
ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները մասնակցել են UEFA FDEP աշխատաժողովին
2024 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը ՈՒԵՖԱ բժշկական ծառայության ջանքերով Լիսաբոնի Cidade du Futebol-ում կազմակերպվել էր UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME (FDEP 1) աշխատաժողովը, որին մասնակցում էին ՈՒԵՖԱ անդամ երկրների ֆուտբոլային ասոցիացիաներից ազգային հավաքականների մեկական բժիշկներ։
Հայաստանից աշխատաժողովին մասնակցել է ազգային հավաքականի բժիշկ Անդրանիկ Ղարիբյանը, իսկ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը Նիդերլանդների, Խորվաթիայի, Շոտլանդիայի, Սերբիայի, Մալթայի և Բելիգայի ֆուտբոլի ֆեդերացիաների բժշկական ծառայությունների ղեկավար գործընկերների հետ մասնակցել է հատուկ հյուրի կարգավիճակով։
Ֆուտբոլային բժիշկներն ինտենսիվ կերպով վերապատրաստվել են ֆուտբոլում հանդիպող վնասվածքների բուժման և անհետաձգելի իրավիճակներում մատուցվող բժշկական օգնության առանձնահատկությունների մասին, որից հետո յուրաքանչյուր մասնակից պետք է քննություն հանձներ, իսկ ազգային ասոցիացիան իրավունք ստանար այն կասկադային կերպով ազգային մակարդակով իրականացնելու։
ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները, հաջողությամբ հաղթահարելով ներկայացված պահանջները, արդեն 3-րդ տարին անընդմեջ Հայաստան են վերադառնում UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME (FDEP)-ն ազգային մակարդակով իրականացնելու իրավունքով և ՈՒԵՖԱ աջակցության հավաստմամբ։