Նորություններ

-
Միխայիլ Մարկոսով «Կփորձեմ արդարացնել մարզչի վստահությունը»
30.01.201318:58
Միխայիլ Մարկոսով «Կփորձեմ արդարացնել մարզչի վստահությունը»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է նախապատրաստվեն փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք  Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպմանը: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ռուսական «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովի հետ, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

 

-Միխայիլ, ինչպե՞ս ընդունեցիր ազգային հավաքական հրավիրվելու մասին լուրը:


-Բնականաբար, շատ ուրախացա: Անկախ նրանից, որ ես խաղում եմ Ռուսաստանում, Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, և ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալը:


-Երբ արդեն սկսել էիր գոլեր խփել
«Ուֆա»-ի կազմում, սպասո՞ւմ էիր, որ քեզ կհրավիրեն հավաքական:


-Հոգու խորքում, բնականաբար, հույս ունեի, բայց չէի սպասում, որ դա կլինի այսքան շուտ:


-Հայաստանի հավաքականում խաղալու դեպքում դու լեգիոներ կհամարվես Ռուսաստանում: Տատանվո՞ւմ էիր հավաքականի հրավերն ընդունելիս:


-Ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կայացրել եմ ճիշտ որոշում: Ինքս ինձ համար որոշել եմ, որ գնալու եմ մինչև վերջ: Ազգային հավաքականում խաղալը լրիվ ուրիշ մակարդակ է, միջազգային ասպարեզ դուրս գալու եզակի շանս, որը չի կարելի բաց թողնել: Բացի այդ, եթե ֆուտբոլիստը ուժեղ է, նա կգտնի իր տեղը հիմնական կազմում, նույնիսկ եթե լեգիոներ է: 


-Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպումից:


-Ճիշտն ասած, մրցակցի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նրանց խաղերին չեմ հետևել: Իսկ մեր հավաքականի խաղերը, բնականաբար, դիտել եմ և արդեն մոտավոր պատկերացում ունեմ, թե ինչպես են խաղում մեր ֆուտբոլիստները: Բայց այս հավաքի ընթացքում ինձ համար ամենակարևորը հավաքականի ֆուտբոլիստների և գլխավոր մարզչի հետ ծանոթանալն է և թիմին հարմարվելը:

-Ինչպե՞ս ես գնահատում առաջիկա հանդիպմանը քո՝ խաղադաշտ դուրս գալու հնարավորությունները:


-Կարծում եմ՝ եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն որոշակի հույսեր է կապում ինձ հետ: Քանի որ հանդիպումն ընկերական է, մարզիչը, հավանաբար, բոլորին էլ խաղալու հնարավորություն կտա: Ես էլ, իմ հերթին, կփորձեմ արդարացնել մարզչի վստահությունը և ապացուցել, որ արժանի եմ հանդես գալու Հայաստանի հավաքականում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 12 24
2. Արարատ-Արմենիա 11 21
3. Ալաշկերտ 11 21
4. Լոռի ՖԱ 12 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 10 15
7. Վան 13 11
8. Շիրակ 12 6
9. Փյունիկ 11 5