
Ավարտվեց Double Pass Սպորտային տնօրենների վարպետության կրթական ծրագիրը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Double Pass սպորտային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ անցկացնում է Սպորտային տնօրենների վարպետության կրթական ծրագիր, որի շուրջ մեկ տարի տևած առաջին փուլը մոտացավ ավարտին:
Ծրագրի առաջին փուլի վերջին՝ չորրորդ մոդուլի համար կրկին Հայաստան էին ժամանել Double Pass ընկերության ներկայացուցիչները: Ստիգ Մեյլեմանսը նշեց. «Առաջին պահից սկսած, երբ սկսեցինք բանակցությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, հասկացանք, որ ՀՖՖ-ն հստակ տեսլական ունի: Սա լավ սկիզբ էր տաղանդների զարգացման երկարաժամկետ ռազմավարություն մշակելու համար, իսկ առաջին փուլի հիմնական արդյունքն այն է, որ ընդլայնվել է մասնակիցների տեսլականը, թե ինչպես են նրանք վերաբերվում սպորտային տեխնիկական առաջնորդությանը»:
Ծրագրի հաջորդ փուլի ընթացքում, որը ևս տևելու է 1 տարի, մասնագետները մասնակից 17 հայկական ակումբներում աուդիտ են անցկացնելու: Երկրորդ փուլի ղեկավար Սանդեր Վան Պրաետը 2 հիմնական նպատակ առանձնացրեց. «Առաջինը ակումբների աշխատանքը գնահատելն է, տեսնել՝ ինչով են զբաղված նրանք տվյալ ժամանակահատվածում: Երկրորդը, որն ավելի կարևոր է` առաջնորդել և աջակցել ակումբներին ՝ իրենց խաղացողների համար ավելի լավ ապագա ստեղծելու համար»:
Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը իրեն երկար սպասեցնել չի տա, Double Pass ընկերության ներկայացուցիչները Հայաստան կվերադառնան նոյեմբերի վերջին՝ շարունակելու սկսած աշխատանքը ու անցնելու ծրագրի հաջորդ փուլին: