// ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը կկայանան սահմանված ժամկետներում

Նորություններ

-
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը կկայանան սահմանված ժամկետներում
28.09.202018:58
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը կկայանան սահմանված ժամկետներում

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլի հանդիպումները, բացառությամբ արդեն իսկ հետաձգված «Նոա»-«Վան» հանդիպման, կկայանան սեպտեմբերի 30-ին՝ 16:15-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող պատերազմական լայնածավալ գործողությունների վրա, որոշել է բոլոր հանդիպումներից առաջ իրականացնել #ArtsakhStrong արշավը:

Հանդիպումները կսկսվեն լռության րոպեով, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեն սև ժապավեններ: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ տարածքում ռազմական դրության առկայությունը և առաջնորդվելով ՀՀ Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի հոդված 8-ի ը կետով, որոշվել է հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների:

Այս որոշումները կայացվել են ՀՖՖ Գործկոմի՝ սեպտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստում, որին ներկա էին նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ ՀՖՖ գործադիր կոմիտեում ներկայացուցիչ չունեցող ակումբների ղեկավար պաշտոնյաները, ովքեր ևս մասնակցեցին քննարկումներին՝ իրենց կարծիքն արտահայտելով առաջնության հետագա ընթացքի վերաբերյալ: 

Սեպտեմբերի 27-ին ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացրել էր ակումբներին, որ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը հետաձգվել են մինչև ռազմական դրության ավարտը՝ առաջնորդվելով ՀՀ ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքով: Դրանից հետո կայացվել էր ՀՀ կառավարության որոշումը Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն մտցնելու մասին, որով չի արգելվում ֆուտբոլային հանդիպումների անցկացումը:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների միջև քննարկումների արդյունքում ՀՖՖ գործկոմը որոշեց չհետաձգել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը:

«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում, «Շիրակ»- «Լոռի» հանդիպումը՝ Գյումրիի Քաղաքային մարզադաշտում, «Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը՝ Ձորաղբյուրի մարզադաշտում: Բոլոր հանդիպումները կկայանան սեպտեմբերի 30-ին: Սկիզբը՝ ժամը 16:15-ին:

ՀՖՖ Գործկոմը նաև քննարկեց ՀՖՖ տարեկան ժողովի անցկացման ժամկետների և վայրի հարցը: Նախապես որոշված էր ՀՖՖ տարեկան ժողովն անցկացնել նոյեմբերի 3-ին, սակայն, ելնելով ներկա իրավիճակից, ՀՖՖ գործկոմը որոշեց հետաձգել ՀՖՖ տարեկան ժողովի անցկացման օրվա և վայրի քննարկման հարցը և անդրադառնալ դրան հետագայում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետևում է ստեղծված իրավիճակին և կարող է ցանկացած պահի կայացնել առաջնության հետագա ընթացքի վերաբերյալ այլ որոշում: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Գանձասար-Կապան 6 7
7. Լոռի ՖԱ 5 6
8. Արարատ-Արմենիա 4 5
9. Փյունիկ 6 5
10. Շիրակ 4 1