Նորություններ

-
Ռուբեն Նազարեթյան. «Մեր միակ խնդիրը լինելու է հաղթելը»
14.02.201312:02
Ռուբեն Նազարեթյան. «Մեր միակ խնդիրը լինելու է հաղթելը»

Տանելով մեկ հաղթանակ եւ մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի ֆուտզալի 2014 թ. առաջնության D խմբի ընտրական մրցաշարում խաղալով Հունաստանի, Բուլղարիայի եւ Ուելսի ազգային հավաքականների դեմ, զբաղեցրեց երկրորդ տեղը խմբում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի զրույցը մրցաշարային հաջողության, Հայաստանում ֆուտզալի ընդհանուր մակարդակի, ֆուտզալի զարգացման ծրագրերի մասին է:

 

-Պարոն Նազարեթյան, նախ մի փոքր խոսենք վերջին տարիներին Հայաստանում ֆուտզալի ընդհանուր վիճակի մասին:

 

Վերջին տարիներին մեր առաջնությանը մասնակցում են 5 թիմեր, ինչը, բնականաբար, շատ քիչ է եւ լավ չի անդրադառնում ֆուտզալի ընդհանուր մակարդակի վրա, քանի որ դժվարանում է ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ ընտրելու գործընթացը: Այնուամենայնիվ, անկախ դրանից, կարող եմ ասել որ ֆուտզալի ազգային հավաքականից ընդհանուր առմամբ գոհ եմ: Վերջին 2 տարիներին պաշտոնական խաղերում պարտվել ենք միայն Հունաստանի հավաքականին: Արդեն համալրել ենք աշխարհի 50 լավագույն հավաքականների շարքերը, ինչը նշանակում է, որ հաջորդ վիճակահանության ժամանակ մենք կլինենք երկրորդ զամբյուղում: Դա հնարավորություն կտա մեզ հանդիպել համեմատաբար թույլ հավաքականների հետ եւ ավելի լավ հնարավորություններ պահպանել խմբից դուրս գալու համար:

 

-Հայաստանի առաջնությունում ունե՞նք բավարար քանակությամբ պրոֆեսիոնալ ֆուտզալիստներ, որոնք կարող են համալրել հավաքականի շարքերը:

 

Եթե ուշադիր լինեք, այսօր հավաքականում ունենք ընդամենը մեկ ֆուտբոլիստ, որը ֆուտզալ է տեղափոխվել մեծ ֆուտբոլից. խոսքն Արման Սահակյանի մասին է, որի խաղային որակները բավարարում են ազգային հավաքականում հանդես գալու համար: Մնացածները հենց բուն ֆուտզալիստներ են: Անցյալ տարի հավաքական էինք հրավիրել 6 նոր ֆուտբոլիստներ, այս տարի հրավիրվեցին ես երեքը: Կարելի է ասել, որ երկու տարվա մեջ երիտասարդացրեցինք թիմի կազմը, ընդ որում, դա բացասական ազդեցություն չթողեց թիմի արդյունքների վրա: Այսուհետ նույնպես փորձելու ենք վստահել երիտասարդներին: Հետագայում լավ հավաքական ունենալու միակ տարբերակը սա է: Ես արդեն ներկայացրել եմ մեր ծրագիրը, որը հաստավել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Ըստ այդ ծրագրի՝ նախատեսում ենք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում բացել ֆուտզալի խմբեր, որոնք հետագայում ֆուտբոլիստներ կպատրաստեն տարբեր տարիքային հավաքականների համար:

 

-Բացի Արմեն Դանիելյանից եւ Էռնեստ Ակոպովից ունե՞նք արտերկրում խաղացող ֆուտբոլիստներ, որոնք կարող են հրավիրվել Հայաստանի հավաքական:

 

-Ունենք տաղանդավոր խաղացողներ Բելգիայում, Հոլանդիայում, 2-3 ֆուտբոլիստ ունենք նաև Բրազիլիայում, որոնք կարող են օգուտ տալ հավաքականին, բայց,  այնուհանդերձ, մենք պետք է շեշտը դնենք  առավելապես Հայաստանում խաղացող ֆուտբոլիստների վրա եւ փորձենք ավելի լավ արդյունքի հասնել տեղական կադրերով:

 

Ի՞նչ ծրագրեր կան ապագայում

 

Թերևս, ամենակարևորը փետրվարի 24-27-ը  Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալիք Պրո կարգի արտոնագրի քննություններն են, որոնց մասնակցելու եմ նաեւ ես: Դրանք հաջողությամբ հանձնելու դեպքում մենք հնարավորություն կունենանք Հայաստանում անցկացնել Բ կարգի արտոնագրի քննություններ: Միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք զարգացնել ֆուտզալը Հայաստանում, քանի որ առայժմ ունենք մասնագիտական խնդիրներ, մարզիչների կատարելագործման գիտելիքային խնդիրներ: Հաջորդ մրցաշրջանից նախատեսում ենք պարտադիր դարձնել Հայաստանի առաջնության մարզիչների մոտ Բ արտոնագրի առկայությունը:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա մայիսին նախատեսել ենք ընկերական հանդիպումներ: Ընդ որում, հնարավորության դեպքում ցանկանում ենք հանդիպել ուժեղ հավաքականների՝ Բելառուսի կամ Ուկրաինայի հավաքականների հետ: Նախատեսում ենք նաեւ մինչև հոկտեմբեր ամիսը, այսինքն աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը, անցկացնել 2-3 օրանոց հավաքներ:

 

-Ի՞նչ կոնկրետ խնդիրներ են դրված ֆուտզալի ազգային հավաքականի առջև:

 

Եթե դուք տեսնեիք մեր ֆուտբոլիստների հոգեվիճակը Հունաստանի հավաքականին պարտվելուց հետո, կհասկանայիք, որ անկախ մրցակցից մեր միակ խնդիրը միմիայն հաղթելն է: Եթե նախկինում մենք ձգտում էինք հնարավորինս արժանապատիվ հանդես գալ, ապա հիմա պետք է ձգտենք մշտապես լուծել մեր առջև դրված խնդիրները եւ դուրս գալ ընտրական խմբից:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 15
2. Արարատ 8 14
3. ՈՒրարտու 8 14
4. Լոռի ՖԱ 7 13
5. Նոա 9 12
6. Արարատ-Արմենիա 6 11
7. Վան 8 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2