Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2020/21 մրցաշրջանը

Մեկնարկում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2020/21 մրցաշրջանը

21.02.2020 15:43

Փետրվարի 21-ին` ՀՖՖ գրասենյակում, կայացավ ճանաչողական սեմինար-հանդիպում բոլոր այն ակումբների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը: Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ՀՖՖ-ն ներդնում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման գործընթացը: Վերոնշյալ գործընթացին մասնակցությունն ու համապատասխան արտոնագրի ստացումն ակումբների համար այսուհետ պարտադիր պահանջ է ՀՀ Առաջին խմբի առաջնության մասնակցության համար։ Մասնավորապես, այն ակումբները, որոնք չեն մասնակցում արտոնագրման գործընթացին և/կամ չեն ստանա արտոնագիր, հնարավորություն չեն ունենա մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի՝ ամռանը մեկնարկող առաջնությանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ակումբների արտոնագրման գործընթացը, դրա էությունը, մանրամասնորեն ներկայացվեց ՀՀ Առաջին խմբի ակումբների արտոնագրման կանոնակարգը (2020թ․ խմբագրություն), ինչպես նաև մատնանշվեցին Առաջին խմբի առաջնության համար սահմանված պարտադիր պահանջները՝ ենթակառուցվածքային, իրավական, կադրային և վարչական, ինչպես նաև մարզական չափանիշների շրջանակում։

ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը նշեց, որ Առաջին խմբի առաջնության արտոնագիրը հանդիսանում է Բարձրագույն խմբի համար նախատեսված Ազգային արտոնագրի նախատիպը, սակայն տվյալ դեպքում սահմանված են ավելի ցածր պահանջներ։ Օրինակ, եթե Բարձրագույն խմբի դեպքում ակումբը իր կառուցվածքում պետք է ունենա առնվազն 8 մանկապատանեկան թիմ, ապա Առաջին խմբում հանդես գալու համար տվյալ նշաձողը սահմանված է առնվազն 3 մանկապատանեկան թիմ՝ ցանկացած տարիքային խմբում։

Ակումբները տեղեկացվեցին, որ մինչև ս․թ․ մարտի 20-ը ակումբները պետք է ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնեն պահանջվող բոլոր փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում ս․թ․ ապրիլի 13-ին նշանակված նիստին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննի ակումբներին արտոնագրեր տրամադրելու հարցը։

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ