
ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաքի են մեկնել Կիպրոս
Հունվարի 30-ին ՀՖՖ մրցավարները մեկնել են Կիպրոսի Այիա Նապա քաղաք, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն մինչև փետրվարի 8-ը։
Հավաքին կմասնակցի 12 մրցավար և մրցավարի 14 օգնական, ինչպես նաև 2 կին մրցավար և կին մրցավարի 3 օգնական, ովքեր նաև հանդիսանում են միջազգային կարգի մրցավարներ և սպասարկում են Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները: Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է, իսկ ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի ՀՖՖ Մրցավարական դեպարտամենտի պետ Արման Ալաբերքյանը։
Հավաքի ընթացքում կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, հայ մրցավարները նաև հնարավորություն կստանան սպասարկելու միջազգային ստուգողական հանդիպումներ: Հավաքի ավարտին մասնակից մրցավարները կհանձնեն տեսական և ֆիզպատրաստության քննություններ: