
Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ
Հունվարի 24-ին ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ «Ազգային», «ՈՒԵՖԱ»-ի և «ՈՒԵՖԱ»-ի Կանանց Չեմպիոնների լիգայի արտոնագրերի թեկնածու ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:
2024 թ. դեկտեմբերի 27-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն «Ազգային» արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025/2026 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:
2025/2026 թթ. արտոնագրային մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 11 ակումբներ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Սյունիք ՖԱ» ֆուտբոլային ակումբը:
ՈՒԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի արտոնագրի հայտ են ներկայացրել 3 ակումբներ։
Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջներին, որոնք պետք է բավարարեն՝ մինչև փետրվարի 24-ը ներկայացնելով համապատասխան ոչ ֆինանսական փաստաթղթային փաթեթները: Այդ փաթեթների հիման վրա՝ ս.թ. ապրիլի 1-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Ազգային» արտոնագրեր շնորհելու հարցը: «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 2-ին: