Նորություններ

-
Նորայր Ասլանյան. «Դժվարանում եմ բառերով նկարագրել զգացողություններս»
28.01.201316:56
Նորայր Ասլանյան. «Դժվարանում եմ բառերով նկարագրել զգացողություններս»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր Ֆրանսիայի Վալանս քաղաքում պետք է մասնակցեն փետրվարի 5-ին կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպման մարզական հավաքին: Հրավիրվածների թվում է նաև հոլանդական «Էմմենի» ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը, ով առաջին անգամ է մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին եւ առաջին անգամ է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում 21-ամյա ֆուտբոլիստը խոսել է ազգային հավաքական հրավիրվելու հետ կապված իր զգացողությունների և առաջիկա խաղից սպասելիքների մասին.

- Նորայր, ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ իմացար, որ քեզ հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական


- Շատ դժվար է բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում այս պահին: Ես միշտ երազել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, և երբ ստացվեց հրավերը, սկզբից նույնիսկ չէի հավատում: Բայց հիմա արդեն գիտակցում եմ, որ սա իրականություն է:


- Քո ակումբում ինչպե՞ս ընդունեցին այն լուրը, որ քեզ հրավիրել են Հայաստանի հավաքական:


- Ակումբում շատ լավ ընդունեցին այդ փաստը: Մեր խաղացողների մեծ մասը հոլանդացիներ են, և, ինքներդ էլ հասկանում եք, նրանց համար շատ դժվար է Հոլանդիայի հավաքականում խաղալու հույս ունենալ: Մեր ակումբում հպարտ են, որ ունեն թեկուզ այլ երկրի ազգային հավաքականի թեկնածու:


- Ո՞րն է քո նախընտրած դիրքը խաղադաշտում


- Եթե փորձեմ կարճ ձևակերպել, ես ինձ համարում եմ հարձակողական ոճի կիսապաշտպան, կամ ետ քաշված հարձակվող: Իսկ ընդհանրապես պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ կարող եմ առավելագույն օգուտ բերել թիմին:

- Հավաքականի խաղացողներին ինչ-որ մեկի հետ ծանո՞թ ես


- Անձամբ ոչ մեկի հետ ծանոթ չեմ, շատ կարճ շփվել եմ միայն Արաս Օզբիլիսի հետ: Բայց գրեթե բոլորին էլ ճանաչում եմ, քանի որ հատկապես վերջին շրջանում մեր հավաքականի խաղացողների մասին շատ է խոսվում նաև Եվրոպայում:


-  Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպումից:


- Մեծ անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Մեր մրցակցի մասին հստակ պատկերացում չունեմ, փոխարենը միշտ հետևել եմ մեր հավաքականի խաղերին: Ինձ հատկապես դուր եկավ Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը, որտեղ մեր հավաքականը ցույց տվեց, որ մեծ ներուժ ունի և կարող է ավելի լուրջ խնդիրներ լուծել: Հավաքականում կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Ես գիտակցում եմ, որ մեր հավաքականի հատկապես հարձակման գծում լուրջ մրցակցություն կա, բայց պատրաստ եմ ներդնել բոլոր ուժերս, որպեսզի ապացուցեմ, որ արժանի եմ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուն:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 12 24
2. Արարատ-Արմենիա 11 21
3. Ալաշկերտ 11 21
4. Լոռի ՖԱ 12 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 10 15
7. Վան 13 11
8. Շիրակ 12 6
9. Փյունիկ 11 5