Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

ՀՖՖ 11.03.2024 13:02

Մարտի 11-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցը Հայաստանի Պրեմիեր Լիգայում և Հայաստանի առաջին խմբում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների սահմանաչափի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ քննարկումն էր: 

Ինչպես Հայաստանի Պրեմիեր Լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբները ներկայացրել էին իրենց առաջարկները, որոնք քննարկվեցին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների կողմից:

Քննարկումներից հետո որոշվեց 2024/2025 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Առաջին խմբում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 15, իսկ հիմնական կազմում 6-ից դարձնել 7:

Որոշվեց 2025/2026 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 9, իսկ հիմնական կազմում 3-ից դարձնել 4:

Որոշվեց Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/2025 մրցաշրջանում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների անդամների քանակի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում Հայաստանի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչների մասնակցությամբ և որոշումը կայացնել այդ քննարկման արդյունքում: 

Երկրորդ հարցը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր:

Համաձայն ՀՖՖ կանոնադրության հոդված 37-ի 5-րդ կետի (Եթե Գործադիր կոմիտեի որևէ պաշտոն կամ պաշտոնների մինչև 50% դառնում է թափուր, Գործադիր կոմիտեն լրացնում է այդ պաշտոն(ներ)ը մինչև հաջորդ Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում ընտրվում են փոխարինողներ` պաշտոնավարման մնացյալ ժամկետով), ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները, ծանոթանալով Անուշ Անանյանի գործունեությանը, քվեարկեցին նրա թեկնածության օգտին: Այսպիսով, Անուշ Անանյանը համալրեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի շարքերը մինչև 2024 թ. դեկտեմբերին կայանալիք ՀՖՖ հերթական ժողովը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ