Նորություններ

-
Արթուր Պետրոսյան. «Վաղվա խաղում հաստատ փոփոխություններ կլինեն»
07.10.201721:15
Արթուր Պետրոսյան. «Վաղվա խաղում հաստատ փոփոխություններ կլինեն»

Հոկտեմբերի 7-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

 

Ի՞նչ վնասվածք է ստացել Դավիթ Մանոյանը և ինչպիսի՞ վիճակում են հավաքականի հետ Ղազախստան ժամանած Մարկոս Պիզելլին և Գագիկ Դաղբաշյանը:

- Մանոյանը, իրոք, վնասվածք է ստացել, վաղը կմեկնի Կիպրոս, և պարզ կդառնա վնասվածքի լրջությունը,  իսկ ինչ վերաբերում է Մարկոսին և Դաղբաշյանին, նրանք երկուսն էլ առողջ են, և եթե ամեն ինչ նորմալ լինի, վաղը կկարողանան դուրս գալ խաղադաշտ:

- Երևի թե գիտեք, որ Ղազախստանի ընտրանին առաջիկա հանդիպմանը մոտենում է կորուստներով: Դա ինչ-որ առավելություն տալի՞ս է Հայաստանի հավաքականին:

- Գիտեմ, որ Ղազախստանի ընտրանու 3 ֆուտբոլիստներ բաց են թողնելու առաջիկա հանդիպումը և գիտեմ, որ Իսլամխանն ու Լոգվինենկոն մասնակցելու են խաղին: Չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կազդի խաղի վրա: Ղազախստանի համար սա վերջին տնային հանդիպումն է, և նրանք պետք է տրամադրված լինեն հաղթանակի: Կարծում եմ, որ սա կողմերի համար հեղինակության խաղ է: Սպասում եմ, որ հանդիպումը լարված է լինելու:

-Երևանում կայացած Հայաստան-Ղազախստան հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները որոշիչ եղան: Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականին ֆավորի՞տ է դարձնում առաջիկա խաղում:

- Չեմ կարծում, թե Երևանում կայացած խաղի արդյունքը կախված էր միայն Մխիթարյանի գործողություններից: Ֆուտբոլը թիմային խաղ է և եթե թիմակիցները նրան չօգնեին, ապա այդ հաղթանակը չէր լինի: Ամեն դեպքում, Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է և իսկական ավագ: Նա միշտ ցանկանում է օգնել թիմին: Դա հարյուր տոկոսով այդպես է:

-Երևանյան խաղում Ղազախստանի հավաքականի ստացած կարմր քարտը որքանո՞վ էր որոշիչ վերջնական հաշվի ձևավորման հարցում:

Մենք առաջին խաղակեսում առավելություն ունեինք, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում մի փոքր առավելություն ունեին ղազախները: Ինձ թվում է, որ իրենց մոտ կարմիր քարտից հետո ինչ-որ մի բան կոտրվեց, իսկ մեր վստահությունն ավելացավ:

Ինչպիսի՞ հոգեբանական աշխատանք է տարվել լեհերից 6 գնդակ բաց թողած Գրիգոր Մելիքսեթյանի և պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ: Փորձարկումներ կլինե՞ն:

- Փորձարկումներ չեն լինի: Որոշ ֆուտբոլիստներ, որոնք մեզ հետ ժամանել են Ղազախստան, խաղալու հնարավորություն կստանան: Ինչ վերաբերում է Ձեր նշած ֆուտբոլիստներին, ապա միայն նրանք չեն, որ սխալվել են: Մենք խոսակցություն ենք ունեցել այդ թեմայով: Բոլորն էլ հասկանում են, որ այսպիսի ցավալի պարտությունը հեշտ չէ մոռանալ, բայց վստահ եմ, որ տղաները կփորձեն:

Կարելի՞ է ասել, որ դարպասապահի հարցն ամենացավալի խնդիրն է Հայաստանի ընտրանու համար՝ հաշվի առնելով, որ Ռոման Բերեզովսկուց հետո ընտրանին դեռ չի գտել նրա արժանի փոխարինողին:

- Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին: Բոլորն էլ գիտեն, որ այդ գծում մենք խնդիր ունենք: Հուսով եմ, որ այն դարպասապահները, որոնք հանդես են գալիս հավաքականի կազմում, պարզապես փորձի պակաս ունեն: Նրանք կառաջադիմեն քայլ առ քայլ: Այլ տարբերակներ չունենք:

Գրիգոր Մելիքսեթյանը կմասնակցի՞ վաղվա խաղին: 

- Այսպիսի ծանր խաղից հետո չեմ կարծում, որ ճիշտ կլինի նրան խաղադաշտ դուրս բերել:

Ժոզե Մոուրինյուն խնդրե՞լ է Ձեզ խնայել Հենրիխ Մխիթարյանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ արհեստական խաղադաշտի վրա խաղալը բավականին մեծ ռիսկ է ֆուտբոլիստի համար:

- Անկեղծ ասած` ոչ: Հենրիխը նույնպես չի խնդրել: Նա պատրաստ է խաղին: 

Վերջին տարիներին Հայաստանի և Ղազախստանի ընտրանիները այդքան էլ լավ ելույթներ չեն ունենում ընտրական փուլերում: Այդպիսի խնդիր նկատվում է նաև ԱՊՀ այլ երկրներում: Դա մեր ընդհանո՞ւր խնդիրն է:

- Հնարավոր է` խնդիր կա մտածելակերպի մեջ: Մենք անհամբեր ենք: Կարծում ենք, որ հաջողությունը կլինի այսօր կամ վաղը: Մենք չենք կարողանում երկարատև ծրագիր ստեղծել և տարիների ընթացքում հետևել այդ ծրագրին: Կա այսպիսի հոգեբանություն. 1000 դոլարի ներդրում ես անում և սպասում ես, որ վաղը կստանաս 3 հազարը: Ինձ թվում է` բոլորս էլ ունենք այդ խնդիրը: Ես աշխատել եմ արտասահմանում, այնտեղ աճել եմ որպես մարզիչ: Նրանք ծրագիր ունեին և հետևում էին դրան շուրջ 10 տարի: Մեր երկրներում երիտասարդական ֆուտբոլում մարզիչն արդյունք չի տալիս և նրան 3 խաղ հետո հեռացնում են: Անհաջողություններից հետո փոխում են բոլորին, և ինձ թվում է, որ մեր երկրներում կա ընդհանուր խնդիր:

Պարոն Պետրոսյան, Լեհաստանի հավաքականի հետ խաղում Դուք բավականին հարձակողական կազմ էիք ընտրել, հնարավո՞ր է, որ վաղվա խաղում ևս այդպիսի կազմ ընտրեք:

- Ճիշտն ասած՝ լավ կյանքից չէր, որ այդպիսի կազմ էինք ընտրել, մենք խնդիրներ ունեինք պաշտպանությունում: Հաստատ կարող եմ ասել որ վաղը փոփոխություններ կլինեն և կփորձենք վաղը բալանս գտնել հարձակման և պաշտպանության միջև:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0