Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգա. ի՞նչ է պետք իմանալ մրցաշարի մասին

Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգա. ի՞նչ է պետք իմանալ մրցաշարի մասին

Նոյեմբերի 5-ին կմեկնարկի Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի նոր՝ 2022/2023 մրցաշրջանը։

Մրցաշարն ունի նոր ձևաչափ. մասնակից տասը թիմերը բաժանվել են 2 խմբի, որոնցում ընդգրկված 5-ական թիմերը սեփական և մրցակցի հարկի տակ կմրցեն միմյանց դեմ։

A խմբում ընդգրկված են «UWC Դիլիջան», «Տիգրանակերտ», «ՖԱ Կիլիկիա», «Ֆալկոնս» և «Նաիրի ՄԱ» թիմերը, իսկ B խմբում են «Բենտոնիտ», «ԷկոՎիլ», «Արարատի Արաքս», «Զովունի» և «Աջափնյակ-Երևան» թիմերը:

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը 2 խաղով անցկացվող կիսաեզրափակիչներում կպարզեն եզրափակչի մասնակիցներին։

Առաջին անգամ պատմության մեջ Սիրողական լիգայում երեք լավագույն արդյունք գրանցած թիմերը հնարավորություն կունենան հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Fastex Հայաստանի Գավաթի խաղարկությանը:

Այժմ փորձենք հասկանալ՝ ինչ են իրենցից ներկայացնում մասնակից թիմերը:

«Աջափնյակ-Երևան»

Թիմը նախորդ մրցաշրջանում ևս մասնակցում էր Սիրողական լիգային և արդեն փորձառու կազմ ունի։ «Աջափնյակ-Երևանի» կազմում հանդես էր գալիս նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի Առաջին խմբի 2008 թվականի լավագույն ռմբարկու Սեմյոն Մուրադյանը, իսկ այս տարի թիմի գույները կպաշտպանի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախնիկ հարձակվող Գալուստ Պետրոսյանը։

«Արարատի Արաքս»

Արարատի մարզը ներկայացնող թիմը տնային հանդիպումները կանցկացնի Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում։ Թիմը ներկայացնում են նախկինում Ֆուտզալի Բարձրագույն խմբում հանդես եկած «Լուսառատ» թիմի ֆուտբոլիստները։

«Կիլիկիա»

Թիմը Սիրողական լիգայի նախորդ մրցաշրջանում հաջող ելույթներ էր ունենում և մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Բրոնզե մեդալակրի կազմում հանդես էր գալիս և իր ելույթները կշարունակի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ գվինեացի Աբուբաքար Սիլլան։

«Զովունի»

«Զովունի» թիմը ներկայացնում է Կոտայքի մարզի համանուն համայնքը։ Թիմի կազմում հանդես են գալիս հիմնականում երիտասարդ՝ 16-17 տարեկան ֆուտբոլիստներ, որոնց իրենց փորձով օգնում են մի քանի վետերաններ։

«ԷկոՎիլ»

Նախորդ մրցաշրջանում թիմը հավասար միավորներ վաստակեց և միայն խփած-բաց թողած գնդակների հարաբերակցությամբ երրորդ տեղը զիջեց «Կիլիկիային»։ Թիմի առաջատար ֆուտբոլիստներից է Սիրողական լիգայում արդեն աչքի ընկած Օլուէբուբե Միրաքլը:

«Ֆալկոնս»

Թիմը սեփական հարկի տակ հանդիպումները կանցկացնի Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում։ Ֆուտբոլիստների գերակշիռ մասը միասին հանդես է եկել նաև Ֆուտզալի Բարձրագույն խմբի համանուն թիմի կազմում։ «Ֆալկոնսում» այս մրցաշրջանում հանդես կգա «Ալաշկերտի» և «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Պապե Կամարան։

«Նաիրի»

«Նաիրին» Սիրողական լիգայի անդրանիկ չեմպիոն «Ախթամարի» իրավահաջորդն է։ Չեմպիոնը պահպանել է կազմը և ունի նոր համալրումներ։ «Նաիրիի» կազմում հանդես կգա «Բանանցի» և Հայաստանի Մ-21 hավաքականի նախկին դարպասապահ Ալբերտ Օհանյանը։ Թիմը տնային հանդիպումները կանցկացնի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում։

«Տիգրանակերտ»

Երևանյան թիմն առաջին անգամ է մասնակցում Սիրողական լիգային։ «Տիգրանակերտի» կազմի հիմնական կորիզը կազմում եմ նախորդ մրցաշրջանի փոխչեմպիոն «Ռեալ Արմի Ֆուդի» ֆուտբոլիստները։

«Դիլիջան UWC»

«Դիլիջան UWC»-ն Սիրողական լիգայի նորեկներից է։ Թիմը կազմված է Դիլիջան քաղաքում գտնվող միջազգային դպրոցի աշակերտներից, որտեղ գերակշիռ մասը կազմում են արտասահմանցիները։ Տնային հանդիպումները «Դիլիջան UWC»-ն կանցկացնի Դիլիջանի միջազգային դպրոցի խաղադաշտում։

«Բենտոնիտ»

Տավուշի մարզը ներկայացնող թիմն առաջին անգամ է մասնակցում Սիրողական լիգայի առաջնությանը։ Թիմն ամբողջովին կազմված է Տավուշի մարզի «Նիկարմ» և «Բենտոնիտ» ակումբների մանկապատանեկան թիմերի սաներից։

«Բենտոնիտի»՝ սեփական հարկի տակ անցկացվող հանդիպումները կկայանան Աչաջուր համայնքի մարզադաշտում։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ