Գլխավոր >> Նորություններ >> «Ֆուտբոլը դպրոցներում» ծրագիրը ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի «Լավագույն կրթական նախաձեռնությունների» թվում է

«Ֆուտբոլը դպրոցներում» ծրագիրը ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի «Լավագույն կրթական նախաձեռնությունների» թվում է

«Ֆուտբոլը Դպրոցներում»կրթական ծրագիրը արժանացել է ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի 2023/2024 մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին «Լավագույն կրթական նախաձեռնություն» անվանակարգում։ 
 

2020 թվականից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է  «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական քառամյա ծրագրի իրականացումը՝ դպրոցներում ֆուտբոլ առարկան մասսայական և հասանելի դարձնելու համար։ Ծրագրի նպատակն է ֆիզկուլտուրա առարկայի շրջանակում հանրակրթական դպրոցներում դասավանդել ֆուտբոլ մարզաձևը, ֆուտբոլը ներկայացնել որպես առողջ ապրելակերպի և սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման միջոց:

Ֆուտբոլը դպրոցներում կրթական ծրագիրն ունի երկու կարևոր բաղկացուցիչ՝


ա.) Ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստում ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացի շրջանակում
բ.) Ֆուտբոլի դպրոցական գավաթի անցկացում 3 տարիքային խմբերում՝ Մ10, Մ12, Մ14

Ծրագիրը նախատեսում է նաև մասնակից հանրակրթական դպրոցներին համապատասխան ֆուտբոլային մարզագույքի տրամադրում:
 

«Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպել է ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ՀՀ բոլոր մարզերում 2021 և 2022 թվականներին, Երևանում՝ 2023 թվականին։ Վերապատրաստման դաընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են մարզային և երևանյան հանրակրթական դպրոցների շուրջ 760 ուսուցիչներ։ Որպես ծրագրի բաղկացուցիչ՝ մասնակից բոլոր դպրոցներին անհատույց տրամադրվել է համապատասխան ֆուտբոլային մարզագույք՝ ըստ աշակերտների թվաքանակի։ 

Այս տարվա ապրիլից մեկնարկել է ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Դ արտոնագրի 2024 թվականի դասընթացները, որոնց այս տարի ևս մասնակցում են երևանյան հանրակրթական դպրոցների ուսուցիչները:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ