Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ փետրվարի 10-ից 23-ը ուսումնամարզական հավաք անցկացրեցին Անթալիայում: Հավաքի շրջանակներում մրցավարները նաև հանձնեցին ֆիզիկական թեստ և քննություններ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ Մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանն անդրադարձավ հավաքի հետ կապված մանրամասներին:
-Պարոն Նալբանդյան, առաջին տարին չէ, որ մեր մրցավարները ուսումնամարզական հավաք են անցկացնում Անթալյայում: Ի՞նչ էր մտնում հավաքի ծրագրի մեջ այս անգամ:
- Հավաքին մասնակցում էին Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ: Պարապմունքները վարում և համակարգում էինք ես և ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը: Հավաքի նպատակը նախ և առաջ անցյալ տարի կայացած խաղերի վերլուծությունն էր և սխալների շտկումը: Օրական 2 անգամ անցկացնում էինք տեսական և գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում մրցավարները ծանոթանում էին խաղի կանոնների հետ կապված փոփոխություններին, բարելավում իրենց ֆիզիկական որակները՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին: Մրցավարները հնարավորություն ստացան սպասարկել նաև ընկերական հանդիպումներ:
- Ի՞նչ թիմերի մասնակցությամբ խաղեր են սպասարկել մեր մրցավարները:
-Մեր մրցավարները սպասարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հունգարիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի բարձրագույն խմբի թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, ընդհանուր առմամբ՝ 32 խաղ:
- Իսկ ինչպիսի՞ն էր խաղերի սպասարկման մակարդակը:
- Բավականին լավ, համենայնդեպս մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք: Բոլոր խաղերը տեսագրվում էին, ինչի շնորհիվ մենք յուրաքանչյուր խաղից հետո հնարավորություն ունեինք քննարկել և վերլուծել վիճելի դրվագները:
- Ինչպե՞ս անցան քննությունները
- Մեր 24 մրցավարներից 22-ը հաջողությամբ հանձնեցին քննությունները: Մրցավարներից միայն երկուսը չկարողացան հանձնել քննությունները, այն էլ վնասվածքների պատճառով: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ թե Բարձրագույն, թե Առաջին խմբի մրցավարները պատրաստ են մրցաշրջանի երկրորդ հատվածին:
- Առաջին խումբը սպասարկող մրցավարների մեջ կա՞ն տաղանդավոր երիտասարդներ, որոնք մոտ ապագայում կարող են դառնալ բարձրակարգ մրցավարներ:
- Այո, կան շնորհալի երիտասարդներ, որոնց հետ հույսեր ենք կապում: Այս պահին ամեն ինչ կախված է իրենցից: Եթե շարունակեն աշխատել նույն կերպ, դրսևորեն աշխատասիրություն և գործի նկատմամբ լուրջ մոտեցում, ապա մոտ ապագայում կարող են դառնալ բարձրակարգ մրցավարներ և հնարավորություն ստանալ սպասարկել նաև Բարձրագույն խմբի հանդիպումները:
- Ընդհանուր առմամբ, կարո՞ղ եք ասել, որ հավաքը ծառայեց իր նպատակին:
- Միանշանակ: Բացի նրանից, որ ապրելու և մարզվելու համար ստեղծված էին իդեալական պայմաններ, մեր մրցավարները նաև անգնահատելի փորձ ձեռք բերեցին՝ սպասարկելով արտասահմանյան թիմերի մասնակցությամբ հանդիպումներ: Կարծում եմ, որ հավաքի ընթացքում ձեռք բերած փորձն անպայման պետք կգա մեր մրցավարներին մրցաշրջանի ընթացքում: