
«Վան» ՖԱ դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ
Շարունակում ենք ներկայացնել Fastex Պրեմիեր Լիգայի ակումբների դիրքորոշումները ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:
Ստորև «Վան» ՖԱ դիրքորոշումը
«Վան» ֆուտբոլայի ակումբը համաձայն է ՀՖՖ առաջարկի Բ տարբերակի հետ, նպատակահարմար է գտնում, որպեսզի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կայանա 10 թիմով, շրջանների քանակը՝ 3 (135 խաղ), իսկ մրցափուլերը 27 տուրով: Ըստ այս տարբերակի Մրցումների բաժինը ունենում է 27 խաղային շաբաթ, որը հնարավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, իսկ Հայաստանի գավաթի խաղերը երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին:
«Վան» ֆուտբոլայի ակումբը համաձայն է, որ ՀՊԼ առաջնության վերջին 10-րդ տեղը զբաղեցրած թիմը լքի ՀՊԼ-ն և հանդես գա ԱԽ-ում, փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք ստանա հանդես գալու ՀՊԼ-ում, իսկ Պրեմիեր լիգայում նախավերջին տեղը գրաված թիմը անցումային հանդիպում անցկացնի առաջին խմբում 2-րդ տեղը գրաված թիմի հետ:
«Վան» ՖԱ-ն առաջարկում է ՀՊԼ-ում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային տարբեր տարիքային հավաքականների անդամների քանակի սահմանափակումը մնա անփոփոխ:
ԲԿՄԱ-ի հետ կապված այն տարբերակները, որ առաջարկել է ՀՖՖ-ն, մենք համաձայն ենք՝ ԲԿՄԱ-ն հանդես գա Պրեմիեր լիգայում հաշվարկից դուրս՝ առանց միավորներ խաղարկվելու տարբերակի: