Դպրոց
Մարզադաշտ

Ուրարտու մարզադպրոց

Ֆուտբոլի դպրոցը հիմնադրվել է 1952 թվականին՝ Կլիմենտ Վորոշիլովի անվան N:40 հանրակրթական դպրոցի բազայի վրա (ներկայիս՝ Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոց)։ Ձևավորվել էր 12 խումբ, որոնց մեջ ներառված էին 4-ից 8-րդ դասարանի աշակերտները։ Դպրոցի առաջին մարզիչներն էին Համո Խաչատրյանը, Բագրատ Հայկյանը, Հակոբ Դուրգարյանը, Սարգիս Ամիրխանյանը, Իլիչ Մկրտչյանը, իսկ ավագ մարզիչը վրաց անվանի ֆուտբոլիստ Գայոզ Ջեջելավան էր։ 1956 թվականին ֆուտբոլի դպրոցը վերանվանվում է և ստանում Երևանի ժողկրթ բաժնի ֆուտբոլի դպրոց անվանումը։ Այդ ժամանակահատվածում դպրոցի մարզչական շտաբին է միանում նաև Էդվարդ Գրիգորյանը։ Ֆուտբոլի դպրոցի առաջին տնօրենը Իլիչ Մկրտչյանն էր, որը նշանակվեց 1957 թվականին։ Այդժամ դպրոցն ուներ 36 խումբ, իսկ յուրաքանչյուր մարզիչ մարզում էր 3-ական թիմ։

1959 թվականին ֆուտբոլի դպրոցի տնօրեն է նշանակվում Էդվարդ Գրիգորյանը։ 1959-ից 1966 թվականներին դպրոցը ընդլայնվում է և ձևափոխվում։ Խմբերի քանակը հասնում է 50-ի, որտեղ մարզվում են ավելի քան 750 երեխաներ։

1965 թվականին Շահումյանի շրջանում (ներկայիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) սկսվում է սեփական մարզաբազայի շինարարական աշխատանքները։ Դպրոցը ստանում է Երևանի ժողկրթ բաժնի ֆուտբոլի մասնագիտացված մարզադպրոց անվանումը։

Դպրոցը շատ մեծ համբավ է ունեցել ԽՍՀՄ ողջ տարածքում։ Աշխատանքի կառուցվածքն այնպիսինն է եղել, որ Խորհրդային Միության շատ երկրներ ցանկացել են վերցնել և կիրառել իրենց երկրներում։ Դպրոցի արդյունքներն այնքան բարձր էին, որ աշխատանքից մի անգամ հեռացվել է մարզիչ, որի թիմը մրցաշարերից մեկում երկրորդ հորիզոնական էր զբաղեցրել, մինչ դեռ այդ մարզիչը՝ Ռոբերտ Մուրադյանն էր, որի սաներից էին Սանասար Գևորգյանը («Արարատ-73»-ի ֆուտբոլիստ), Աշոտ Սահակյանը։

«Արարատ-73»-ի 7 ֆուտբոլիստներ՝ Նորայր Մեսրոպյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Նիկոլայ Ղազարյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Սանասար Գևորգյանը և Արմեն Սարգսյանը հենց այս դպրոցի սաներ են։

Հանրապետական ֆուտբոլի դպրոցում են իրենց ֆուտբոլային առաջին քայլերը կատարել նաև 20-րդ դարի լավագույն հայ ֆուտբոլիստ ճանաչված Խորեն Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային հավաքականի պատմության ընթացքում ամենից շատ հանդիպում անցկացրած (133 խաղ) Սարգիս Հովսեփյանը և տաղանդաշատ այլ ֆուտբոլիստներ։

Ուրարտու մարզադաշտ

20-րդ դարի երկրորդ հատվածում մեծ թափով շինարարական աշխատանքներ են ծավալվում Շահումյան շրջանում (ներկայիս Մալաթիա-Սեբաստիա համայնքում), սակայն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայի տեղանքը, մասնավորապես գլխավոր դաշտի հատվածը բնակավայր պատրաստելու համար անբարենպաստ պայմաններ է ունեցել և ծառայել է որպես քարի հանք։ Մարզադաշտ կառուցելու շինարարական աշխատանքները սկսվում են 1965 թվականից։ Պետության կողմից Ֆինանսական աջակցության բացակայության պայմաններում խաղադաշտի վրա տարվող աշխատանքներն իրականացրել են բացառապես մարզադպրոցի մարզիչները՝ Էդվարդ Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ։ Դաշտերի վրա աշխատել է շուրջ 50 մարզիչ՝ առանց հանգստյան օրերի։ Մարզչական անձնակազմը բաժանվում էր խմբերի․ մի խումբը գնում էր Արտաշատ՝ չիմ կտրելու և բարձելու, մյուսը՝ մնում էր մարզադպրոցում՝ բարձված չիմերը տեղադրելու համար։ Այդ կերպ չիմապատվում են մարզաբազայի ոչ միայն գըլ-խավոր այլև մյուս խաղադաշտերը։ Գլխավոր դաշտն ունենում է փայտե նստարաններով տրիբունա նախատեսված 12․000 հանդիսականի համար։

1992 թվականին Հայաստանի անդրանիկ առաջնությունում այստեղ է իր տնային հան-դիպումներն անցկացնում «Մալաթիա» ակում-բը, որը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը 24 թիմերի պայքարում։ Այս մարզադաշտում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին հանդիպումը կայացել է 1992 թվականի ապրիլի 9-ին «Մալաթիան» 2-0 հաշվով առավելության է հասել «Ախթամարի» նկատմամբ։ Այդ հանդիպման առաջին գոլը խփել է Արամ Թումասյանը։

ՀՖՖ գործադիր կոմիտեն 2004 թվականի 9-րդ նիստի ընթացքում Մալաթիայի մարզադպրոցը «Բանանց» (ներկայիս «Ուրարտու») ֆուտբոլային ակումբին երկարաժամկետ վարձակալությամբ հանձնելու որոշում է կայացնում։

Սեփական մարզադաշտում դաշտի տիրոջ կարգավիճակով առաջին հանդիպումը «Բանանցը» (ներկայիս «Ուրարտու») անցկացնում է Հայաստանի գավաթի 14-րդ խաղարկու-թյան 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղի շրջանակում՝ 2005 թվականի մարտի 19-ին՝ «Աբովյան» թիմի հետ։ Հովհաննես Զանազանյանի գլխավորած թիմն այդ խաղում տոնում է իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը, առավելության հասնելով 15-0 հաշվով։ Առաջին գոլն այդ խաղում խփում է Սամվել Մելքոնյանը։

Սեփական մարզաբազայում եվրագավաթային առաջին հանդիպումն «Ուրարտուն» անցկացրել է 2018 թվականի հուլիսի 14-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի շրջա-նակում բոսնիական «Սարաևոյի» հետ (1-2):

Այս մարզադաշտում է անցկացվել 2018/19թթ․ մրցաշրջանի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Ալաշկերտ» - «Լոռի» հանդի-պումը (1-0), ինչպես նաև 2019 թվականին Հայաստանում անցկացված Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փու-լի 6 հանդիպում։

Մարզադաշտն ունի 4831 նստատեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ