում վիճարկելու «Ա» խմբի միակ ուղեգիրը: Երեւանի «Սպարտակն» ընդգրկված էր առաջին ենթախմբում: Կազմը գրեթե լիովին պահպանվել էր: Թիմը համալրել էր 19-ամյա պաշտպան Գրիգոր Համբարձումյանը, ով հետագայում դարձավ «Սպարտակի» առանցքային խաղացողներից մեկը: Փորձառու մարզիչը նախեւառաջ ուժեղացրեց թիմի պաշտպանական գիծը` թիկունքում ստեղծելով ամուր պատնեշ: Այդ նպատակով կենտրոնական պաշտպան Քաջայր Փոլադյանին հաճախակի փոխօգնության էին հասնում ետ քաշված կիսապաշտպաններ Հովսեփ Ասատրյանն ու Արմենակ Դուրգարյանը` կատարելով ազատ պաշտպանի պարտականություններ: Երբ ձախ եզրից էր վտանգ սպառնում դարպասին, նրանցից մեկնումեկը օգնության էր հասնում Սեմերջյանին, իսկ աջ եզրով մրցակցի գրոհի ժամանակ Կարմիրյանն էր ժամանակին օգնություն ստանում: Նման խաղաոճը բավական դժվարացնում էր երեւանցիների պաշտպանությունը ճեղքելու մրցակիցների խնդիրը: Եվ պատահական չէր, որ այդ մրցաշրջանում առաջնության 22 հանդիպումներում սպարտակցիների դարպասում միայն 9 գնդակ հայտնվեց: Դրանում մեծ էր թիմի պաշտպանների, եւ իհարկե, դարպասապահներ Սերգեյ Զատիկյանի եւ Սեմյոն Իսրայելյանի ներդրումը: Տարվա հերոսն, անկասկած, Զատիկյանն էր, ով աչքի ընկավ իր համարձակ ու վստահ խաղով, ցուցադրեց անզուգական վարպետություն` դրսեւորելով դարպասապահի իր որջ տաղանդը: Առաջնության 15 հանդիպումներում Զատիկյանը բաց թողեց ընդամենը մեկ գոլ, ընդ որում 12 խաղ անընդմեջ նա դարպասը պահեց փակի տակ: Այդ առնչությամբ մամուլում ծաղրանկար էր տպագրվել. Զատիկյանի դարպասին մի մեծ փական էր դրված, իսկ դարպասապահն անգործ նստած էր: Եվ շատ բանով հենց Զատիկյանի համարձակ ու հաջող խաղը ոգեշնչեց նրա թիմակիցներին, ովքեր գերազանց անցկացրին ողջ մրցաշրջանը: Առաջին իսկ խաղերից հետո ստանձնելով առաջատարի դերը, §Սպարտակն» այն չզիջեց ոչ մեկին: 22 խաղում մեր թիմն այդպես էլ չճաշակեց պարտության դառնությունը` տոնելով 13 հաղթանակ, 9 խաղ ավարտելով ոչ-ոքի: Երեւանցիները մրցակիցների դարպասը խփեցին 34 գնդակ, սեփականն ընդունեցին 9-ը: «Սպարտակն» իրավունք ստացավ Ստալինոյում (ներկայիս Դոնեցկում) 6 թիմերի մրցաշարում վիճարկելու «Ա» խմբի միակ ուղեգիրը: Սակայն մինչեւ մեկնելը, երեւանցիներին բավական լուրջ քննություն էր սպասում երկրի գավաթի խաղարկությունում, որտեղ «Սպարտակը¦ եւս գերազանց հանդես եկավ:

Սպարտակցիները հաջող մեկնարկեցին գավաթի մրցաշարում` միեւնույն 3-0 հաշվով հաջորդաբար պայքարից դուրս մղելով Կիրովականի «Քիմիկին» եւ Մոսբասի «Շախտյորին»: 1/8 եզրափակիչում երեւանցիները սեփական հարկի տակ հյուրընկալեցին Մինսկի իրենց ակումբակիցներին, ովքեր այդ տարի «Ա» խմբում արժանացել էին բրոնզե մեդալների: Դաշտի տերերը գերազանցեցին փորձառու մրցակցին: Անվանի դարպասապահ Խոմիչի դարպասը Հ. Աբրահամյանի եւ Հ. Բոյաջյանի խփած երկու գոլերը մեր թիմի համար քառորդ եզրափակիչի ուղի հարթեցին: Այս փուլում մեր թիմի մրցակիցը «Բ» խմբի 3-րդ ենթախմբի հաղթող Ստալինոյի «Շախտյորն» էր: Հանդիպումը համառ բնույթ կրեց: Խաղի ելքը վճռեց 34-րդ րոպեին Չանովի դարպասը Հարություն Քեհեյանի խփած միակ գնդակը:

Այդ տարիներին ոչ միայն եզրափակիչը, այլեւ կիսաեզրափակիչ հանդիպումներն անցկացվում էին Մոսկվայում: Հոկտեմբերի 11-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադաշտում «Սպարտակն» ուժերը չափեց Դնեպրոպետրովսկի «Մետալուրգի» (ներկայիս «Դնեպրի») հետ: Արդեն առաջին րոպեին Կիմ Վարդանյանը բացեց հաշիվը: Մինչեւ ընդմիջման գնալը նա եւ Հարություն Քեհեյանը եւս երկու գնդակ խփեցին, իսկ ընդմիջումից հետո Հովհաննես Աբրահամյանը 4-րդ անգամ խոցեց մրցակցի դարպասը (4-0): «Սպարտակի» առավելությունը բացահայտ էր: Ուկրաինացիները խաղավերջում հիանալի հնարավորություն ունեցան «թրջելու» հաշիվը, սակայն Զատիկյանը ետ մղեց 11մ հարվածը: Եվ այսպես, երկրի գավաթի խաղարկման պատմության մեջ 2-րդ անգամ «Բ» խմբի ներկայացուցիչը պետք է հանդես գար եզրափակիչում: Մինչ այդ, 1951թ. նման պատվի էր արժանացել Կալինին քաղաքի թիմը: Եզրափակիչում «Սպարտակի» մրցակիցը Կիեւի «Դինամոն» էր: Այդ տարի նշվում էր Ուկրաինան Ռուսաստանի հետ միավորելու 300-ամյակը, եւ դինամոյականները վճռել էին պատվավոր մրցանակի նվաճմամբ նշելու այդ իրադարձությունը: Սակայն սպարտակցիներն էլ մարտականորեն էին տրամադրված: Հոկտեմբերի քսանն անձրեւոտ ու մառախլապատ օր էր, բայց անբարենպաստ եղանակը չխանգարեց թիմերին դրսեւորելու իրենց խաղային ունակությունները: Թիմերը դաշտ էին դուրս եկել հետեւյալ կազմերով.

«Սպարտակ»-Զատիկյան, Պապոյան, Փոլադյան, Սեմերջյան, Ասատրյան, Է. Վարդանյան, Քարաջյան, Կ. Վարդանյան, Քեհեյան, Մերկուլով, Աբրահամյան:

«Դինամո»-Մակարով, Լարիոնով, Գոլուբեւ, Պոպովիչ, Միխայլին, Կոլցով, Բոգդանովիչ, Տերենտեւ, Զազրոեւ, Կոման, Ֆոմին:

Հենց խաղասկզբից համառ մրցակցություն ծավալվեց: Սպարտակցիները ոչնչով չէին զիջում փորձառու կիեւցիներին: Նրանք նույնիսկ գոլ խփեցին, սակայն մրցավար Նիկոլայ Լատիշեւը, չհաշվեց այն` արձանագրելով «խաղից դուրս» վիճակ: Հաշիվը բացվեց 35-րդ րոպեին, երբ ձախ եզրից փոխանցում ստանալով, Տերենտեւը տուգանային հրապարակից գնդակն ուղարկեց Զատիկյանի պաշտպանած դարպասը: Դա գավաթի խաղարկությունում մեր դարպասապահի բաց թողած առաջին գնդակն էր: Գոլը չընկճեց երեւանցիներին, որոնք շարունակում էին գրոհները: Եվ ահա ընդմիջումից անմիջապես հետո Մերկուլովին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Քիչ հետո գոլ խփելու հիանալի առիթ ներկայացավ Քեհեյանին, ով մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, շրջանցեց նրան ու գնդակն ուղարկեց դարպասը, սակայն պաշտպանը վերջին պահին փակեց գնդակի ճանապարհը: Հետեւեց Կիմ Վարդանյանի հարվածը, բայց այս անգամ էլ դարպասի ձողն օգնության եկավ դինամոյականներին:

Այո, այդ պահին մարզական բախտը երես էր թեքել սպարտակցիներից:

Իսկ ահա դինամոյականներին այն ժպտաց: Խաղավարտից 20 րոպե առաջ Միխայիլ Կոմանի հարվածը հաղթանակ պարգեվեց «Դինամոյին», որն էլ դարձավ գավաթակիր: Միայն տասնամյակներ անց հայտնի դարձան այդ հաջողության իրական հիմքերը: Մարզական ճանաչված լրագրող եվ վիճակագիր Ակսել Վարդանյանն արխիվային փաստաթղթերում հայտնաբերել է 1955թ. հունվարի 22-ին Մոսկվայում, ֆուտբոլային թիմերի բժիշկների խորհրդակցությունում, Կիեւի «Դինամոյի» բժիշկ Յուրի Բեզվիկոննու զեկուցումը: Իր ելույթում բժիշկը խոստովանել է, որ 1954թ. մրցաշրջանի կարեւորագույն խաղերում, այդ թվում եւ գավաթի եզրափակիչում, դինամոյական ֆուտբոլիստները խթանիչներ են օգտագործել: Իհարկե այն տարիներին դոպինգի դեմ պայքար դեռ չէր տարվում, շատերը նույնիսկ գաղափար էլ չունեին արգելված խթանիչների մասին: Սակայն փաստն ինքնին հետաքրքրական է, եւ անկասկած խթանիչների օգտագործմանը նպաստել է դինամոյականների հաջողությանը: 

 Բարձրագույն խումբ վերադառնալու անհաջողփորձեր

 Գավաթի եզրափակիչ հանդիպումից 4 օր անց «Սպարտակը» Ստալինոյում մրցավեճի բռնվեց «Ա» խմբի ուղեգրի համար: Ինչպես եւ նախորդ մրցաշրջանում, այս անգամ էլ մեր ֆուտբոլիստներն անհաջող հանդես եկան եզրափակիչ փուլում: Իհարկե, գավաթի մրցաշարում անցկացրած ծանր մրցախաղերը չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել: Մեր ֆուտբոլիստների գործողություններում զգացնել էր տալիս հոգնածությունը: Առաջին իսկ խաղում նրանց վիճակված էր հանդիպել տանտերերի` «Շախտյորի» հետ: Խաղն ավարտվեց ուկրաինացիների հաղթանակով (1-0), որոնք յուրօրինակ ռեւանշի հասան գավաթի խաղարկությունում կրած պարտության դիմաց: Երկու օր անց մեր թիմը ոչ-ոքի (0-0) խաղաց Վիլնյուսի իր ակումբակիցների հետ: Մնացած երեք հանդիպումներն էլ անհաջող դասավորվեցին «Սպարտակի» համար, որը զիջեց Բաքվի «Նեւթյանիկին» (2-4) եւ Մոսկվայի «Զենիթին», ոչ-ոքի (1-1) ավարտեց հանդիպումը Ռոստովի «Տորպեդոյի» հետ: Արդյունքում երեւանցիները գրավեցին ընդամենը 5-րդ տեղը եւ կրկին չկարողացան լուծել իրենց առջեւ դրված գլխավոր խնդիրը, թեեւ մրցաշրջան-54-ն ընդհանուր առմամբ բավական հաջող էր թիմի կենսագրությունում:

1955թ. Երեւանի «Սպարտակի» ղեկը ստանձնեց ֆուտբոլի փորձառու մասնագետ Աբրահամ Դանգուլովը: Նա ժամանակին լավ ֆուտբոլիստի համբավ ուներ` ելույթներ ունենալով Հյուսիսային Կովկասի լավագույն թիմերում: Անցնելով մարզչական աշխատանքի` Դանգուլովն իրեն դրսեւորել էր որպես հմուտ մարզիչ-մանկավարժ: Նրա գլխավորությամբ բավական հաջող ելույթներ էին ունեցել Մոսկվայի «Կռիլյա Սովետովն» ու «Սպարտակը»: Իր մարզչական հմտությունները նա դրսեւորեց նաեւ Երեւանում: Թեեւ Դանգուլովն ընդամենը երկու տարի գլխավորեց «Սպարտակը», սակայն շատ բանով նպաստեց թիմի խաղաոճի ձեւավորմանը, ֆուտբոլիստների տեխնիկական վարպետության աճին:

Այդ տարի «Բ» խմբի 32 թիմերը բաժանվել էին 2 փնջի, որոնց հաղթողները միանգամից, առանց եզրափակիչ մրցաշարի, «Ա» խմբի ուղեգիր էին ձեռք բերելու: Այնպես որ, ի տարբերություն նախորդ տարիների, մրցաշրջան-55-ում «Ա» խումբ վերադառնալու հարցը լուծելն ավելի դյուրին էր դառնում: Ցավոք, այս անգամ էլ երեւանցիները չկարոցացան տիրել բաղձալի ուղեգրին: Եվ դրանում միայն իրենք չէին մեղավորը: Ճիշտ է, նրանք անհաջող սկսեցին առաջնությունը` սեփական հարկի տակ մեկնարկային 5 հանդիպումներում վաստակելով ընդամենը 5 միավոր, սակայն հետագայում շտկեցին դրությունը: Մրցակիցների դաշտերում անցկացրած հաջորդ 6 խաղերում երեւանցիներն իրենց պարզապես գերազանց դրսեւորեցին (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Դա հնարավորություն տվեց «Սպարտակին» գլխավորելու աղյուսակը:

Առաջին տեղի համար պայքարում` երեւանցիների գլխավոր մրցակիցը Սվերդլովսկի Սպայի տան թիմն էր: Նրանց միջեւ հոկտեմբերի 12-ին Երեւանում կայացած հանդիպումը կարող էր վերջնականապես վճռել փնջի հաղթողի հարցը: Հանդիպումը սկզբունքային նշանակություն ուներ, ուստի անցավ չափազանց լարված ու համառ մրցապայքարում: Հովհաննես Աբրահամյանի եւ Մանուկ Սեմերջյանի խփած գոլերին հյուրերը պատասխանեցին Վ. Բուզունովի խփած երկու գոլով: Ոչ-ոքի արդյունքը ոչ մի կերպ չէր կարող բավարարել «Սպարտակին», ուստի դաշտի տերերն ամբողջ թիմով նետվեցին գրոհի: Շուտով Հարություն Քարաջյանը խփեց 3-րդ գոլը, սակայն բոլորի համար անսպասելի, մրցավար Շեւցովը չհաշվեց այն: Դա զայրույթի ալիք բարձրացրեց տրիբունաներում եւ հանդիսականները ճեղքելով միլիցիայի շարքերը, ներխուժեցին խաղադաշտ: Խաղն այլեւս հնարավոր չէր շարունակել: Մարզադաշտում կարգուկանոն հաստատելու համար ստիպված էին շտապ կարգով դիմել հրշեջ մեքենաների օգնությանը:

Բնականաբար, երեւանցիները բողոքարկեցին հանդիպման արդյունքը: Այն չեղյալ համարվեց, սակայն տարօրինակ է, որ վերախաղարկումը կայացավ ոչ թե Երեւանում, այլ չեզոք դաշտում` Օդեսայում: Խաղն էլ կայացավ բավական ուշ` նոյեմբերի 22-ին, մինչդեռ առաջնությունն ավարտվել էր դեռեւս հոկտեմբերի 30-ին: Պատճառն այն էր, որ Սվերդլովսկի Սպայի տան թիմն այդ ընթացքում մասնակցում էր զինված ուժերի առաջնությանը: Իհարկե, երեւանցիներին դժվար էր պահպանել մարզավիճակը մրցաշրջանի ավարտից հետո: Բացի այդ, կլիմայական պայմաններն էլ (խաղի օրը Օդեսայում 3 աստիճան էր ու ձյունախառն անձրեւ էր տեղում) անսովոր էին մեր ֆուտբոլիստների համար: Խնդիրը դժվարանում էր նաեւ նրանով, որ բաղձալի ուղեգրին տիրելու համար երեւանցիներին միմիայն հաղթանակ էր անհրաժեշտ, մինչդեռ մրցակցին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Խաղն անհաջող դասավորվեց մեր թիմի համար: 44-րդ րոպեին Պապոյանը ձեռքով կասեցրեց գնդակը եւ Բուզունովն իրացրեց 11մ հարվածը: Հանգստից հետո մրցակիցը եւս մեկ անգամ հասավ հաջողության: Այսպիսով, ուղեգիրը բաժին հասավ սվերդլովսկցիներին, իսկ «Սպարտակը»  42 միավորով (+18=6-6,44-17) հանգրվանեց աղյուսակի 2-րդ հորիզոնականում:

Չնայած այդ անհաջողությանը, ընդհանուր առմամբ թիմի ելույթները գոհացուցիչ էին: Կրկին հուսալի խաղով աչքի ընկավ Սերգեյ Զատիկյանը: Պաշտպանական օղակում ամրապնդվեց երիտասարդ Գրիգոր Համբարձումյանը` ցույց տալով բավական հասուն խաղ: Հարձակման գծում արդյունավետ գործողություններով աչքի ընկան Հովհաննես Աբրահամյանն ու Վալտեր Անտոնյանը` 12-ական գնդակով դառնալով թիմի լավագույն ռմբարկուներ:

1955թ. հիշարժան էր նաեւ նրանով, որ «Սպարտակն» իր առաջին միջազգային հանդիպումներն անցկացրեց` Երեւանում մրցելով Լիբանանի (9-0) եւ Հնդկաստանի (2-2) հավաքականների հետ: Լիբանանցիների հետ խաղում արդյունավետությամբ աչքի ընկավ Հովհաննես Աբրահամյանը` խփելով 5 գոլ:

Հաջորդ մրցաշրջանում եւս երեւանցիներին չհաջողվեց լուծել «Ա» խումբ վերադառնալու խնդիրը: Այդ տարի էլ «Բ» խմբի 36 թիմերը բաժանվել էին 2 փնջի:  «Ա» խմբի ուղեգրի համար պայքարում «Սպարտակի» հիմնական մրցակիցներն էին Կույբիշեւի «Կռիլյա Սովետովն» ու Թբիլիսիի Սպայի տան թիմը: Նախորդ տարվա համեմատ երեւանցիների մեկնարկն ավելի հաջող էր (5 խաղից` 8 միավոր): Սակայն առաջնության ընթացքում համոզիչ ու տպավորիչ հաղթանակների կողքին («Կոլխոզչի» Ստալինաբադ` 11-0, «Տորպեդո» Ստալինգրադ` 6-0, «Սպարտակ» Ֆրունզե` 5-0, «Նեւթյանիկ» Կրասնոդար` 4-1, «Ավանգարդ» Սվերդլովսկ` 4-0 եւ այլն) եղան նաեւ ցավալի սայթաքումներ, միավորների անտեղի կորուստներ, որոնք էլ ի վերջո մեր ֆուտբոլիստներին խանգարեցին լուծելու իրենց առջեւ դրված առաջադրանքը: Եւ դա այն դեպքում, երբ իր գլխավոր մրցակիցների դեմ խաղերում  «Սպարտակը» հաջող էր հանդես եկել: Ի վերջո, 34 հանդիպումում վաստակելով 46 միավոր (+18=10-6,72-27), «Սպարտակը» գրավեց 3-րդ տեղը: Բացառիկ արդյունավետությամբ աչքի ընկավ Հովհաննես Աբրահամյանը (29 գոլ): Այդ տարի «Սպարտակը» Հայաստանը ներկայացրեց ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադայում: Հայաստանի հավաքականն առաջին խաղում 3-0 հաշվով հաղթեց Տաջիկստանի ընտրանուն (գոլերը` Հ. Քարաջյան, Հ. Աբրահամյան, Է. Քափանակցյան) եւ իրավունք ստացավ պայքարելու 1-8-րդ տեղերի համար: Հաջորդ մրցակիցը Վրաստանի հավաքականն էր, որին մեր ֆուտբոլիստները զիջեցին 2-4 հաշվով: Ընդ որում, առաջին խաղակեսում Հ. Աբրահամյանի եւ Ք. Փոլադյանի խփած գոլերի շնորհիվ հայ ֆուտբոլիստները հաշվի մեջ առջեւից էին ընթանում: 5-8-րդ տեղերի համար պայքարում հայ ֆուտբոլիստները նախ առավելության հասան Ադրբեջանի` 3-0 (գոլերը` Հ. Աբրահամյան, Հ. Քարաջյան` 2), ապա եւ ՌՍՖՍՀ-ի 2-1 (Հ. Քարաջյան, Հ. Քեհեյան) հավաքականների նկատմամբ եւ գրավեցին 5-րդ տեղը:

«Սպարտակն» անցկացրեց նաեւ միջազգային խաղեր: Սեպտեմբերի 23-ին, Երեւանում մեր թիմը գեղեցիկ ոճով հաղթեց Ալբանիայի բազմակի չեմպիոն Տիրանայի «Դինամոյին» (3-2), իսկ երկու ամիս անց ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Թեհրանի «Թաջ» թիմի հետ (2-2):

«Ա» խումբ վերադառնալու վճռականությամբ սկսվեց 1957թ. մրցաշրջանը: «Բ»խմբի 3-րդ գոտում հանդես եկող «Սպարտակն» առաջին շրջանում ոչ մի պարտություն չկրեց (12 հաղթանակ, 3 ոչ-ոքի)` ցույց տալով խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերություն` 40-7: Եւ միայն առաջնության 2-րդ գոտում, օգոստոսի 6-ին Բաքվում «Սպարտակն» առաջին պարտությունը կրեց (1-2), ընդ որում երեւանցիները խաղը շահում էին 1-0 հաշվով: Այդ պարտությունը ճակատագրական եղավ, կարծես վերափոխեց թիմին: Թեեւ հետագայում էլ նախավերջին տուրում Ալմա-Աթայում կրած պարտությունը նրանց զրկեց առաջին տեղը գրավելու հնարավորությունից: «Սպարտակին» մեկ միավորով գերազանցեց Թբիլիսիի ԶՕՍԱ-ն: Սպարտակցիներից իր արդյունավետ խաղով աչքի ընկավ Հովհաննես Աբրահամյանը` խփելով 21 գնդակ:

1957թ. հիշարժան էր` «Սպարտակի» Իրան կատարած մրցաշրջագայությամբ: Ապրիլի 22-ից մայիսի 7-ը Իրանի «Թաջ» մարզական ակումբի հրավերով «Սպարտակը» պատասխան այց կատարեց Իրան, ինչը մեծ իրադարձություն էր այդ երկրի մարզական կյանքում: Անցկացրած 4 հանդիպումներում սպարտակցիները դրսեւորեցին իրենց տեխնիկական ու տակտիկական առավելությունները: Երեւանցիները հաղթեցին Իրանի ռազմաօդային ուժերի թիմին` 5-1, Աբադանի «Թաջին» (6-0), որը 1956թ. Իրանի չեմպիոնն էր, Թավրիզի հավաքականին` 6-1: Եվ միայն Թեհրանի «Թաջին», որն ուժեղացվել էր ի հաշիվ այլ թիմերի ֆուտբոլիստների, հաջողվեց դարպասը պահել անառիկ (0-0):

1958թ. թիմի ղեկը ստանձնեց սպորտի վարպետ Բորիս Սմիսլովը, որը մինչ այդ մարզել էր Ուժգորոդի եւ Ստալինգրավի «Սպարտակ» թիմերը: Մարզիչը ձեռնամուխ եղավ թիմի համալրման գործին:

Թիմ հրավիրվեցին Է. Բաղդասարյանը («Պախտակորից»), Ս. Բաբայանը («Դաուգավայից»), Մ. Գալոյանը (Կրասնոդարի «Նեւթյանիկից»): Քութաիսիի «Լոկոմոտիվից» Երեւան եկավ երիտասարդ, բայց իր տաղանդով, նուրբ խաղի մեծ վարպետությամբ արդեն բավականին ճանաչում գտած Սարգիս Հովիվյանը, ով ֆուտբոլի այբուբենը սովորել էր Սուխումում: Բանակից զորացրվելով, Թբիլիսիից թիմ վերադարձավ Կոնստանտին Բեգլարյանը: «Սպարտակը» համալրվեց նաեւ ֆուտբոլի դպրոցի երիտասարդ սաներով:

Առաջին տեղի համար պայքարը հիմնականում ընթացավ Երեւանի «Սպարտակի» եւ Դոնի Ռոստովի «ԶՕՍԱ-ի» միջեւ: Ի վերջո, երկու թիմերն էլ վաստակեցին հավասար քանակությամբ` 43-ական միավոր: Խմբի հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ խաղ, որը կայացավ նոյեմբերի 2-ին Թբիլիսիում: Հաշիվը բացեց Վալտեր Անտոնյանը, սակայն ռոստովցիներին հաջողվեց 2 գոլ խփել: Խաղավարտից 7 րոպե առաջ ձեռքով խաղի համար մրցակցի դարպասին 11մ հարված նշանակվեց, սակայն Մանուկ Սեմերջյանին չհաջողվեց հաղթող դուրս գալ դարպասապահի հետ մենամարտում: Այդ վրիպումը ճակատագրական եղավ սպարտակցիների համար: Հերթական անգամ «Սպարտակը» կորցրեց խմբում առաջին տեղը գրավելու պատեհ առիթը: Այդ տարի «Սպարտակն» աչքի ընկավ ամուր պաշտպանությամբ: 30 խաղում աչքի ընկավ Հովհաննես Աբրահամյանը, որն այս անգամ է, հաստատեց ռմբարկուի իր կոչումը` խփելով 16 գնդակ:

1958թ. կայացավ հանրապետության երկրորդ թիմի` Գյումրիի «Շիրակի» նորամուտը համամիութենական մրցասպարեզում: Գյումրեցիները հանդես եկան «Բ» խմբի նույն 4-րդ գոտում, որտեղ խաղում էին Երեւանի սպարտակցիները: Թիմի ցուցանիշները համեստ էին` +8=3-19, 22-44: 16 թիմերի մրցավեճում շիրակցիները գրավեցին 14-րդ տեղը:

Վերադարձ ուժեղագույնների խումբ

1959թ. երեւանցիներին վերջապես հաջողվեց նվաճել բարձրագույն խմբի ուղեգիրը: «Սպարտակը» գերազանց անցկացրեց ողջ մրցաշրջանը: Մեկնարկում տոնելով 8 անընդմեջ հաղթանակ, սպարտակցիներն առաջին իսկ տուրից գլխավորեցին մրցաշարային աղյուսակը եւ մինչեւ առաջնության ավարտը առաջատարի դիրքը չզիջեցին ոչ մեկին: Թիմը կրեց ընդամենը մեկ պարտություն եւ վստահորեն գրավեց առաջին տեղը` 6 միավորով առաջ անցնելով 2-րդ տեղը զբաղեցրած «Թերեքից»: 1959թ. առաջնության վերջնագծում երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահությունը որոշում կայացրեց ընդլայնելու բարձրագույն խմբի «աշխարհագրություն» հաջորդ տարի «Ա» խմբում հանդես գալու իրավունք տալով Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Մերձբալթյան հանրապետությունների լավագույն թիմերին: Չնայած դրան, երեւանցիները չթուլացրին իրենց տեմպը, շարունակեցին իրենց հաջող մրցելույթները եւ ապացուցեցին, որ արժանիորեն են ստացել ուժեղագույնների խմբում հանդես գալու իրավունքը:

Եվ այսպես, տասնամյա ըդմիջումից հետո հայկական ֆուտբոլը կրկին գրանցում ստացավ «Ա» խմբում: Բնականաբար, անցած 10 տարիներին զգալիորեն փոխվել էր թիմի կազմը: Ֆուտբոլիստների այն սերնդից, որոնք առաջինն էին ներկայացրել մեր ֆուտբոլն «Ա» խմբում, «Սպարտակում» մնացել էին միայն Սերգեյ Զատիկյանը, Հարություն Քեհեյանն ու Մանուկ Սեմերջյանը, նկատելիորեն փոխվել էր նաեւ թիմի խաղաոճը: Եթե 50-ական թվականների սկզբներին Հայաստանի ֆուտբոլիստների խաղում բնորոշ էին կարճ փոխանցումները, դարպասին մոտ տարածություններից հարվածները, գնդակն իրենց մոտ երկար պահելու ձգտումը, ապա այժմ նրանք աչքի էին ընկնում իրենց սրընթաց ճեղքումներով, արագ, երկար փոխանցումներով, տարբեր տարածություններից դարպասին հարվածելու ունակությամբ եւ հարձակողական խաղաոճով:

Ուժեղագույնների խմբում առաջին իսկ մրցաշրջանում սպարտակցիներն իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին: Թեեւ մեկնարկում թիմը վաստակեց միայն մեկ միավոր, սակայն դա չազդեց թիմի մարտունակության վրա: «Սպարտակը» մտավ իր հունի մեջ եւ անընդմեջ տոնած խոշոր հաշվով 3 հաղթանակներով ապացուցեց, որ մեծ ներուժ ունի: Շուտով «Սպարտակը» բարձրագույն խմբում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց` 5-1 հաշվով պարտության մատնելով իր մշտական մրցակից Թբիլիսիի «Դինամոյին»: Երեւանցիներն այդ տարի խոշոր հաշվով 6 հաղթանակ տոնեցին, ինչը ռեկորդային էր թիմի համար ուժեցագույնների խմբում (նման արդյունք հետագայում հաջողվեց ցույց տալ միայն 1973թ.): «Սպարտակն» առանձնապես հաջող հանդես եկավ սեփական հարկի տակ` 15 հանդիպումներից 11-ն ավարտելով իր օգտին, կրելով միայն մեկ պարտություն: «Շիրակից» հրավիրված Ֆելիքս Հարությունյանը 12 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն` կրկնելով Համազասպ Մխոյանի 1950թ. ռեկորդային ցուցանիշը: «Սպարտակն» աչքի ընկավ նաեւ իր կոռեկտ խաղով: Թիմն ընդամենը 4 զգուշացում ստացավ եւ նվաճեց «Արդարացի խաղի» մրցանակը: Դա մեր ֆուտբոլիստների առաջին մրցանակն էր: Այդ տարին նշանավորվեց եւս մեկ հաճելի իրադարձությամբ: Թիմի կիսապաշտպան Հարություն Քեհեյանին շնորհվեց սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Նա Հայաստանի առաջին ֆուտբոլիստն էր, որ արժանանում էր նման բարձր կոչման: Մրցաշրջան-60-ում «Սպարտակն» իր գրագետ խաղով ուրախացրեց մարզասերներին եւ գրավեց նորեկի համար պատվավոր 9-րդ տեղը:

1961թ. մրցաշրջանը նոր հաջողություն բերեց թիմին: Նախնական փուլում «Սպարտակը»  իրավունք նվաճեց պայքարելու 1-10-րդ տեղերի համար, իսկ եզրափակիչ մրցաշարում գրավեց 8-րդ տեղը: Դա երեւանցիների ամենամեծ նվաճումն էր բարձրագույն խմբում: Եթե մինչ այդ թիմն աչքի էր ընկնում իր պաշտպանական գծի խաղացողներով, ապա այդ տարի իր մասին խոսել տվեց նաեւ հարձակման գիծը, որի առաջատարը ԲԿՄԱ-ից թիմ վերադարձած Սարգիս Հովիվյանն էր: Նա աչքի էր ընկնում հոյակապ դրիբլինգով, բարձր տեխնիկական վարպետությամբ եւ տիրապետում էր հեռահար, հուժկու հարվածների: Նրա կողքին հանդես էր գալիս Վալտեր Անտոնյանը, ում հատուկ էր հղկված տակտիկան: Հարձակման գծի աջ թեւում իրեն լավ էր դրսեւորում Ժակ Սուփրիկյանը, ով վտանգավոր էր հատկապես արագընթաց ճեղքումներով: Ձախ թեւում գրոհների կազմակերպիչը Ֆելիքս Հարությունյանն էր, ով այդ տարի խփելով 6 գնդակ, իր գոլերի թիվը հասցրեց 18-ի եւ դարձավ բարձրագույն խմբում թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն: Վստահ էին գործում կիսապաշտպանները Սեդվալդ Բաբայանի գլխավորությամբ: Պաշտպանությունում իր փայլուն խաղով բոլորին հիացրեց Գրիգոր Համբարձումյանը (Գելոն), ով Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն ընդգրկվեց երկրի «33 լավագույնների» ցուցակում` իր գծում ճանաչվելով 2-րդը: Իրենց բարձրության վրա գտնվեցին նաեւ թիմի վետերաններ Սերգեյ Զատիկյանը, Մանուկ Սեմերջյանն ու Հարություն Քեհեյանը: Վերջինս այդ տարի հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին:

1961թ. մրցաշրջանի արդյունքները թիմի երկրպագուներին լավատեսորեն էին տրամադրել: Սակայն նրանց սպասելիքները չարդարացան: 1962թ. թիմն անճանաչելի էր դարձել: Հեշտությամբ զիջելով իր դիրքերը, «Սպարտակը» նախ զրկվեց 1-12-րդ տեղերի համար պայքարելու հնարավորությունից, ապա 13-22-րդ տեղերի համար մրցաշարում մի կերպ կարողացավ պահպանել իր տեղը բարձրագույն խմբում` գրավելով 18-րդ տեղը: Թիմը մի շարք դառը պարտություններ կրեց, իսկ Կիեւում պարզապես ջախջախիչ հարված ստացավ` «Դինամոյին» զիջելով 1-8 հաշվով: Դա բարձրագույն խմբում երեւանցիների կրած ամենախոշոր հաշվով պարտությունն էր: Մրցաշրջան-62-ը վերջինն էր թիմի վերջին մոհիկանների` Սերգեյ Զատիկյանի եւ Մանուկ Սեմերջյանի համար, ովքեր մեծ ավանդ ունեցան հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անվանի դարպասապահի հռչակ ձեռք բերած Սերգեյ Զատիկյանը, թիմում հանդես էր գալիս 1947թ., չնայած պատկառելի տարիքին` հոյակապ վարպետություն ու նախանձելի ռեակցիա էր դրսեւորում, աչքի էր ընկնում իր սառնասրտությամբ: Նա մինչեւ վերջ հավատարիմ մնաց հարազատ կոլեկտիվին` 16 տարի իր ծառայությունները մատուցելով թիմին, թեեւ բազմիցս առաջարկներ էր ստացել երկրի ուժեղագույն ակումբներից:

Ֆուտբոլային իսկական մարտիկ էր նաեւ Մանուկ Սեմերջյանը, ով պաշտպանությունում աչքի էր ընկնում հուսալի խաղով, միաժամանակ միանում էր խաղընկերներին` գրոհելիս: Սեմերջյանը տիրապետում էր հուժկու հարվածների եւ մեկ անգամ չէ, որ վարպետորեն խոցել էր մրցակիցների դարպասները: Նա հիանալի էր իրացնում տուգանային հարվածները` անակնկալի բերելով դարպասապահներին: Ահա թե ինչ է գրել նրա մասին Նիկոլայ Ստարոստինը «Մեծ ֆուտբոլի աստղերը» գրքում. §Մանուկ Սեմերջյանը հավաքականի կազմում հանդես չի եկել, սակայն իր հետքն է թողել սովետական ֆուտբոլում: Երեւանցին փայլուն էր գլխավորում Հայաստանի թիմերի պաշտպանությունը` դաշտում ցուցադրելով այնպիսի գեղարվեստականություն, որին կարոտ են հանդիսատեսները: Օժտված լինելով խլացնող հարվածներով, նա միշտ էլ թիմի լավագույն նշանառությունների շարքում էր լինում: Սեմերջյանն օժտված էր գերազանց ճեղքումներով ու թռիչքներով: Նրա արժանիքներին պետք է դասել հաստատականությունը: Չնայած մի շարք հրապուրիչ առաջարկություններին, նա մինչեւ վերջ հարազատ մնաց իր թիմին»: Այո, 14 տարի Սեմերջյանը հանդես եկավ հարազատ կոլեկտիվում, իսկ մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու օրը իր 4 համարի մարզաշապիկը փոխանցեց երիտասարդ խաղընկերոջը` Ալեքսանդր Կովալենկոյին, ով եւս աչքի ընկավ ֆուտբոլային երկարակեցությամբ:

 «Սպարտակի»անվանափոխությունը«Արարատի»

1962թ. անհաջողությունները ստիպեցին լրջորեն զբաղվել թիմով, որը հանձնվեց «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությանը: Թիմի շեֆությունը ստանձնեց Երեւանի ալյումինի գործարանի կոլեկտիվը: Որոշվեց փոխել նաեւ թիմի անունը: Եղան տարբեր առաջարկներ: Երկարատեւ քննարկումներից հետո ընդունվեց Հայկական ՍՍՀ մարզական ընկերությունների ու կազմակերպությունների միության նախագահ Արտավազդ Խաչիկյանի` թիմն «Արարատ» անվամբ կոչելու առաջարկը: Սակայն «Արարատն» իր անվանակոչության հենց առաջին տարում հիասթափեցրեց երկրպագուներին: Արդեն մեկնարկից անհաջողությունները հետապնդեցին թիմին, իսկ հունիս-հուլիս ամիսներին կրած վեց անընդմեջ պարտություններն ավելի վատթարացրին արարատցիների վիճակը: Խաղային ցածր կարգապահությունը, ֆիզիկական անբավարար պատրաստությունը, տակտիկական թույլ  զինվածությունը դարձան երեւանցիների անհաջողությունների գլխավոր պատճառները: Նոր անունով կնքված թիմն իր ծննդյան առաջին տարում չկանգնեց իր անվան բարձրության վրա եւ 2-րդ անգամ ստիպված եղավ հրաժեշտ տալու բարձրագույն խմբին: Բարեբախտաբար, այս անգամ հրաժեշտը երկար չտեւեց:

1964թ. «Արարատը» գլխավորեց Գեորգի Ժարկովը: Նախնական փուլում արարատցիներին հաջողվեց մտնել լավագույն յոթնյակ եւ շարունակել պայքարը բարձրագույն խմբի չորս ուղեգրերի համար: Սակայն մի շարք հանգամանքներ խանգարեցին արարտցիներին կատարելու գլխավոր խնդիրը` վերադառնալու ուժեղագույնների խումբ: Դեռեւս նախնական խաղերի ժամանակ անհրաժեշտություն զգացվեց լուրջ ու արմատական փոփոխություններ կատարել թիմի կազմում: Տարբեր պատճառներով իրենց տեխնիկական ցուցանիշները նվազեցրած 15 ֆուտբոլիստներ հեռացվեցին կոլեկտիվից: «Սպարտակի» կազմը համալրեցին «Շիրակից¦ հրավիրված դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը, հարձակվող Անատոլի Զիրոյանը, ինչպես նաեւ ֆուտբոլի դպրոցի երիտասարդ սաները: Համալրումն, անտարակույս, նոր լիցք ու թարմությւոն հաղորդեց թիմի գործողություններին, բայց տեխնիկական անբավարար պատրաստականությունը, թերի մարզվածությունը, փորձի պակասն իրենց բացասական կնիքը թողեցին: Ցածր էր նաեւ խաղային կարգապահությունը` առաջնության ընթացքում 6 ֆուտբոլիստներ հեռացվեցին խաղադաշտից:

«Արարատի» մուտքը բարձրագույն խումբ

1965թ. «Արարատի» ղեկը ստանձնեց մարզական հարուստ փորձ ունեցող Արտյոմ Ֆալյանը: Նա թիմն ընդունեց մարտի սկզբներին, Գագրայում, որտեղ «Արարատն» ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Բնավորությամբ խստապահանջ ու սկզբունքային մարզիչն իր գործունեությունը նախեւառաջ ուղղեց թիմում կարգապահության ամրապնդմանը: Եւ դա հաջողվեց նրան: Երեւանցիների կոլեկտիվը դարձավ միաձույլ ու համերաշխ մի ընտանիք, մի բռունցք, որը պատրաստ էր տանելու մրցաշրջանի ողջ ծանրությունը, ցուցաբերելու բարոյակամային բարձր հատկանիշներ: «Արարատ» հրավիրվեցին Մոսկվայի «Սպարտակի» սաներ Վ. Ալաբուժեւն ու Ն. Ուխանովը, Նովոռոսիյսկի «Ցեմենտից»` Գ. Այվազյանը, Տաշքենտից` Վ. Վոլկովն ու Յու. Պադիյանը: Թիմ վերադարձան Վալտեր Անտոնյանն ու Սեյրան Գալստյանը: Առաջնությունն անցկացվում էր երկու փուլով, ընդ որում թիմերը 2-րդ փուլ էին մտնում «ոսկե» միավորներով: Նախնական մրցաշարում երեւանցիները 6-րդն էին, սակայն «ոսկե» միավորների հաշվարկով բարձրագույն խմբի միակ ուղեգրի համար պայքարող 16 թիմերի միջեւ 1-3-րդ տեղերը բաժանեց «Տեքստիլշչիկի¦ եւ «Ավանգարդի» հետ: Եզրափակիչ փուլում եւս արարատցիները հաջող հանդես եկան, մի շարք տպավորիչ հաղթանակներ տոնեցին ու վաստակելով 38 միավոր, զբաղեցրին առաջին տեղը: Սակայն նույնքան միավոր էր վաստակել նաեւ Ալմա-Աթայի «Կայրաթը»: Մրցակարգի համաձայն ուղեգրի տերը պետք է որոշվեր երկու թիմերի միջեւ չեզոք դաշտում` Գրոզնիում կայանալիք լրացուցիչ մրցախաղում: «Արարատը» հաղթելու հույսով ու համոզվածությամբ մեկնեց Գրոզնի: Նույնպիսի համոզվածությամբ Գրոզնի էին շտապում նաեւ թիմի երկրպագուները:

Նոյեմբերի 25-ին մառախուղով էր պատվել Գրոզնու Ս. Օրջոնիկիձեի անվան մարզադաշտը, որը լեփ-լեցուն էր ֆուտբոլասերներով: Խաղի օրն առավոտյան ստացվել էր ֆուտբոլի ԽՍՀՄ ֆեդերացիայի որոշումն այն մասին, որ երկու թիմերն էլ ընդգրկվել են բարձրագույն խմբում, ուստի հարկավոր է որոշել միայն փոքր ոսկե մեդալների տերերին: Ասում են, որ մարզիչները որոշեցին այդ մասին չհայտնել իրենց սաներին:

 Խաղը սկսվեց աշխույժ ու սրընթաց գրոհներով: Հանդիպման 11-րդ րոպեին օգտվելով Սերոբյանի սխալից, Կվոչկին բացեց հաշիվը: Սակայն դա չընկճեց արարատցիներին: Հանդիպման մնացած մասն անցավ արարատցիների անընդհատ գրոհներով, որոնք հատկապես վտանգավոր բնույթ ստացան երկրորդ խաղակեսում: «Կայրաթը» բացահայտորեն խոր պաշտպանություն էր անցել եւ հազիվ էր դիմակայում երեւանցիների ճնշմանը: Եվ երբ խաղի ավարտին մնացել էր 15 րոպե, հետեւեց Հովիվյանի փոխանցումը տուգանային հրապարակ, որտեղից Պայիսը գլխի հարվածով խփեց պատասխան գնդակը: Իսկ որոշ ժամանակ անց, Պայիսը խփեց երկրորդ գոլը եւ վերջակետ դրեց այդ լարված հանդիպմանը: Դա մեր թիմի ոսկե գոլն էր: Դժվար է նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ մարզադաշտում, երբ մրցավար Զվերեւը ազդարարեց խաղի ավարտը: Ֆուտբոլասերները լավայի նման դաշտ թափվեցին` շնորհավորելով իրենց սիրելի ֆուտբոլիստներին: Քիչ անց դաշտում մի մեծ շրջան գոյացավ եւ ֆուտբոլին հաջորդեց հայկական «Քոչարին»: Այո, այդ օրը տոն էր, հայկական ֆուտբոլի տոնը:

Մրցաշրջան-65-ն իրոք իր արժանի տեղն ունի հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Երկու տարվա ընդմիջումից հետո արարատցիները կրկին բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք նվաճեցին: «Արարատն» առաջնության ամենաարդյունավետ թիմն էր, որը մրցակիցների դարպասը 66 գոլ էր խփել: Եվ դա պատահական չէր, քանի որ թիմի տարերքը հարձակումն էր: Մրցաշրջանը գերազանց անցկացրեց Սեյրան Գալստյանը` 18 գնդակով դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: Իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին նաեւ թիմի գրոհների կազմակերպիչ Վալտեր Անտոնյանը (13 գոլ), կենտրոնական հարձակվող Սարգիս Հովիվյանը (10), «ոսկե» գոլերի հեղինակ երիտասարդ Դավիթ Պայիսը (11), ով արժանացավ «Սմենա» հանդեսի լավագույն նորեկի համար սահմանված մրցանակին: Նոյեմբերի 30-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ մրցաշրջանի հերոսների մեծարման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ թիմի ֆուտբոլիստներ Վ. Ալաբուժեւին, Վ. Վոլկովին, Յա. Սերոբյանին, Լ. Հովսեփյանին, Ս. Բաբայանին, Կ. Ավետիսյանին, Ա. Կովալենկոյին, Ն. Մեսրոպյանին, Ռ. Եղիազարյանին, Ա. Գրիգորյանին, Ս. Գալստյանին, Վ. Անտոնյանին, Ս. Հովիվյանին եւ Դ. Պայիսին հանձնվեցին փոքր ոսկե մեդալներ: Ֆուտբոլի ԽՍՀՄ  ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Ռյաշենցեւը թիմի ավագ Ալեքսանդր Կովալենկոյին հանձնեց ֆեդերացիայի փոխանցիկ գավաթը: «Արարատի» ֆուտբոլիստներին շնորհվեց սպորտի վարպետի կոչում, իսկ թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանին` Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում: 1966թ. թիմի առջեւ խնդիր դրվեց ամրապնդվել բարձրագույն խմբում: Թիմը համալրեցին Ալեքսանդր Սյոմինը («Կայրաթից»), Ռաուֆ Յումակուլովն ու Գեորգի Վյունը (երկուսն էլ` Նովոռոսիյսկի «Ցեմենտից»), Հովհաննես Զանազանյանը (Կապանի «Լեռնագործից»): Այդ տարի բարձրագույն խմբում իրենց նորամուտը նշեցին Ալյոշա Աբրահամյանը, Նորայր Մեսրոպյանը, Նիկոլայ Ղազարյանն ու Հովհաննես Զանազանյանը, ովքեր հետագայում «Արարատի» հիմնական կորիզը կազմեցին: Դարպասի պաշտպանությունը վստահվեց Ալյոշա Աբրահամյանին, ով հուսալիորեն կատարեց իր պարտականությունները. անցկացրած 34 հանդիպումներից 18-ում նա դարպասը պահեց անառիկ: Եվ պատահական չէ, որ մրցաշրջանի արդյունքներով Աբրահամյանը Սյոմինի հետ արժանացավ «Սմենա» հանդեսի մրցանակին: «Արարատը» կատարեց իր խնդիրը` գրավելով 13-րդ տեղը: 1967թ. «Արարատի» առջեւ նոր խնդիր դրվեց` տեղ գրավել լավագույն տասնյակում: Դրա համար անհրաժեշտ էր բարձրացնել խաղային կարգապահությունը, կարգավորել բոլոր օղակների համագործակցությունը եւ ավելի վառ կերպով դրսեւորել հարձակողական խաղաոճը: «Արարատը» կատարեց նաեւ այդ խնդիրը` գրավելով 8-րդ պատվավոր տեղը: 1967թ. հանդիպումներից հատկապես հիշարժան էին Մոսկվայի «Տորպեդոյի» հետ մրցախաղերը: Մոսկվայում հունիսի 24-ին կայացած խաղը դրամատիկ ելք ունեցավ: Առաջին 6 րոպեների ընթացքում Կովալենկոն, Ղազարյանն ու Մեսրոպյանը 3 անգամ գրավեցին դաշտի տերերի դարպասը: Սակայն ընդմիջումից հետո տորպեդոյականները չորս անպատասխան գնդակ խփեցին եւ շահեցին հանդիպումը: Հետաքրքրական է, որ գոլերից երկուսը  «Արարատին» խփեց նախկին արարատցի Դավիթ Պայիսը: Երկրորդ շրջանի խաղում, հոկտեմբերի 10-ին «Արարատը» Երեւանում տպավորիչ ռեւանշ վերցրեց` 5 անպատասխան գնդակ ուղարկելով «Տորպեդոյի» դարպասը: Դա բարձրագույն խմբում «Արարատի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր:

Այդ տարի «Արարատը» մրցաշրջագայության մեկնեց Ֆրանսիա: Մարսելի «Օլիմպիկի» (3-3), Փարիզի «Ռեդ Ստարի»  (1-1), «Լիոնի» (2-0) եւ հայկական ակումբների հավաքականի (5-0) հետ հանդիպումներին մեր ֆուտբոլիստներն աչքի ընկան բարձր տեխնիկայով, տակտիկական խելացի մտահղացումներով եւ արժանացան Ֆրանսիայի մարզական հասարակության բարձր գնահատականին:

Մրցաշրջան-67-ում «Արարատի» երիտասարդ կոլեկտիվը ժամանակակից ու բովանդակալից խաղ ցուցադրեց: Հատկապես լավ տպավորություն թողեց Նիկոլայ Ղազարյանը` թիմի ռմբարկուն (11գոլ), ով մրցաշրջանի վերջում երկրի ակումբների հավաքականի կազմում հանդես եկավ Հարավային Ամերկայում եւ տուն վերադարձավ մրցաշարի հարձակվողի համար սահմանված մրցանակով: Հաջող խաղաց նաեւ դարպասապահ Նորայր Դեմիրճյանը, ով անցկացրած 17 հանդիպումներում բաց թողեց ընդամենը 8 գնդակ: Նա արժանացավ «Սմենայի» մրցանակին: Մարզչական ակնառու հաջողությւոնների համար «Արարատի» ավագ մարզիչ Արտյոմ Ֆալյանին շնորհվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում: Նա մեկնեց Լենինգրադ` իր հետ տանելով Գ. Վյունին, Ռ. Յումակուլովին, Գ. Հունանովին:

«Արարատի» առաջին լուրջ հաջողությունները

1968թ. «Արարատը»Էդուարդ Գրիգորյանի գլխավորությամբ անհաջող հանդես եկավ` գրավելով 16-րդ տեղը: 1969թ. թիմի ավագ մարզիչ նշանակվեց խորհրդային ֆուտբոլի փառաբանված վարպետներից մեկը` Ալեքսանդր Պոնոմարյովը: Նա մեծ ուշադրություն դարձրեց կոլեկտիվ խաղի կազմակերպմանը, հստակորեն որոշեց թիմի տակտիկան: Երկրի առաջնությունն անցկացվում էր նոր մրցակարգով: 20 թիմեր բաժանվել էին երկու ենթախմբերի: Մրցանակային տեղերի համար պայքարը շարունակելու էին լավագույն յոթնյակները, իսկ մնացած վեց թիմերը պետք է որոշեին չորս անհաջողակներին, որոնք հրաժեշտ էին տալու բարձրագույն խմբին: Նոր մրցակարգից բոլորից շատ տուժեց «Արարատը», որն իր ենթախմբում հավասար միավորներ էր վաստակել «Զարյայի», «Նեֆթչիի» եւ «Չեռնոմորեցի» հետ, սակայն բաց թողած երկու ավելի գնդակները թիմին զրկեցին «երանելի յոթնյակում» տեղ գրավելու հնարավորությունից: Իսկ ահա վեց-ի մրցաշարում արարատցիները վստահ հանդես եկան` զբաղեցնելով առաջին տեղը: Մոսկվայում արարատցիները 5-1 հաշվով հաղթեցին «Լոկոմոտիվին»: Դա մրցակիցների դաշտերում թիմի ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Այդ խաղում Նիկոլայ Ղազարյանը թիմի ֆուտբոլիստներից առաջինը դարձավ «հեթ-տրիկի» հեղինակ: Իր դիպուկ հարվածներով աչքի ընկավ Հովհաննես Զանազանյանը` սահմանելով բարձրագույն խմբում արդյունավետության նոր ռեկորդ (14 գնդակ): Հաջող էր Արկադի Անդրեասյանի նորամուտը թիմի կազմում: Նա աչքի էր ընկնում իր տեխնիկական պատրաստվածությամբ, դաշտը մեկ հայացքով «չափելու»ունակությամբ: Պաշտպանությունում հատկապես կայուն ելույթ ունեցավ հետին գիծ տեղափոխված Ա. Կովալենկոն, ով Ֆուրման Աբրահամյանի հետ ամուր պատնեշ էր ստեղծում պաշտպանության կենտրոնում:

Ընդհանրապես, «Արարատ-69-ի» խաղում, ինչպես նաեւ առանձին ֆուտբոլիստների գործողություններում լուրջ առաջընթաց էր նկատվում: Դրա վառ ապացույցն այն էր, որ Ն. Մեսրոպյանը, Ս. Անդրեասյանը, Հ. Զանազանյանն ընդգրկվեցին երկրի օլիմպիական, Ս. Բոնդարենկոն, Ն. Ղազարյանը, Լ. Իշտոյանը` երիտասարդական, իսկ Ն. Պետրոսյանը` պատանեկան հավաքականների կազմում: Ա. Պոնոմարյովին հաջողվեց ստեղծել մի թիմ, որտեղ ֆուտբոլիստների անհատական վարպետությունը զուգակցվում էր կոլեկտիվ խաղի հետ: «Արարատի» հիմնական տակտիկական զենքը դարձել էր հարձակողական խաղաոճը: Արդեն ձեւավորվել էր թիմի հիմնական կորիզը: Զգացվում էր, որ թիմն արդեն պատրաստ է պայքարելու բարձր տեղերի համար:

1971-ը՝բեկումնայինտարիհայկականֆուտբոլում

1971թ. օլիմպիական հավաքականի ավագ մարզիչ նշանակվելու պատճառով Ալեքսանդր Պոնոմարյովը հրաժեշտ տվեց «Արարատին»: Նրան փոխարինեց երկրի ճանաչված մասնագետներից մեկը` Նիկոլայ Գլեբովը: Բաքվի «Նեւթչիից» Երեւան տեղափոխվեց ռմբարկուի համբավ ունեցող Էդուարդ Մարգարովը, հանձին որի «Արարատը» Հովիվյանից հետո ունեցավ վառ կենտրոնական հարձակվող: Գլեբովին հաջողվեց իր սաներին հավատ ներշնչել սեփական ուժերի նկատմամբ: Մարզչի համոզմամբ արարատցիների տեխնիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա էր, անհրաժեշտ էր միայն հոգ տանել նրանց համագործակցության եւ դաշտում կոլեկտիվ խաղի կազմակերպման մասին: Գլեբովը գտնում էր, որ արարատցիներն ի վիճակի են պայքարելու մրցանակային տեղերի համար:

«Արարատն»անհաջող սկսեց առաջնությունը` սեփական հարկի տակ երկու հանդիպումներում վաստակելով ընդամենը մեկ միավոր: Սակայն այնուհետեւ թիմը Մոսկվայում միեւնույն` 1-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին եւ «Տորպեդոյին», իսկ հաջորդ խաղում` մայիսի 2-ին, Թբիլիսիում պարզապես ջախջախեց «Դինամոյին» (4-0): Վեցերորդ տուրում` Երեւանում հաղթելով «Նեւթչիին», արարատցիները հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում եւ մինչեւ առաջնության ավարտը պահպանեցին իրենց բարձր դիրքը` առաջին անգամ դառնալով արծաթե մրցանակակիր:

Մայիսի 19-ին իր հյուրընկալ դռները բացեց «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը դարձավ արարատցիների գլխավոր մրցաբեմը: «Կայրաթի» նկատմամբ խոշոր հաշվով (3-0) տարած հաղթանակով արարատցիները նշանավորեցին այդ իրադարձությունը:

«Հրազդանում» խփված առաջին գոլի հեղինակը Ալեքսանդր Կովալենկոն էր:

Մրցաշրջան-71-ը «Արարատը»գերազանց անցկացրեց` աչքի ընկնելով հարձակողական սուր խաղաոճով: Եզրերում գործում էին արագաշարժ Նիկոլայ Ղազարյանն ու Լեւոն Իշտոյանը, որոնց սլացիկ անցումներն ու ճեղքումները եւ տուգանային հրապարակ կատարված հաշվենկատ փոխանցումները հաճախ խուճապի էին մատնում մրցակիցներին: Հարձակման կենտրոնում հնարամտորեն էր գործում Էդուարդ Մարգարովը, ով թիմի գրոհների հիմնական եզրափակողն էր: Օժտված լինելով ռմբարկուի հատկանիշներով, գոլային սուր հոտառությամբ, Մարգարովը կրկնեց Հովհաննես Զանազանյանի երկամյա վաղեմության ռեկորդը` խփելով 14 գոլ:

«Արարատի» կիսապաշտպանական օղակը կազմում էին տեխնիկապես եւ ֆիզիկապես լավ պատրաստված, մեծ աշխատասիրությամբ օժտված Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Բոնդարենկոն եւ Հովհաննես Զանազանյանը, ովքեր ոչ միայն թիմի գրոհների հիմնական  կազմակերպիչներն էին, այլեւ իրենք էին հաճախակի դիպուկ հարվածներով եզրափակում դրանք: Մեր կիսապաշտպանական եռյակն ուժեղագույնն էր երկրում, ուստի պատահական չէր, որ նրանք կազմում էին օլիմպիական հավաքականի կիսապաշտպանական օղակը: Պաշտպանությունում իրենց գրագետ ու հուսալի խաղով աչքի էին ընկնում Կովալենկոն, Մեսրոպյանը, Ֆ. Աբրահամյանը, Ռուդիկ Ավանեսյանը, Լեւոն Հովսեփյանը: Հուսալի էր գործում դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:

Այո, ցնծության մրցաշրջան էր 1971թ., որն առաջին անգամ արծաթե դափնիներով պսակեց հայ ֆուտբոլիստներին: Դեռ երբեք «Արարատը» չէր խաղացել այդպես համագործակցված, արագ եւ գեղեցիկ, ինչպես այդ տարի: Թիմի խաղը բարձր գնահատվեց երկրի ճանաչված մասնագետների կողմից: Հայկական ֆուտբոլը մեծ հեղինակություն էր նվաճել: Վեց արարատցիներ` Ա. Կովալենկոն, Ն. Մեսրոպյանը, Լ. Իշտոյանը, Հ. Զանազանյանն ու Էդ. Մարգարովն ընդգրկվեցին երկրի «33 լավագույն» ֆուտբոլիստների ցուցակում, ընդ որում Իշտոյանը ճանաչվեց լավագույն աջ եզրային հարձակվող: Իշտոյանը Հայաստանի ֆուտբոլիսներից առաջինը երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցեց պաշտոնական հանդիպմանը: «Ֆուտբոլ-հոկեյ» շաբաթաթերթի հարցման արդյունքներով Էդ. Մարգարովը երկրի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում 3-րդն էր` Եվգենի Ռուդակովից ու Վիկտոր Կոլոտովից հետո: Այդ տարին Մարգարովի համար նշանավորվեց նաեւ Գ. Ֆեդոտովի անվան ռմբարկուների խորհրդանշական ակումբի կազմում ընդգրկմամբ: Հոբելյանական` 100-րդ գնդակը նա խփեց «Հրազդանում», «Զենիթի» դարպասը: «Արարատին» հանձնվեց նաեւ արհմիությունների փոխանցիկ գավաթը, իսկ ֆուտբոլիստները պարգեւատրվեցին փոքր ոսկե մեդալներով:

Հաջորդ տարի «Արարատը» եւս մոտ էր մրցանակային տեղին, սակայն վերջնագծում «Դնեպրից»սեփական հարկի տակ կրած պարտությունը զրկեց այդ հնարավորությունից: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած Կիեւի եւ Թբիլիսիի դինամոյականները միայն մեկ միավորով առաջ անցան «Արարատից», որը գրավեց 4-րդ տեղը: Սակայն դա ժամանակավոր նահանջ էր:

1972թ. կայացավ «Արարատի» նորամուտը եվրոպական գավաթների մրցադաշտերում: ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում արարատցիները հասան մինչեւ 1/8 եզրափակիչ: Հաղթելով Կիպրոսի ԷՊԱ-ին (1-0, 1-0), Շվեյցարիայի «Գրասհոպերսին» (3-1, 4-2), երեւանցիները 1/8 եզրափակիչում միայն 11մ հարվածներով զիջեցին գերմանական «Կայցերսլաուտերնին»: Երեւանում խաղը 2-0 հաշվով շահել էր «Արարատը», իսկ մրցակցի դաշտում գրանցվել էր նույն հաշիվը` գերմանացի ֆուտբոլիստների օգտին: Մեծ հաջողության հասան Ա. Անդրեասյանն ու Հ. Զանազանյանը` ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում մյունխենյան օլիմպիադայում դառնալով բրոնզե մրցանակակիրներ: Նրանց երկուսին էլ շնորհվեց միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:

Հայկական ֆուտբոլը 80-ական թվականներին

 Թեեւ 1976թ. հետո «Արարատին» այլեւս չհաջողվեց տեղ զբաղեցնել ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիրների շարքում, սակայն հետագա տարիներին էլ թիմում հանդես էին գալիս ֆուտբոլային վառ անհատականություններ, որոնք իրենց վարպետ խաղով հիացմունք էին առաջացնում: Նրանցից լավագույնն, իհարկե, միջազգային կարգի սպորտի վարպետ Խորեն Հովհաննիսյանն է` «Արարատի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն (93 գնդակ), 80-ական թվականների առաջին կեսի թիմի ավագը: Խորհրդանշական է, որ Խորեն Հովհաննիսյանն «Արարատի» կազմում ընդգրկվեց հայկական ֆուտբոլի համար ոսկեբեր տարում` 1973թ.: Ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցի սանն արդեն ԽՍՀՄ պատանեկան հավաքականի անդամ էր եւ հենց հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Լադինի խորհրդով էլ Նիկիտա Սիմոնյանը 18-ամյա Խորենին ընդգրկել էր թիմի փոխարինողների կազմում: Արդեն փոխարինողների կազմում նա իր խաղընկերներից առանձնանում էր տեխնիկական նուրբ վարպետությամբ, ձախ ոտքի դիպուկ ու ուժգին հարվածներով, խաղը կազմակերպելու հմտությամբ: Փոխարինողների կազմում անցկացրած 2 մրցաշրջանը լավ դպրոց հանդիսացավ երիտասարդ ֆուտբոլիստի խաղային ունակությունների զարգացման համար: 1975թ. մարտի 19-ին Խորեն Հովհաննիսյանն իր նորամուտը նշեց «Արարատի» հիմնական կազմում, այն էլ հանրահայտ Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում` 64-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Նիկոլայ Ղազարյանի փոխարեն: Մարզիչների այս քայլը շատերի մոտ զարմանք առաջացրեց, սակայն շուտով ֆուտբոլասերները համոզվեցին, որ նորեկը տեխնիկապես լավ պատրաստված, մեծ աշխատասիրությամբ օժտված ֆուտբոլիստ է: 1975թ. հունիսի 10-ին Խորեն Հովհաննիսյանը բացեց ԽՍՀՄ առաջնություններում խփած գոլերի թիվը` գրավելով Դոնեցկի «Շախտյորի» դարպասը: Հետագա տարիներին Հովհաննիսյանն իր վարպետ խաղով, գրոհները կազմակերպելու եւ դրանք հաջողությամբ եզրափակելու ունակությամբ, բազմիցս արժանացել է ֆուտբոլասերների հիացմունքին: Խորենն օժտված էր գոլային յուրօրինակ հոտառությամբ, ռմբարկուի հատկանիշներով: Եվ պատահական չէ, որ շուտով նրան հաջողվեց գերազանցել թիմի արդյունավետության մի շարք ռեկորդներ: 1983թ. նա գերազանցեց Նիկոլայ Ղազարյանի ռեկորդը, ով մինչ այդ 67 գնդակով «Արարատի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն էր: 1979թ. Խորենը մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդ սահմանեց (17գոլ)` գերազանցելով Հովհաննես Զանազանյանի (1969թ.) եւ Էդուարդ Մարգարովի (1971թ.) լավագույն ցուցանիշը (14 գնդակ): Հետագայում միայն տաղանդաշատ մեկ այլ ֆուտբոլիստի` Համլետ Մխիթարյանին 1984թ. հաջողվեց մեկ գնդակով գերազանցել Խորենի արդյունավետության ռեկորդը: Հովհաննիսյանն «Արարատի» ֆուտբոլիստներից բոլորից հաճախ` 5-ական անգամ դարձել է թիմի լավագույն ռմբարկու եւ ընդգրկվել երկրի «33 լավագույն» ֆուտբոլիստների ցանցում:

1984թ. փետրվարի 27-ին Լենինգրադում ԽՍՀՄ գավաթի 1/8 եզրափակիչում գրավելով «Զենիթի» դարպասը, Հովհաննիսյանը դարձավ հանրահայտ Գրիգորի Ֆեդոտովի անվան ռմբարկուների խորհրդանշական ակումբի պատվավոր անդամ: Ակումբի 46 անդամների ցանկում Հովհաննիսյանը 113 գնդակով զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը` ընկերակցելով ոչ պակաս հանրահայտ իր հայրենակիցներին` Նիկիտա Սիմոնյանին (180 գոլ, 2-րդ տեղ) եւ Էդուարդ Մարգարովին (157 գոլ, 7-րդ տեղ):

Խորեն Հովհաննիսյաննի վարպետ խաղը չէր կարող չարժանանալ երկրի հավաքականների մարզիչների ուշադրությանը: Նա հաջորդաբար հանդես է եկել երկրի պատանեկան, երիտասարդական, օլիմպիական եւ ազգային հավաքականներում` մասնակցելով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի ընտրական եւ եզրափակիչ փուլերի հանդիպումներին: 1976թ. Հովհաննիսյանը ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ 1980թ. մոսկովյան օլիմպիադայում մեծ ներդրում ունեցավ ԽՍՀՄ հավաքականի հաջողությունում: Բրոնզե մեդալների համար Հարավսլավիայի հավաքականի հետ մրցավեճում ընդմիջումից հետո մտնելով խաղադաշտ` Խորենը շուտով գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը` նպաստելով ԽՍՀՄ հավաքականի հաղթանակին (2-0): Խորենն արժանացավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալին եւ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը` կրկնելով մյունխենյան օլիմպիադայում իր ավագ խաղընկերների` Հովհաննես Զանազանյանի եւ Արկադի Անդրեասյանի արդյունքը: Խորեն Հովհաննիսյանին վիճակվեց Հայաստանի ֆուտբոլիստներից առավել շատ խաղ անցկացնել ԽՍՀՄ ազգային եւ օլիմպիական հավաքականներում` աչքի ընկնելով նաեւ արդյունավետությամբ (37 խաղ, 8 գոլ): Չնայած ֆուտբոլային պատկառելի տարիքին, 37-ամյա Խորեն Հովհաննիսյանը 1992թ. հաջողությամբ էր զուգակցում ՀՄԸՄ-ի խաղացողի եւ գլխավոր մարզչի պարտականությունները: Նա այդ տարի դարձավ 17 գոլի հեղինակ:

Հայկական ֆուտբոլի նոր սերնդի լավագույն ներկայացուցիչների թվում իրենց արժանի տեղն ունեն նաեւ Աշոտ Խաչատրյանը, Համլետ Մխիթարյանը, Բաբկեն Մելիքյանը: Աշոտ Խաչատրյանն 80-ական թվականների «Արարատի» պաշտպանության հենասյուներից էր, աչքի էր ընկնում իր հուսալի ու կայուն խաղով: Նա մինչեւ վերջ հավատարիմ մնաց հարազատ կոլեկտիվին` ստանձնելով նաեւ թիմի ավագի պարտականությունները, «Արարատում» ընդհանուր առմամբ 16 մրցաշրջանների ընթացքում անցկացնելով 366 խաղ: Դա 2-րդ ցուցանիշն է թիմում` Սերգեյ Բոնդարենկոյի ռեկորդային արդյունքից հետո (392 խաղ): Աշոտ Խաչատրյանն էլ հաջողությամբ է հանդես եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական եւ օլիմպիական հավաքականներում: 1977թ. նա երկրի պատանեկան հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր, իսկ հաջորդ տարի իր թիմակիցների հետ հռչակվեց մայրցամաքի չեմպիոն: 1979թ. «Արարատի» պաշտպանն աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ մեկ տարի անց նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը` արժանանալով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: 1991թ. ավարտելով ելույթներն «Արարատում», Աշոտ Խաչատրյանը ֆուտբոլային իր գործողությունը շարունակեց Ֆրանսիայում` հանդես գալով Իսի դը Մուլինոյի թիմի կազմում, որտեղից էլ բազմիցս հրավիրվել է ՀՀ հավաքական: 1980-ականներին իր կրակոտ խաղով, արագաշարժությամբ, եզրային սուր ճեղքումներով ու դիպուկ հարվածներով թիմի առանցքային ֆուտբոլիստներից էր Համլետ Մխիթարյանը, ով այդ տարիներին խաղադաշտում հիանալի էր համագործակցում խաղընկերների, հատկապես` Խորեն Հովհաննիսյանի հետ: Եվ այդ համագործակցությունից մեկ անգամ չէ, որ «ծնվել» են գեղեցիկ կոմբինացիաներ, որոնց արդյունքում խփվել են տպավորիչ գոլեր հենց Մխիթարյանի կատարմամբ: Նա «Արարատի» ֆուտբոլիստներից առաջինն էր, որ հանդես եկավ արտերկրում: Ֆրանսիական §Վալանսում» էլ Մխիթարյանն աչքի ընկավ իր անզուգական խաղով ու ռմբարկուի հատկանիշներով: Ցավոք, անբուժելի հիվանդությունը կտրեց նրա կյանքի թելն ուժերի ծաղկման շրջանում:

Իր հուսալի ու գրագետ խաղով, տեխնիկական պատրաստվածությամբ ու ֆուտբոլային երկարակեցությամբ առանձնանում էր նաեւ Բաբկեն Մելիքյանը: Բնավորությամբ համեստ այս ֆուտբոլիստը խաղադաշտում կերպարանափոխվում էր, համարձակորեն պայքարի մեջ մտնում մրցակիցների հետ յուրաքանչյուր գնդակի համար: Մելիքյանը յուրօրինակ դրիբլինգի էր տիրապետում, հաճախակի շրջանցում մրցակցի պաշտպաններին եւ գրավում դարպասը: «Արարատի» կազմում անցկացրած 302 խաղում Բաբկեն Մելիքյանը խփել է 43 գնդակ, ինչը վեցերորդ ցուցանիշն է թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում: 1991թ. ավարտելով ելույթները «Արարատում»` Մելիքյանն էլ մեկնեց արտերկիր` Լիբանան, հաջողությամբ նեկայացնելով հայկական ֆուտբոլը: Նա երկար տարիներ հանդես է եկել նաեւ Լիբանանի ազգաին հավաքականում:

ԱՐԱՐԱՏ-73

«Արարատ-73»-ի ոսկեդուբլը

1973թ. «Արարատին» մարզելու հրավիրվեց սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Նա իր սաների հետ ապացուցեց, որ «Արարատն» ի վիճակի է նվաճելու խորհրդային ֆուտբոլի բարձունքները: Մրցաշրջան-73-ն իրոք ոսկե տառերով գրվեց հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Իր պատմության մեջ առաջին անգամ «Արարատը» դարձավ եւ երկրի չեմպիոն, եւ ԽՍՀՄ գավաթակիր:

«Արարատը» գերազանց անցկացրեց ողջ մրցաշրջանը` պատվով լուծելով իր առջեւ դրված դժվարին խնդիրները: Դեռեւս մեկնարկում մեր ֆուտբոլիստները գեղեցիկ ոճով հաղթեցին երկրի 1971թ. չեմպիոն Կիեւի «Դինամոյին» (3-1), իսկ հաջորդ խաղում նրանց առջեւ իրենց զենքերը վայր դրեց երկրի 1972թ. չեմպիոն «Զարյան»` զիջելով 11մ հարվածներով (հիմնական ժամանակը` 1-1): 9-րդ տուրում Ալմա-Աթայում հաղթելով  «Կայրաթին» (4-1), «Արարատը» ստանձնեց առաջատարի դերը եւ մինչեւ առաջնության ավարտը միայն մեկ անգամ (21-րդ տուրից հետո) առաջին տեղը զիջեց իր հիմնական ախոյանին` Կիեւի «Դինամոյին»: 16-րդ տուրից հետո «Արարատը» 5 միավորով առաջ էր անցել կիեւցիներից եւ մասնագետներից շատերը գտնում էին, որ չեմպիոնի հարցն արդեն վճռված է: Սակայն մի պահ «Արարատը» տեղի տվեց` չորս խաղում վերացնելով 5 միավորի առավելությունը: Զգացնել տվեցին երկրի գավաթի համար անցկացրած ծանր մրցախաղերը «Զարյայի» (2-0, 0-1), եւ «Դնեպրի» (1-0, 1-0) հետ, որոնք մեր թիմին եզրափակիչի ուղի հարթեցին: Իհարկե, արարատցիների համար դժվար էր երկու ճակատով պայքար մղելը, սակայն ի պատիվ նրանց, մեր ֆուտբոլիստները պատվով դուրս եկան դժվարին քննությունից:

19 տարվա ընդմիջումից հետո «Արարատն» ու Կիեւի «Դինամոն» կրկին հանդիպեցին երկրի գավաթի եզրափակիչում: Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած եզրափակիչը հարուստ էր դրամատիկ պահերով: Հաշիվը 61-րդ րոպեին 11մ հարվածով բացեց Վիկտոր Կոլոտովը: Նիկիտա Սիմոնյանը թարմ ուժեր մտցրեց խաղադաշտ եւ երբ խաղի ավարտին հաշված վայրկայններ էին մնում, Լեւոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը: Իսկ լրացուցիչ ժամանակի 13-րդ րոպեին Լեւոն Իշտոյանը խփեց հաղթական գնդակը եւ արարատցիները տիրեցին գավաթին: Այդ հաղթանակը նոր լիցք հաղորդեց արարատցիներին, որոնք առաջնության վերջնագծում վսահ ելույթների շնորհիվ հաղթանակով ավարտեցին հաջող սկսած մրցաշրջանը:

Հոկտեմբերի 28-ին «Հրազդանում» ծնվեց երկրի նոր` 8-րդ չեմպիոնը:

Մասնագետների համընդհանուր կարծիքով երկրի նոր չեմպիոնը յուրահատուկ ձեռագիր ունեցող թիմ էր, որին չէիր շփոթի մեկ այլ թիմի հետ: Նրա խաղը հիմնված էր ֆուտբոլիստների տեխնիկական բարձր վարպետության, ֆիզիկական գերազանց պատրաստության եւ բարոյակամային բարձր հատկանիշների վրա: Արարատցիներն աչքի էին ընկնում հարձակողական խաղաոճով, առանց գնդակի արագ տեղաշարժերով, եզրերից սլացիկ ճեղքումներով եւ դեպի տուգանային հրապարակ կատարող փոխանցումներով, որոնք հաճախ էին եզրափակվում դիպուկ հարվածներով:

Հաջողությունում մեծ էր թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի դերը: Իր նախորդներից` Ա. Ֆալյանից, Ա. Պոնոմարյովից ու Ն.Գլեբովից ժառանգելով տարիների ընթացքում կուտակվածը, նա ներդրեց նաեւ սեփականը` սիմոնյանականը եւ «Արարատին» հասցրեց ֆուտբոլային օլիմպոսի ամենաբարձր գագաթին: Նրան հաջողվեց ստեղծել մի մարտունակ ու համերաշխ կոլեկտիվ, հավատ ներշնչել ֆուտբոլիստներին սեփական ուժերի նկատմամբ, բարձրացնել խաղացողների պատասխանատվությունը:

Իսկ ովքեր էին մրցաշրջան-73-ի հերոսները: Ողջ մրցաշրջանում դարպասը հուսալիորեն պաշտպանեց Ալյոշա Աբրահամյանը, ով §33 լավագույնների» ցուցակում 2-րդն էր Պիլգույից հետո: Պաշտպանությունում հմուտ ու փորձառու Կովալենկոյի եւ Մեսրոպյանի կողքին գերազանց հանդես եկան Արմեն Սարգսյանը, Սանասար Գեւորգյանը, Սուրեն Մարտիրոսյանն ու Արկադի Հարությունյանը: Կրկին «Արարատի» կիսապաշտպանական գիծը ուժեղագույնն էր երկում: Այստեղ հանդես էին գալիս Ա. Անդրեասյանը, Ս. Բոնդարենկոն, Հ. Զանազանյանը, Ս. Պողոսյանը: Հարձակման գծում աչքի էին ընկնում Էդ. Մարգարովը, Լ. Իշտոյանը, Ն. Ղազարյանն ու Ն. Պետրոսյանը: Նրանք արժանացան չեմպիոնի ոսկե մեդալների:

Ութ արարատցիներ ընդգրկվեցին «33 լավագույնների» ցանկում, ընդ որում Անդրեասյանն ու Իշտոյանն առաջինն էին իրենց գծերում: Արկադի Անդրեասյանը երկրում ճանաչվեց 2-րդ ֆուտբոլիստը` Օլեգ Բլոխինից հետո: Լավագույն տասնյակում ընդգրկվեցին Իշտոյանը, Մարգարովն ու Աբրահամյանը: Արմեն Սարգսյանը արժանացավ «Սմենա» հանդեսի լավագույն նորեկի մրցանակին:

«Արարատի» հաջողությունները Եվրոպական մրցասպարեզում

1974թ. թիմը չկարողացավ դրսեւորել իր բոլոր ունակությունները, մինչեւ վերջ աչքի ընկնել մարտական բնավորությամբ ու գրավեց 5-րդ տեղը, թեեւ մինչեւ առաջնության վերջնագիծը լավ հնարավորություններ էր պահպանում մտնելու մրցանակային եռյակ: Այդ տարի երեւանցիները իրենց նորամուտը նշեցին Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի խաղարկությունում: Համոզիչ հաղթանակներ տանելով նորվեգական «Վիկինգի» (2-0, 4-2) եւ իռլանդական «Սելթիկի» (2-1, 5-0) նկատմամբ, «Արարատը» քառորդ եզրափակիչում ուժերը չափեց հանրահայտ Մյունխենի «Բավարիայի» հետ: Հենց «Բավարիայի» հետ Մյունխենում անցկացրած խաղն էլ արարատցիների առաջին պաշտոնական հանդիպումն էր մրցաշրջան-75-ում, որում թիմի ղեկը ստանձնել էր Վիկտոր Մասլովը: Արարատցիները լրջորեն դիմադրեցին ահեղ մրցակցին, որի կազմում հանդես էին գալիս աշխարհի հինգ չեմպիոններ: Միայն խաղավերջում դաշտի տերերին հաջողվեց կոտրել արարատցիների դիմադրությունը եւ 2-0 հաշվով հաղթել: Մարտի 19-ին «Հրազդանում» կայացած պատասխան խաղում «Արարատը» հաղթեց ահեղ մրցակցին` շնորհիվ Արկադի Անդրեասյանի խփած միակ գոլի: Դա պատահեց խաղի 34-րդ րոպեին, երբ «Արարատի» կիսապաշտպանը օդային մենամարտում հաղթող դուրս գալով Ֆրանց Բեկենբաուերի հետ, գլխի հարվածով խոցեց Զեպ Մայերի դարպասը: Այդ խաղում «Արարատում» իր նորամուտը նշեց Խորեն Հովհաննիսյանը` հայկական ֆուտբոլի «աստղերից» մեկը` հետագայում դառնալով թիմի առաջատարն ու ավագը:

«Արարատի»վերջին հաջողությունները ԽՍՀՄ առաջնությունում

Առաջնությունում արարատցիներն անհավասար ելույթներ ունեցան: Եթե սեփական հարկի տակ թիմը 30 հնարավորից վաստակեց 25 միավոր, ապա հյուրընկալվելիս արարատցիների «ավարը» շատ համեստ էր (9 միավոր): «Արարատը» կրկին հանգրվանեց 5-րդ տեղում: Փոխարենը արարատցիները փայլուն հանդես եկան ԽՍՀՄ գավաթի մրցաշարում: Եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով «Զարյային»` «Արարատը» դարձավ կրկնակի գավաթակիր: Վ. Մասլովը տակտիկական որոշ փոփոխություններ մտցրեց թիմի գործողություններում: Շուտով նա հրաժարվեց Ն. Ղազարյանի ծառայություններից, Լ. Իշտոյանին էլ հազվադեպ էր տեղ տալիս հիմնական կազմում: Փաստորեն, մի շարք հանդիպումներում «Արարատը» հանդես եկավ առանց «մաքուր» եզրային հարձակվողների:

1976թ. դարձյալ փոխվեց թիմի մարզիչը: Մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալով, Էդուարդ Մարգարովը ստանձնեց «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ տարի անցկացվեց երկու առաջնություն: Գարնանային առաջնությունում արարատցիները փայլուն հանդես եկան եւ մոտ էին չեմպիոնի կոչմանը, սակայն վճռական խաղում Մոսկվայում զիջեցին դինամոյականներին (0-1) եւ բավարարվեցին արծաթե մեդալներով: Հաջողությունում մեծ էր փորձառու Արկադի Անդրեասյանի եւ Նիկոլայ Ղազարյանի ներդրումը, որոնց բաժին էր ընկնում թիմի խփած 22 գնդակներից 15-ը: Անդրեասյանը 8 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու` արժանանալով «Տրուդ» թերթի մրցանակին:

Երկրորդ տարին անընդմեջ «Արարատը» մտավ գավաթի եզրափակիչ: Սակայն այս անգամ թիմն անհաջողության մատնվեց` զիջելով Թբիլիսիի «Դինամոյին» (0-3): Ցավոք, աշնանային առաջնությունում թիմը զիջեց իր դիրքերը` հայտնվելով վտանգավոր գոտում: Եվ միայն ավարտական տուրում, Երեւանում հաղթելով Մոսկվայի «Տորպեդոյին» (1-0), կարողացավ պահպանել իր տեղը բարձրագույն խմբում: Հաջորդ մրցաշրջանում պատմությունը կրկնվեց: Եվ դարձյալ միայն «Տորպեդոյի» հետ ոչ-ոքին (1-1) փրկեց արարատցիներին առաջին խումբ տեղափոխվելու վտանգից:

Մրցաշրջան-76-ը վերջինն էր «Արարատի» կենսագրությունում, որում թիմը մրցանակակիր դարձավ: Հետագա տարիներին այլեւս հաջողություններ չգրանցվեցին, թեեւ եղան առանձին մրցաշրջաններ, որտեղ «Արարատը» հաջող հանդես եկավ: Դրանցից մեկը 1982 թվականն էր, երբ Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ արարատցիները գրավեցին 5-րդ պատվավոր տեղը: Այդ արդյունքը հետագայում կրկնել այլեւս չհաջողվեց:

Ցավոք, տարբեր պատճառներով շատ շուտ ասպարեզը թողեցին մրցաշրջան-73-ի հերոսները: Նրանց փոխարինած երիտասարդները չկարողացան ինչպես հարկն է իրենց դրսեւորել, թեեւ հետագայում «Արարատում» հանդես եկած ֆուտբոլիստների թվում էլ կային վառ անհատականություններ: Ժամանակը ցույց տվեց, որ սերնդափոխությունը հապճեպ էր կատարվել: Սերնդափոխության հարցում թույլ տված սխալները եւ ցուցաբերած ավելորդ շտապողականությունը ծանր հետեւանքներ ունեցան: 80-ական թվականներին արարատցիներն անկայուն ելույթներ ունեցան: Մարզիչների եւ թիմի կազմի հաճախակի փոփոխությունները բացասաբար էին անդրադառնում թիմի ելույթների վրա: 1991թ. «Արարատը» վերջին անգամ մասնակցեց ԽՍՀՄ առաջնությանը` գրավելով 7-րդ տեղը: 1992թ. սկսվեց հայկական ֆուտբոլի նոր տարեգրությունը:

Հայկական ֆուտբոլի տարեգրությունում իրենց արժանի ներդրումն են ունեցել նաեւ հանրապետության մյուս վարպետ թիմերը: 1958թ. համամիութենական ասպարեզում («Բ» խումբ` երկրորդ խումբ) հանդես է եկել Գյումրիի «Շիրակը», որը պատվով է կատարել իր գլխավոր խնդիրը` ֆուտբոլային կադրեր պատրաստելով հանրապետության դրոշակակրի` Երեւանի «Արարատի» համար: Հիշատակենք Ֆելիքս Հարությունյանին, Ժակ Սուփրիկյանին, Ռուդիկ Եղիազարյանին, Ալյոշա եւ Ֆուրման Աբրահամյաններին, Սեյրան Գալստյանին, Անատոլի Զիրոյանին, Նորայր Խաչատրյանին, Հովհաննես Կիրակոսյանին: 1965թ. «Շիրակում» հանդես է եկել նաեւ Արկադի Անդրեասյանը:

Տարբեր տարիների համամիութենական առաջնություններին մասնակցել են նաեւ Վանաձորի «Լոռին», Աբովյանի «Կոտայքը», Կապանի «Լեռնագործը», Երեւանի «Բուրիվեստնիկը», «Նաիրին», «Արաքսը», ՖԻՄԱ-ն, «Արաբկիրը», «Պրոմեթեւսը», «Ավտոմոբիլիստը», Արմավիրի «Սեւանը», «Սպարտակը», Էջմիածնի «Արաքսը», Արտաշատի «Օլիմպիան», որոնցից յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով նպաստել է հայկական ֆուտբոլի առաջընթացին:

Հայկական ֆուտբոլն անկախության տարիներին

ԽՍՀՄ փլուզումից հետո անկախություն ձեռք բերած բոլոր հանրապետություններում ստեղծվեցին ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվեց 1992 թ. հունվարի 18-ին, իսկ ՀՖՖ առաջին նախագահ դարձավ Նիկոլայ Ղազարյանը: Նույն թվականին ՀՖՖ-ն անդամագրվեց ՈՒԵՖԱ-ին, իսկ հուլիսի 3-ին` նաև ՖԻՖԱ-ին: Ձևավորվեց նաև Հայաստանի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչ նշանակվեց Էդուարդ Մարգարովը: 1992 թ. Հոկտեմբերի 14-ին Հայաստանի նորաստեղծ հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը` ընկերական խաղում մրցելով Մոլդովայի հավաքականի հետ: “Հրազդան” մարզադաշտում տեղի ունեցած մրցավեճում առաջին անգամ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստներն էին Հարություն Աբրահամյանը, Արմեն Շահգելդյանը, Վարդան Խաչատրյանը, Երվանդ Կրբաշյանը, Սարգիս Կարապետյանը, Սարգիս Հովսեփյանը, Արտաշես Ադամյանը, Արամայիս Տոնոյանը, Արսեն Ավետիսյանը, Սամվել Կոստանդյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը: Թիմի ավագն էր Վարդան Խաչատրյանը: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`0:0:

Առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կազմում, դարձավ Արսեն Ավետիսյանը` 1994 թ. հուլիսի 16-ին ընկերական խաղում գրավելով Մալթայի հավաքականի դարպասը: 1994 թ. Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականն անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը` Եվրո-96-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելով Բելգիայի հավաքականի հետ: Բրյուսելում տեղի ունեցած խաղում մեր ընտրանին պարտվեց 0-2 հաշվով, իսկ պաշտոնական խաղերում մեր դարպասը խփած առաջին գոլի հեղինակը դարձավ Երվանդ Կրբաշյանը` գրավելով սեփական դարպասը: Ընդհանուր առմամբ, Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց 6 հանդիպում`հաղթելով 1, ոչ-ոքի խաղալով 2 և պարտվելով 3 խաղում: 1995 թ. Հայաստանի հավաքականի ղեկին նրան փոխարինեց Սամվել Դարբինյանը: Հենց նրա օրոք Հայաստանի հավաքականը խփեց պաշտոնական խաղերում իր առաջին գնդակը: 1995 թ. մայիսի 10-ին Մակեդոնիայի հավաքականի հետ մրցավեճում գոլի հեղինակ դարձավ Ռազմիկ Գրիգորյանը: Եվրո-96-ի ընտրական շրջափուլն այնքան էլ հաջող չդասավորվեց Հայաստանի հավաքականի համար մի շարք պատճառներով: Երկիրը գտնվում էր ետպատերազմյան շրջանում: Բազմաթիվ դժվարություններ կային  կազմակերպչական հարցերում: Գրեթե յուրաքանչյուր խաղի հավաքականը հանդես էր գալիս տարբեր գույնի և դիզայնի մարզահագուստով: Խաղացողների մեծ մասի մոտ զգացվում էր միջազգային բարձր մակարդակի հանդիպումներին մասնակցելու փորձի պակասը:

1996 թ.` Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլից առաջ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Խորեն Հովհաննիսյանը: Չնայած որ Հայաստանի հավաքականը հայտնվել էր բարդագույն խմբում, այդուհանդերձ, կարողացավ անցկացնել մի քանի հաջող հանդիպումներ` սեփական հարկի տակ ոչ-ոքի ավարտելով Պորտուգալիայի, իսկ մրցակցի հարկի տակ` Ուկրաինայի հավաքականների հետ մրցավեճերը, սեփական հարկի տակ հաղթելով Ալբանիայի հավաքականին: Այդ, ինչպես նաև հաջորդ շրջափուլում, որը Հայաստանի հավաքականն սկսեց արդեն Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ, մեր ընտրանին հանդես էր գալիս PUMA ֆիրմայի մարզահագուստով: Չնայած հավաքականի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, այդ տարիներին դեռևս դժվարություններ կային հավաքականի արտագնա հանդիպումների հեռարձակման հետ: Ֆուտբոլասերները հիմնականում ստիպված էին լինում բավարարվել ռադիոռեպորտաժներով:

Աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականն սկսեց արդեն Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ և Lotto ֆիրմայի մարզագահուստով: Հեռուստատեսությամբ սկսվեցին ցուցադրվել Հայաստանի հավաքականի արտագնա հանդիպումները: Հայաստանի հավաքականը կարողացավ ոչ-ոքի ավարտել առաջին իսկ հանդիպումն այն ժամանակ ևրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկը համարվող Նորվեգիայի ընտրանու հետ: Թվում էր` մեր ընտրանին վերջապես կկարողանա հավակնել խմբում բարձր տեղ գրավելուն, սակայն այդ ընտրական փուլն արդյունքում դարձավ ամենաանհաջողը հավաքականի պատմության մեջ և միակը, երբ մեր թիմը չկարողացավ տանել ոչ մի հաղթանակ:

2002 թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Հայրապետյանը, իսկ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջին անգամ վստահվեց արտասահմանցի մասնագետի` արգենտինացի Օսկար Լոպեսին: Սակայն նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց ընդամենը 2 հանդիպում, որից հետո 2003 թ. նրան փոխարինեց արդեն ռումինացի Միխայ Ստոյկիցան: Նրա օրոք Հայաստանի հավաքականը 2 անգամ հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, չնայած պարտություններին՝ հաջող հանդիպումներ անցկացրեց Իսպանիայի և Ուկրաինայի հավաքականների հետ արտագնա մրցավեճերում:

2004 թ. Հայաստանի հավաքականի պաշտոնական գործընկեր դարձավ Hummel ընկերությունը: 2006 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականն սկսեց ֆրանսիացի Բեռնար Կազոնիի գլխավորությամբ, որին 2005 թ. փոխարինեց հոլանդացի Հենկ Վիսմանը:  Չնայած մեր հավաքականը վաստակեց 7 միավոր, սակայն խաղի առումով այս շրջափուլն ամենաանհաջողներից մեկն էր:

2008 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց շոտլանդացի Յան Պորտերֆիլդը: Նրա գլխավորությամբ առաջին 5 խաղերում հավաքականը վաստակեց ընդամենը 1 միավոր, սակայն դրանից հետո սկսվեց տպավորիչ հանդիպումների շարքը: Հաղթանակ Ղազախստանի և Լեհաստանի հավաքականների նկատմամբ, ոչ-ոքի Պորտուգալիայի հավաքականի հետ: Հավաքականն իսկական վերելք էր ապրում: Յան Պորտերֆիլդին հաջողվել էր ստեղծել մի թիմ, որի համար գոյություն չունեին հեղինակություններ: Ցավոք, անբուժելի հիվանդության պատճառով շոտլանդացի մասնագետր չկարողացավ ավարտին հասցնել իր սկսած գործը: Նրա մահից հետո Հայաստանի հավաքականն ավարտեց ընտրական փուլը Վարդան Մինասյանի և Թոմ Ջոնսի գլխավորությամբ: 2008 թ. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Յան Պոուլսենը: Դանիացի մասնագետի գլխավորությամբ հավաքականը պարտվեց առաջին 4 ընտրական խաղերում այդ թվում՝ Թուրքիայի հավաքականի հետ սկզբունքային մրցավեճում: Էստոնիայի հավաքականի հետ երևանյան ոչ-ոքիից հետո Պոուլսենը հեռացավ հավաքականից, իսկ գլխավոր մարզչի պաշտոնակատար կրկին դարձավ Վարդան Մինասյանը: Հավաքականում տեղի ունեցան որոշակի դրական փոփոխություններ, սակայն կորցրածը ետ բերել այլևս հնարավոր չէր: Միայն մեկ ոչ-ոքի և մեկ հաղթանակ ողջ շրջափուլում, ընդամենը 4 միավոր և ամենաանհաջող ընտրական փուլը պատմության մեջ: Եվրո-2012-ի ընտրական փուլի վիճակահանությունից անմիջապես հետո, երբ Վարդան Մինասյանը հաստատվեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, սկսվեց հավաքականի սերնդափոխության գործընթացը: Երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը աստիճանաբար վերածվեցին հավաքականի առաջատարների: 2010 թ. օգոստոսին հավաքականի շարքերը համալրեց Յուրա Մովսիսյանը: Եթե ընտրական փուլի առաջին 2 խաղերում հավաքականը օպտիմալ տարբերակների որոնման փուլում էր, ապա սկսած երրորդ խաղից՝ հավաքականն սկսեց ցուցադրել այնպիսի ֆուտբոլ, որի մասին նախկինում կարելի էր միայն երազել: Հավաքելով 17 միավոր՝ վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը նույնիսկ հավակնում էր խմբում 2-րդ տեղ գրավելուն և անցումային խաղերի իրավունք վաստակելուն, սակայն մրցավարական ակնհայտ սխալների պատճառով մեր հավաքականը պարտվեց Իռլանդիայի հավաքականին և բավարարվեց երրորդ տեղով: Բայց դա էլ բավական էր պատմության մեջ լավագույն արդյունքն ապահովելու համար:

2012 թ. մայիսին Հունաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդես եկավ adidas ֆիրմայի մարզահագուստով: Մեր ընտրանին հաջող սկսեց ընտրական փուլը՝ հաղթելով Մալթայի հավաքականին, սակայն դրան հետևեցին պարտությունները Բուլղարիայի և Իտալիայի հավաքականներից: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականն անցկացրած 10 խաղերում տարավ 4 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտվեց ոչ-ոքի, ևս 5 խաղում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց: Այս շրջափուլում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ հաղթեց այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Դանիան և Չեխիան:

2016 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլն անհաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար: Մեր թիմը կարողացավ վաստակել ընդամենը 2 միավոր՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումները համապատասխանաբար Սերբիայի և Դանիայի հավաքականների հետ:

Main sponsor

Sponsors