Կայացավ ՈՒԵՖԱ/ՀՖՖ A կարգի արտոնագրի դասընթացի երրորդ մոդուլը․ այն վարեց Իվի Կասագրանդեն
Հուլիսի 14-ից 16-ը անցկացվեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ A կարգի արտոնագրի դասընթացի երրորդ մոդուլը՝ նվիրված ֆուտբոլում ֆիզիկական պատրաստությանը։ Այն վարելու համար Հայաստան էր ժամանել ՈՒԵՖԱ Ֆիթնեսի խորհրդատվական խմբի անդամ Իվի Կասագրանդեն։
Եռօրյա դասընթացին մասնակիցներն ուսումնասիրեցին ժամանակակից ֆուտբոլի ֆիզիկական պահանջները և դրանց կապը թիմի խաղային համակարգի, խաղաոճի ու տակտիկական որոշումների հետ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տարբեր դիրքերի խաղացողների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև տղամարդկանց և կանանց ֆուտբոլի տարբերություններին։
Քննարկվեցին խաղային համակարգի ու խաղաոճի ազդեցությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա, դիրքային առանձնահատկությունները, ինչպես նաև հանդիպման տարբեր փուլերում առաջացող պահանջները։ Մասնակիցները վերլուծեցին, թե մարզչի տակտիկական որոշումներն ինչպես են անդրադառնում առանձին խաղացողների և ամբողջ թիմի վրա։
Անդրադարձ կատարվեց ինտեգրված ու իզոլացված մարզումների առավելություններին, սահմանափակումներին, ինչպես նաև ֆիզիկական և տակտիկական նպատակների համադրմանը։ Քննարկվեց նաև միկրոցիկլի կառուցվածքը և տարբեր օրերի համար համապատասխան ծանրաբեռնվածության ընտրությունը։
Դասընթացը ներառում էր տեսական և գործնական մաս, ինչպես նաև խմբային աշխատանքներ։ Մասնակիցները նախագծեցին MD-4 և MD-1 օրերի պարապմունքները, սահմանեցին նպատակները, ընտրեցին համապատասխան վարժությունները և իրականացրին խաղադաշտում։