Ֆուտբոլի դպրոցը հիմնադրվել է 1952 թվականին՝ Կլիմենտ Վորոշիլովի անվան N:40 հանրակրթական դպրոցի բազայի վրա (ներկայիս՝ Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոց)։ Ձևավորվել էր 12 խումբ, որոնց մեջ ներառված էին 4-ից 8-րդ դասարանի աշակերտները։ Դպրոցի առաջին մարզիչներն էին Համո Խաչատրյանը, Բագրատ Հայկյանը, Հակոբ Դուրգարյանը, Սարգիս Ամիրխանյանը, Իլիչ Մկրտչյանը, իսկ ավագ մարզիչը վրաց անվանի ֆուտբոլիստ Գայոզ Ջեջելավան էր։ 1956 թվականին ֆուտբոլի դպրոցը վերանվանվում է և ստանում Երևանի ժողկրթ բաժնի ֆուտբոլի դպրոց անվանումը։ Այդ ժամանակահատվածում դպրոցի մարզչական շտաբին է միանում նաև Էդվարդ Գրիգորյանը։ Ֆուտբոլի դպրոցի առաջին տնօրենը Իլիչ Մկրտչյանն էր, որը նշանակվեց 1957 թվականին։ Այդժամ դպրոցն ուներ 36 խումբ, իսկ յուրաքանչյուր մարզիչ մարզում էր 3-ական թիմ։
1959 թվականին ֆուտբոլի դպրոցի տնօրեն է նշանակվում Էդվարդ Գրիգորյանը։ 1959-ից 1966 թվականներին դպրոցը ընդլայնվում է և ձևափոխվում։ Խմբերի քանակը հասնում է 50-ի, որտեղ մարզվում են ավելի քան 750 երեխաներ։
1965 թվականին Շահումյանի շրջանում (ներկայիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) սկսվում է սեփական մարզաբազայի շինարարական աշխատանքները։ Դպրոցը ստանում է Երևանի ժողկրթ բաժնի ֆուտբոլի մասնագիտացված մարզադպրոց անվանումը։
Դպրոցը շատ մեծ համբավ է ունեցել ԽՍՀՄ ողջ տարածքում։ Աշխատանքի կառուցվածքն այնպիսինն է եղել, որ Խորհրդային Միության շատ երկրներ ցանկացել են վերցնել և կիրառել իրենց երկրներում։ Դպրոցի արդյունքներն այնքան բարձր էին, որ աշխատանքից մի անգամ հեռացվել է մարզիչ, որի թիմը մրցաշարերից մեկում երկրորդ հորիզոնական էր զբաղեցրել, մինչ դեռ այդ մարզիչը՝ Ռոբերտ Մուրադյանն էր, որի սաներից էին Սանասար Գևորգյանը («Արարատ-73»-ի ֆուտբոլիստ), Աշոտ Սահակյանը։
«Արարատ-73»-ի 7 ֆուտբոլիստներ՝ Նորայր Մեսրոպյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Նիկոլայ Ղազարյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Սանասար Գևորգյանը և Արմեն Սարգսյանը հենց այս դպրոցի սաներ են։
Հանրապետական ֆուտբոլի դպրոցում են իրենց ֆուտբոլային առաջին քայլերը կատարել նաև 20-րդ դարի լավագույն հայ ֆուտբոլիստ ճանաչված Խորեն Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային հավաքականի պատմության ընթացքում ամենից շատ հանդիպում անցկացրած (133 խաղ) Սարգիս Հովսեփյանը և տաղանդաշատ այլ ֆուտբոլիստներ։
Constructed in 2008
|
Capacity - 4860
|