Նորություններ

-
Խոակին Կապառոս. «Համոզված եմ, որ շատ լուրջ նախագիծ ենք սկսում»
20.03.202019:00
Խոակին Կապառոս. «Համոզված եմ, որ շատ լուրջ նախագիծ ենք սկսում»

Ինչպես ստացվեց, որ որոշեց գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, որոնք են մեր թիմին բնորոշող գծերը, ինչ կարծիքի է Հենրիխ Մխիթարյանի մասին և ինչ ակնկալիքներ ունի Ազգերի լիգայից: Այս և այլ թեմաների մասին է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին:

 

-Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից:

-Շատ դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հարցում:

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

-Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման կայացման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը: Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընացների ընթացքում: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին ֆեդերացիայի նոր ղեկավարության ծրագրերը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և զրուցեցի նախագահի հետ, հասկացա, որ սա լուրջ նախագիծ է: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը:

-«Սևիլյայի» ղեկին ամենից շատ խաղ անցկացրած մարզիչն եք։ Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար:

-Մանկուց երկրպագել եմ «Սևիլյային»: Ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ ես «Սևիլյային» ղեկին ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ: «Սևիլյան» լավագույն ակումբներից է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում, ինչի վկայությունն է այն, որ թիմը վերջին 15 տարիներին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել եվրոպական ակումբային մրցաշարերում և համարվում է Եվրոպա լիգայի արքան:

-Որո՞նք են հավաքականի և ակումբի գլխավոր մարզչի աշխատանքի հիմնական տարբերությունները:

-Չնայած մինչ այս աշխատել եմ միայն ակումբներում, բայց շատ լավ պատկերացնում եմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի առանձնահատկությունները: Ակումբում դու ամբողջ տարվա ընթացքում թիմի հետ ես, և աշխատանքն ավելի հեշտ է: Հավաքականում ժամանակն ավելի քիչ, է և շատ կարևոր է այդ ընթացքում քո ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն ու կառավարումը: Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ շատ ուժեղ ֆուտբոլիստներ և ադապտացնել նրանց իր գաղափարներին, տակտիկական մտահղացումներին, սակայն մարզիչը շատ հաճախ ընտրում է իր մարտավարությունը՝ հաշվի առնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների կարողությունները: Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծել և ճիշտ մոտեցում դրսևորել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ, լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում:

-Դիտել եք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Ինպիսի՞ն է թիմի ընդհանուր խաղամակարդակը:

-Հայաստանի ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ Իտալիայի Ա սերիայից, գերմանական Բունդեսլիգայից, Ռուսաստանի Պրեմիեր լիգայից: Նրանց որակները, իհարկե, տարբերվում են մյուսներից, բայց մարզչի գլխավոր խնդիրը հենց տարբեր խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստերից միասնական թիմ ստեղծելն է և իր գաղափարները հնարավորինս մատչելի կերպով տեղ հասցնելը:

-Ի՞նչ կարծիքի եք Հենրիխ Մխիթարյանի մասին։

 -Հենրիխ Մխիթարյանն անչափ բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ: Ես շատ էի ցանկանում դիտել նրա խաղը «Սևիլյայի» դեմ խաղում, բայց, ինչպես գիտեք, հանդիպումը չկայացավ: Գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանն իր ազգին և հայրենիքին նվիրված մարդ է և մեծ ցանկությամբ է գալիս ազգային հավաքական: Նրա ներկայությունը շատ կարևոր է նաև խաղընկերների համար, որովհետև երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում, բայց միաժամանակ նաև ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում:

՞նչ կարծիքի եք Ազգերի Լիգայում մեր խմբի մասին:

 -Հայտնվել ենք շատ մրցակցային խմբում, որում հնարավոր է զբաղեցնել առաջին տեղը, բայց շատ կարևոր է առաջ շարժվել քայլ առ քայլ, խաղից խաղ: Ինձ համար ամենակարևոր հանդիպումը միշտ իմ թիմին սպասվող հաջորդ հանդիպումն է:

 

Բլից հարցեր.

 

-Սևիլյա 2000-2005, vs Բիլբաո 2007-2011

-Երկուսն էլ, երկու ակումբներն էլ իմ սրտում են:

-Անդալուսիա vs Բասկոնիա

-Երկուսն էլ՝ զվարճանալու համար (ծիծաղում է):

- Սերխիո Ռամոս vs Դանիել Ալվես:

-Շատ դժվար հարց է: Երկուսն էլ իմ զավակներն են:

-Երիտասարդ տարիքում ո՞վ էր ավելի տաղանդավոր՝ Ռեյե՞սը, թե՞ Մունյաինը:

-Իրոք, շատ դժվար հարցեր եք տալիս (ծիծաղում է):

-Դել Բոսկե vs Արագոնես:

-Արագոնեսն իսկական մաեստրո է, իսկ Դել Բոսկեն չեմպիոնների չեմպիոն է:

- Պաելյա՞, թե՞ գասպաչո:

-Սկզբից՝ պաելյա, հետո՝ գասպաչո:

-Սանգրիա՞, թե՞ սպիտակ գինի:

-Սպիտակ գինի… սպիտակ գինի՝ սառույցով:

-Ալմադովա՞ր, թե՞ Բունյուել:

-Շատ տարբեր են, բայց, երևի, Ալմադովար:

-Եվ վերջում՝ 1:0 vs 4:3:

-Հաղթանակ, ուղղակի հաղթանակ:

 

Հարցազրույցի վիդեո տարբերակը՝ ստորև, իսկ լուսանկարները՝ այստեղ

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Շիրակ 25 45
2. Արարատ-Արմենիա 25 45
3. Նոա 25 42
4. Ալաշկերտ 25 40
5. Լոռի ՖԱ 25 39
6. Արարատ 25 33
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 23 33
2. Փյունիկ 24 32
3. Գանձասար-Կապան 24 31
4. ՖԱ Երևան 23 0