Նորություններ

-
Բեռնար Շալանդ. «Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով»
02.09.201422:59
Բեռնար Շալանդ. «Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով»

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը «Սկոնտո» մարզադաշտում: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

 

- Պարոն Շալանդ, Դուք արդեն չորրորդ անգամ այցելում եք Լատվիա: Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները վաղվա հանդիպումից:

 

- Սա լավ հնարավորություն է մեզ համար անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ, որ նորից գտնվում եմ այստեղ:

 

- Արդյո՞ք Դուք պատրաստվում եք խաղալ երկրորդ կազմով՝ հաշվի առնելով, որ ունեք պաշտոնական հանդիպում Դանիայի հետ:

 

- Ոչ, ես երկրորդ կազմով խաղալու իմաստ չեմ տեսնում: Կարելի է, օրինակ, ընդմիջումից հեռո փոխել յոթ ֆուտբոլիստների, բայց ես ուզում եմ տեսնեմ, թե ինչ վիճակում են ֆուտբոլիստները, և այս խաղը շատ կարևոր է այդ առումով: Նաև շատ կարևոր է այն ֆուտբոլիստների համար, ովքեր քիչ խաղային պրակտիկա ունեն: Մենք պաշտոնական խաղ ունենք և պետք է խաղանք լավ թիմի դեմ:

 

- Ի՞նչ գիտեք Լատվիայի հավաքականի մասին:

 

- Ես դիտել եմ վերջին երկու խաղերը Էստոնիայի և Լիտվայի հետ: Ես ուսումնասիրել եմ թիմը, կարող եմ ասել որ լավ թիմ է: Իհարկե Գերմանիա չէ, մենք էլ Արգենտինա կամ Հոլանդիա չենք, ինչը նշանակում է, որ այս խաղը շատ լավ փորձություն է մեզ համար:

 

- Հայտնի է, որ վնասվածք ունի Ռոբերտ Արզումանյանը: Կա՞ն արդյոք այլ ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն:

 

- Մեր բժշկական անձնակազմն աշխատում է, որպեսզի Ռոբերտը վերականգնվի և մասնակցի Դանիայի հետ հանդիպմանը: Այլ խնդիրներ չունենք: Հայրապետյանը խաղում է իր թիմի երկրորդ կազմում, Մանուչարյանը նույնպես լավ վիճակում է: Որոշ ֆուտբոլիստներ, օրինակ, Մկրտչյանը կամ Սարկիսովը, ունեն խաղային պրակտիկայի պակաս: Նաև այդ առումով այս խաղը կարևոր է, քանի որ խաղալու հնարավորություն է ստեղծում:  

 

- Ենթադրվում է, որ Դանիայի դեմ դուք խաղալու եք պաշտպանությունից, իսկ Լատվիայի դեմ՝ ավելի շատ հարձակվելով: Չե՞ք կարծում, որ դժվար կլինի կարճ ժամանակահատվածում երկու խաղերում տարբեր մարտավարությամբ հանդես գալ:

 

- Ես հարգում եմ Լատվիայի հավաքականին և կարծում եմ, որ մեզ կհաջողվի ավելի հարձակողական ոճով խաղալ: Այստեղ պետք է հասկանալ մեկ բան. եթե մենք ուզում ենք դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պետք է խաղանք ավելի շատ հարձակվողական ֆուտբոլ, անկախ նրանից, թե ով է հակառակորդը՝ Լատվիան, թե Դանիան: Իհարկե կարելի է խաղալ հակագրոհներով և հաղթել 1:0 հաշվով, կամ ոչ-ոքի խաղալ, բայց դա կարող է լինել մեկ անգամ և այս դեպքում ապավինել վերջնական հաջողությանը չի կարելի:

Վերջին ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը շատ լավ անցկացրեց, բայց, միևնույն, է դա բավական չէր: Հնարավոր է՝ ես ռիսկի եմ դիմում, բայց դա անհրաժեշտ է ընտրական մրցաշարում հաջողություն ունենալու համար: Մենք պետք է լինենք մի քիչ «խենթ»:

 

- Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «խենթ»: Դա նշանակո՞ւմ է որ թիմը պետք է լինի ավելի ագրեսիվ կամ իր ուժերին ավելի վստահ:

 

- Այդ երկու հասկացությունները մտնում են «խենթ» ասվածի մեջ: Մենք պետք է ավելի ագրեսիվ խաղանք: Շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները ճիշտ ընկալեն մարզչի հրահանգները: Ես միայն մարզիչ եմ, ես չեմ խաղում, և թիմը դաշտում պետք է ապրի այդ «խենթ» լինելու գաղափարով: Ես կարող եմ «վառել կրակը», բայց պատասխանը պետք է գա ֆուտբոլիստներից, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

 

-  Հենրիխ Մխիթարյանը խաղալո՞ւ է առաջին րոպեներից:

 

- Այո:

 

- Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի մոտակա հանդիպումներին: Ո՞վ պետք է փոխարինի իրենց և ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել Մաուրո Գևգեոզյանին:

 

- Ակնհայտ է, որ Մխիթարյանը, Մովսիսյանը և Օզբիլիսը առանցքային խաղացողներից են, առանց որոնց մենք խնդիրներ ունենք: Բայց ես պետք է ընդունեմ իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կա, և հավատամ, որ մյուս խաղացողները կկատարեն այն ինչ պահանջվում է: Կարծում եմ, որ ներկա կազմով մենք լավ խաղ կցուցադրենք:

Ինչ վերաբերվում է Մաուրոյին, այստեղ խնդիր կա իր ակումբի հետ: Այս շաբաթ թիմը խաղ ունի, երկար ճանապարհ, վիզայի խնդիր… և մենք չկարողացանք համաձայնության գալ ակումբի հետ:   

 

- Դուք ասեցիք որ դիտել եք Էստոնիայի և Լիտվայի հետ հանդիպումները: Լատվիայի հավաքականի ո՞ր գծի ֆուտբոլիստները կարող են ձեզ ավելի շատ տհաճություն պատճառել:

 

- Դժվար է պատասխանել: Լատվիան ուժեղ է թիմային խաղով: Չի կարելի ասել, որ պաշտպանությունը թույլ է, իսկ հարձակման գիծը՝ շատ ուժեղ: Մի խոսքով, Լատվիան ուժեղ է թիմային խաղով, այլ ոչ թե առանձին գծերի խաղով:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 15 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Վան 19 21
8. Փյունիկ 17 18
9. Շիրակ 18 12