Գլխավոր >> Նորություններ >> «Գանձասար» ՖԱ դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ

«Գանձասար» ՖԱ դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ

Շարունակում ենք ներկայացնել Fastex Պրեմիեր Լիգայի ակումբների դիրքորոշումները ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:

Ստորև «Գանձասար» ՖԱ դիրքորոշումը

Գանձասար ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը համարում է, որ ՀՊԼ-ին մասնակցող թիմերի քանակն անհրաժեշտ է հասցնել առնվազն 12-ի։ Համարում ենք, որ 12 թիմով առաջնությունն անցկացնելն ավելի արդյունավետ կլինի ինչպես առաջնության հետաքրքրության, այնպես էլ առաջնության մակարդակի բարձրացման տեսանկյունից։ Բացի այդ, որքան շատ են ոչ միայն ՀՊԼ, այլեւ Առաջին խմբի մասնակից թիմերը, այնքան ավելի շատ տաղանդավոր երիտասարդներ հնարավորություն կստանան իրենց ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլում։ Ի դեպ, հնարավորության դեպքում, ցանկալի կլիներ ՀՊԼ-ում տեսնել 12-ից ավելի ակումբների։

Ինչ վերաբերում է Առաջին խմբի առաջնությանը, ապա կարծում ենք, որ մրցաշարին մասնակից ակումբների քանակը անհրաժեշտ է սահմանել 10-ը` առանց ՀՊԼ ակումբների դուստր թիմերի։ ՀՊԼ ակումբների դուստր թիմերը պետք է մասնակցեն ո՛չ թե Առաջին խմբի առաջնությանը, այլ տվյալ թիմերի համար պետք է ստեղծել առանձին առաջնություն։ Ի դեպ, համարում ենք, որ Առաջին խմբի առաջնության մասնակից յուրաքանաչյուր ակումբի համար պետք է սահմանել օտարերկյա ֆուտբոլիստների սահմանաչափ։ Օրինակ` թիմերից յուրաքանաչյուրը միաժամանակ խաղադաշտ կարող է դուրս բերել 5 լեգեոներ ֆուտբոլիստի։ Առաջին խմբի առաջնությունը պետք է ծառայի հայկական ֆուտբոլի զարգացմանը, ուստի այդ մրցաշարին մասնակցելու հնարավորություն պետք է տալ առավելապես հայ ֆուտբոլիստներին։

ԲԿՄԱ-ի վերաբերյալ հայտնում ենք, որ Գանձասարը դեմ չէ նախագծին, սակայն կարծում է, որ ԲԿՄԱ-ն կամ պետք է մասնակցի բացառապես Առաջին խմբի առաջնությանը, կամ` ՀՊԼ-ին մասնակցելու դեպքում, բանակայինների մասնակցությամբ խաղերում միավոր չի խաղարկվելու։ Անդրադառնալով ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների կամ ՀՀ տարբեր տարիքային հավաքականների անդամների նկատմամբ գործող սահմանափակմանը` պետք է նշենք, որ Գանձասարը կողմ է, որպեսզի խաղադաշտում միաժամանակ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ` առնվազն 3 ֆուտբոլիստ կամ, հնարավորության դեպքում` 2-ը (կամ սահմանափակում չլինի)։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ