Նորություններ

-
Արթուր Ազարյանը պարզաբանում է ՀՖՖ գործադիր կոմիտեի կայացրած որոշումները
25.01.202120:05
Արթուր Ազարյանը պարզաբանում է ՀՖՖ գործադիր կոմիտեի կայացրած որոշումները

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պարզաբանել է ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված որոշումները՝ անդրադառնալով մի շարք հարցերի:

 

-2020 թվականի դեկտեմբերի 30-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտից մի փոքր շուտ,  ՀՖՖ 9 անդամները՝ Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ, դիմում են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ օգտվելով արտահերթ ժողով հրավիրելու կանոնադրական իրավունքից։

 

Վերոնշյալ անդամների կողմից առաջարկվում էր կասեցնել ՀՖՖ 6 անդամների՝ ՖԱ Անի ՀԿ, ՖԱ Արագած ՀԿ, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ, ՖԱ Տորպեդո ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ անդամությունը ՀՖՖ-ին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ նշված անդամներից 3-ի կասեցման հարցն արդեն իսկ կար 2020 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ 20-րդ ժողովի օրակարգում։

 

Այդ նույն անդամներն առաջարկել էին այդ հարցը հետաձգել մինչև մյուս ժողով՝ լրացուցիչ ապացույցների հայտնաբերման և ուսումնասիրման նպատակով: Անտրամաբանական է, որ ժողովից ընդամենը 2 օր անց նույն անդամները նույն հարցը ներկայացնում են ՀՖՖ՝ արտահերթ ժողով գումարելու պահանջով։

 

Դիմումի մեջ, որպես արտահերթ ժողովի անցկացման ժամկետ, ներկայացված է հունվարի 20-ը, որը ողջամիտ ժամկետ չէ, քանի որ, ըստ ՀՖՖ կանոնադրության, ՀՖՖ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ ժողովի դիմում ներկայացնելու պարագայում Գործադիր կոմիտեն պետք է կազմակերպի ժողովը երկամսյա ժամանակահատվածում։

ՀՖՖ 9 անդամները, չսպասելով Գործադիր կոմիտեի՝ հունվարի 25-ին նախատեսված նիստին և կայացվելիք հնարավոր որոշմանը՝ հունվարի 21-ին որոշում են կայացրել իրենց նախաձեռնությամբ փետրվարի 1-ին հրավիրել Արտահերթ ժողով և այդ կապակցությամբ համապատասխան ծանուցումներ են ուղարկել ՀՖՖ անդամներին։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 9 անդամները չեն սպասել գործադիր կոմիտեի որոշմանը՝ դրանով իսկ խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, իրենց կողմից նախաձեռնված արտահերթ ժողովը կրում է ապօրինի բնույթ և դրանում ընդունված որևէ որոշում չի կարող ունենալ իրավական ուժ: Այդ իսկ պատճառով ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել 9 անդամների դիմում-պահանջը:

 

Գործադիր կոմիտեի ժողովի ընթացքում կայացվեցին որոշումներ՝ ՀՖՖ 6 անդամների կասեցման հետ կապված։ Կասեցման բոլոր հիմքերն այսօր արդեն հրապարկվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի վերաբերյալ ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում: Այդուհանդերձ, կցանկանայի առանձնացնել Սևան ՖԱ ՍՊԸ անդամության կասեցման հարցը:  

 

Դեկտեմբերի 26-ին Սևան ՖԱ-ն, խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ՀՖՖ անդամի իր պարտավորությունները, դիմել է ՀՀ Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՀՖՖ մեկ այլ անդամի, ինչպես նաև ՀՖՖ-ի դեմ: Սևան ՖԱ ՍՊԸ, հանդիսանալով ՀՖՖ անդամ և ստանձնելով դրանից բխող պարտավորությունները, որևէ իրավունք չուներ դիմելու ՀՀ ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ՀՖՖ կանոնադրության՝ ցանկացած վեճ լուծվում է ՀՖՖ իրավական մարմինների շրջանակներում, իսկ որպես վերջին ատյան՝ դիտարկվում է Լոզանի միջազգային արբիտրաժային դատարանը:

 

Կցանկանայի անդրադառնալ նաև Դիլիջան ՖԱ ՓԲԸ ՀՖՖ անդամությունից կասեցման հարցին՝ մանրամասնելով մի դրվագ: Անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ՀՖՖ հերթական ժողովից 1-2 օր առաջ Դիլիջան ՖԱ ՓԲԸ-ն փորձել էր փոխել իր պատվիրակին՝ ներկայացնելով այդ ակումբի հետ աշխատանքային կամ որևէ այլ բնույթի կապ չունեցող անձի, ով ներգրավվել էր որպես ՀՀ տարածքում գործող իրավաբանական ընկերության ներկայացուցիչ կամ անհատ իրավաբան:

 

Ընդ որում, նախապես ներկայացված պատվիրակին ակումբի կողմից լիազորել էր ակումբի տնօրենը, ով նման գործառույթ իրականացնելու իրավասություն չուներ, քանի որ դեռևս 2020 թ. հուլիսին ցմահ որակազրկվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու հիմքով: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ որպես նոր պատվիրակ ներկայացվող անձը 2019 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ արտահերթ ժողովին հանդես էր եկել որպես ՀՖՖ մեկ այլ անդամի՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ պատվիրակ: Նման իրավիճակն առաջացնում է լուրջ և հիմնավոր կասկածներ առ այն, որ Դիլիջան ՖԱ ՓԲԸ կոպտորեն խախտում է ՀՖՖ կանոնադրության կետերից մեկը՝ չկարողանալով ապահովել իր գործունեության անկախությունը և թույլ տալով երրորդ անձանց միջամտություն:  

 

Վերջում կցանկանայի ավելացնել, որ բոլոր կասեցումները կրում են ժամանակավոր բնույթ. բոլոր անդամները կասեցվել են մինչև հերթական ժողովի կայացումը, և ըստ կանոնադրության, բոլոր կասեցումները վերջնական ուժ կստանան ժողովի որոշման արդյունքում: Այնուամենայնիվ, եթե մինչև ՀՖՖ հերթական ժողովը վերոնշյալ ակումբները համապատասխանեն ՀՖՖ անդամության համար սահմանված պահանջներին իրենց պարտավորությունների մասով, ապա նույն գործադիր կոմիտեն իրավասու է վերացնելու այդ կասեցումները:       

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 19 35
2. Նոա 19 34
3. Ալաշկերտ 18 33
4. Արարատ-Արմենիա 18 32
5. ՈՒրարտու 18 28
6. Վան 21 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 19 21
9. Շիրակ 20 12