Նորություններ

-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15.06.202215:05
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, ով մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

 

Վարչապետը ողջունել է պարոն Ինֆանտինոյի այցը մեր երկիր և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին:

 

ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով: 

 

Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին: 

 

Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում: 

 

ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: 

 

Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները:

Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում:

 

Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18