// Ռուբեն Նազարեթյան. «Կան ֆուտբոլիստներ, որոնք կամրապնդվեն հավաքականում»

Նորություններ

-
Ռուբեն Նազարեթյան. «Կան ֆուտբոլիստներ, որոնք կամրապնդվեն հավաքականում»
30.05.201416:24
Ռուբեն Նազարեթյան. «Կան ֆուտբոլիստներ, որոնք կամրապնդվեն հավաքականում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ից 30-ը մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքն ավարտվեց այսօր՝ երկկողմանի խաղով, որից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ:

 

- Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս հավաքը:  

 

- Հավաքի բուն նպատակը ճանաչողական էր, փորձարկվեցին մեծ թվով նորեկներ, երիտասարդ խաղացողներ: Ընդհանուր առմամբ, մենք ստացանք այն, ինչ ուզում էինք: Իմ կարծիքով, հրավիրված ֆուտբոլիստների մեջ կան լավ ներուժ ունեցող տղաներ, որոնք հետագայում կամրապնդվեն հավաքականում:

 

- Փաստորեն, այս հավաքին մասնակցում էին միայն ներքին առաջնությա՞ն ֆուտբոլիստները:

 

- Այո, որովհետև իմաստ չկար հրավիրելու լեգեոներներին, որոնց կարողություններին մենք շատ լավ ծանոթ ենք: Այդ պատճառով մենք հրավիրել էինք Հայաստանի առաջնությունում աչքի ընկած ֆուտբոլիստներին:  Մեր հիմնական նպատակներից մեկը թիմի կազմը երիտասարդացնելն է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տարեց ֆուտբոլիստներով դժվար է արդյունավետ հանդես գալ Եվրոպայում:

 

- Ովքե՞ր են ընդգրկված հավաքականի մարզչական շտաբում:

 

- Ինձ օգնում են Զոհրապ Նիազյանը և դարպասապահների մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը:

 

- Ի՞նչ ծրագրեր կան ապագայում:

 

- Ամռանը նախատեսվում է հավաք Վրաստանում, որտեղ մենք կանցկացնենք նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի հավաքականի հետ: Այսօր ստացել ենք ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկ՝ ռուսական «Միտիշի» թիմից, որը բավականին ուժեղ մրցակից է: Կփորձենք հնարավորինս հագեցած անցկացնել այս ժամանակահատվածը, որպեզի մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը թիմը լիովին պատրաստ լինի:  

 

- Ձեր կարծիքով, այս կազմով, գումարած արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, հնարավո՞ր է լուծել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

 

- Մարզումների ժամանակ ես տեսնում եմ խաղացողների ներուժը, բայց իրական պատկերը կերևա միայն ընկերական խաղերի ժամանակ: Միայն դրանցից հետո մենք կկարողանանք ավելի ամբողջական կարծիք կազմել մեր հնարավորությունների մասին: Շատ բան կախված կլինի նաև վիճակահանության արդյունքներից: Ամեն դեպքում աշխատելու ենք լիարժեք ուսումնասիրել մեր մրցակիցներին, որպեսզի կարողանանք ապահովել պատշաճ արդյունք:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Լոռի ՖԱ 4 6
7. Արարատ-Արմենիա 4 5
8. Փյունիկ 6 5
9. Գանձասար-Կապան 5 4
10. Շիրակ 4 1