Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները սեմինարի են մասնակցել Լոնդոնում

ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները սեմինարի են մասնակցել Լոնդոնում

ՀՖՖ 05.06.2023 14:40

Մայիսի 27-29-ը Լոնդոնում ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները մասնակցել են ֆուտբոլային սպորտային բժշկության ամենամյա համաշխարհային Football medicine The pursuit of excellence Isokinetic 2023 կոնֆերանսին։ Կոնֆերանսին մասնակցել են ֆուտբոլը սպասարկող շուրջ 2500 բժիշկներ և կինեզիստներ։

Կոնֆերանսի եռօրյա ծրագիրը բավականին հագեցած է եղել՝ 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնության բժշկական ապահովման քննարկում, ֆուտբոլիստներին մատուցվող բժշկական ծառայությունների ախտորոշում և բուժում, ինչպես նաև տարբեր վնասվածքներից կանխարգելման նորագույն մեթոդների քննարկում։

Կոնֆերանսի ընթացքում ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի բժշկական դեպարտամենտի տնօրեն Էնդրյու Մասսի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՖԻՖԱ-ի բժշկական դեպարտամենտի կողմից իրականացվող բժշկական ծրագրերին ՀՖՖ բժշկական դեպարտամենտի հնարավոր մասնակցության և համագործակցության մասին։ Կոնֆերանսի ընթացքում բժշկական դեպարտամենտի ղեկավարը հանդիպել է նաև Football medicine The pursuit of excellence Isokinetic կոնֆերանսի և Isokinetic medical group նախագահ Ստեֆանո Դելլա Վիլլայի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել իտալական սպորտային բժշկական կենտրոնների հետ՝ փորձի փոխանակման, ինչպես նաև կրթական ծրագրերի շրջանակում: Միևնույն ժամանակ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները իրավունք են ստացել գիտական հետազոտություններ իրականացնելու և տպագրվելու նրա կողմից ղեկավարվող կազմակերպության գիտական հանդեսներում։

Կոնֆերանսին հանդիպում է տեղի ունեցել ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ բժշկական ծառայության ղեկավար Զորան Բախտիարևիչի միջև։ Վերջինս բարձր է գնահատել ՀՖՖ բժշկական դեպարտամենտի գործուն քայլերն՝ ուղղված Հայաստանում ֆուտբոլային սպորտային բժշկության զարգացմանը, որից հետո ՈՒԵՖԱ բժշկական ծառայության ղեկավարի ներկայությամբ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի բժիշկները Եվրոպայի վերակենդանացման կոմիտեի տաղավարում Basic Life Support ծրագրի շրջանակում վարժասարքերի վրա գործնական հմտությունների ցուցադրում են իրականացրել այլ երկրների որոշ մասնակիցների համար։ Կոնֆերանսին մասնակցող Եվրոպայի վերակենդանացման կոմիտեի հիմնադիր նախագահ Ջեն Վան Դուրենը ՈՒԵՖԱ բժշկական ծառայության ղեկավարին տեղեկացրել է ,որ ՀՖՖ բժշկական դեպարտամենտը եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաները ներկայացնող բժշկական ծառայություններից առաջինն է, որն իր ողջ անձնակազմին ԵՎՐՈ-2024-ին ընդառաջ վերապատրաստել է Basic Life Support ծրագրով, միևնույն ժամանակ, օգտվելով հանդիպման հնարավորությունից, հրավիրել է ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչներին այս տարի նոյեմբերին՝ Բարսելոնայում մասնակցելու Եվրոպայի վերակենդանացման 2023 թվականի կոնգրեսին։ 

Նշենք, որ այդ կոնգրեսի շրջանակում տպագրվող գիտական հոդվածների մեկը վերաբերվում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային՝ Basic Life Supprot education for Football Federation of Armenia-small part of the global UEFA_ERC Project անվանմամբ, որի հեղինակների շրջանում են ինչպես Եվրոպայի վերակենդանացման կոմիտեի ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը։

Կոնֆերանսի ընթացքում ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները տարբեր ձևաչափերով հանդիպումներ են ունեցել նաև տարբեր երկրների առաջատար բժիշկների հետ, այդ թվում Կատարի Ասպետար բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հայ մասնագետների՝ Ասպետարում վերապատրաստման հնարավորություններ դիտարկելու վերաբերյալ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ