Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատրաստվում են
11.07.201315:28
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատրաստվում են

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը շարունակում է իրենց ակումբների կազմերում պատրաստվել նոր մրցաշրջանին: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:

 

Ինչպես գիտենք, Կապանի «Գանձասարը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մրցում է ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Երևանում կայացած առաջին խաղում Արզումանյանը բացակայում էր ղազախական թիմի հայտացուցակից: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Արզումանյանը նշեց, որ այժմ Գերմանիայում է, որտեղ պատրաստվում է ծնկի վիրահատության:

 

Մեկ այլ կենտրոնական պաշտպան՝ Հրայր Մկոյանն այս օրերին Երևանում է: Մկոյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց,, որ այժմ վերականգնման փուլում է եւ հույս հայտնեց, որ կհասցնի ապաքինվել օգոստոսին կայանալիք Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումից առաջ: Ակումբային հարցերում դեռևս հստակություն չկա: Մկոյանն ունի մի քանի առաջարկներ տարբեր ակումբներից, բայց վերջնական որոշում դեռ չի կայացրել:

 

Մեր զրույցի պահին Արտյոմ Խաչատուրովը իր նոր ակումբի՝ «Տիրասպոլի» կազմում պատրաստվում էր Եվրոպա լիգայի «Սկոնտո»-«Տիրասպոլ» մրցավեճին: Առաջին խաղում մոլդովական թիմը պարտություն է կրել 0:1 հաշվով, իսկ Խաչատուրովը մասնակցել է ողջ հանդիպմանը:

 

Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ պաշտպան՝ Վալերի Ալեքսանյանն այս օրերին Իրանում է: Ալեքսանյանը մեկամյա պայմանագիր է ստորագրել «Ռահ ահան» ակումբի հետ: Ալեքսանյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ ծանոթ է մի քանի ֆուտբոլիստների հետ, իսկ ակումբի մարզիչն անձամբ է ցանկություն հայտնել Ալեքսանյանին տեսնել իրենց թիմում: Իրանի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 24-ին:

 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է մարզումները «Սպարտակի» կազմում: Երեկ Յուրան թիմակիցների հետ մասնակցել է «Սպարտակի» նոր մարզահագուստի շնորհանդեսին: Այս մրցաշրջանից սկսած՝ Յուրան «Սպարտակում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:

 

Կարագանդայի «Շախտյոր» տեղափոխված Գևորգ Ղազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ վերջին օրերին չի մարզվում ակումբի հետ, քանի որ հիվանդացել է ջրծաղիկով: Ղազարյանն ի վիճակի կլինի վերսկսել մարզումները միայն հուլիսի 14-ին, սակայն չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «ԲԱՏԷ»-ի հետ առաջին հանդիպմանը:

 

Առաջիկա օրերին մենք կշարունակենք մեր հարցազրույցները Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 21 38
2. Ալաշկերտ 20 37
3. Արարատ 20 36
4. Արարատ-Արմենիա 20 34
5. ՈՒրարտու 20 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 21 22
9. Շիրակ 22 13