Ամբողջական տեղեկատվություն Երևանում և մարզերում 4 ֆուտբոլի դպրոցի հետ կապված
Օգոստոսի 17-ին ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սիսակ Գաբրիելյանին հարց է ուղղել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի և դրա իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է ՀՖՖ գործունեությանը և այն հանգամանքը, որ ԱԺ-ում ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չի եղել՝ հարկ ենք համարում ներկայացնել ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։
Ընդգծենք նաև, որ Ծրագրի իրականացման ընթացքի մասին բոլոր մանրամասները ՀՖՖ-ն պարբերաբար ներկայացնում է ԿԳՄՍ նախարարությանը և աշխատում պետական կառույցի վերահսկողության ներքո։
Այսպիսով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2080-Ն որոշման և 2022 թվականի դեկտեմբերի 30-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևան քաղաքում, ինչպես նաև Մարտունի, Իջևան և Արտաշատ համայնքներում իրականացվում է 4 ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագիրը։
Ծրագրի իրականացման համար նախատեսված ընդհանուր բյուջեն կազմել է 5 միլիարդ ՀՀ դրամ, որի 50 տոկոսը` 2.5 միլիարդ ՀՀ դրամը, փոխանցվել է ՀՖՖ-ի առանձին բանկային հաշվեհամարին և այն օգտագործվում է բացառապես ծրագրի շրջանակում, միայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլատվությամբ, ինչը բացառում է այդ միջոցների ոչ նպատակային կամ անարդյունավետ օգտագործման հնարավորությունը։
Ծրագիրն իրականացվում է բացառապես ՀՀ պետական գնումների մասին օրենքի սահմանված կարգով, իսկ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է պետական գնումների պաշտոնական կայքում (https://gnumner.minfin.am)։ Ընդ որում, պետական գնումների մասին օրենքի ընթացակարգերն ամբողջապես պահպանելու նպատակով՝ ՀՖՖ-ն իր միջոցներով համապատասխան որակավորմամբ մասնագետներ է ներգրավել:
Երեք ֆուտբոլի դպրոցների՝ Իջևանի, Արտաշատի և Երևանի նախագծանախահաշվային փաստաթղթերը Նախարարություն են ներկայացվել պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2026 թվականի մայիսի 29-ին։
Մարտունի քաղաքում ֆուտբոլի դպրոցի կառուցման շրջանակում Նախարարության և ՀՖՖ-ի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ հողահատկացումից հետո ՀՖՖ-ն պարտավորվում է իննամսյա ժամկետում ներկայացնել ծրագրի արժեքը հիմնավորող նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Վերոնշյալ հողամասը Մարտունի համայնքին է հանձնվել 2025 թվականի դեկտեմբերի 25-ին, որից հետո միայն հնարավորություն է ստեղծվել սկսելու ծրագրի իրականացումը։ Ընթացիկ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, և Մարտունիի ֆուտբոլի դպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերը Նախարարություն կներկայացվեն նախատեսված ժամկետում։
Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի
Գեղարքունիքի մարզում դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի Գետափնյան 2-րդ փողոց, թիվ 19 հասցեում գտնվող նախկին մարզադաշտի տարածքը։
- Անհրաժեշտ գործողությունների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ Մարտունի քաղաքի մարզադաշտը մասնավորեցվել է, ինչի վերաբերյալ ՀՖՖ-ն տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությանը։ Նշվել է նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Մարտունի համայնքի ղեկավարների հետ տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ։ Հաշվի առնելով նաև այլընտրանքային տարբերակների բացակայությունը՝ ի վերջո որոշվել է մասնավոր սեփականատիրոջից հետ գնել տվյալ մարզադաշտի հողատարածքը։
- 2023 թվականի ապրիլի 12-ին ՀՖՖ-ի կողմից գրություն է ուղարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին՝ ներկայացնելով առաջարկություններ՝ Մարտունու մարզադաշտի հողամասի ձեռքբերման շուրջ։
- Հետագայում Մարտունու մարզադաշտի հողամասի հետ կապված հարցը քննության առարկա է դարձել քրեական վարույթի շրջանակում, ինչի հետևանքով կասեցվել է ՀՖՖ-ի կողմից հողամասի ձեռքբերման գործընթացը։ Գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ դատախազի ներկայացրած միջնորդագրի հիման վրա Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ գրանցվել է Մարտունի համայնքի սեփականության իրավունքը։
- Արդյունքում՝ 2025 թվականի մայիսի 12-ին միայն վերականգնվել է Մարտունի համայնքի սեփականության իրավունքը նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոցի 22 հասցեում գտնվող գույքի նկատմամբ։
- Վերոգրյալի մասին տեղեկանալուց հետո՝ 2025 թվականի հուլիսի 1-ին, ՀՖՖ-ն գրություն է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով, որ վերջին 3 տարիների ընթացքում հողամասի նկատմամբ առկա իրավական խոչընդոտների պատճառով հնարավորություն չի ունեցել մեկնարկելու ֆուտբոլի դպրոցի կառուցման աշխատանքները։ Գրությամբ նաև նշվել է, որ հողամասը վերադարձվել է Մարտունի համայնքի տիրապետմանը, և առկա բոլոր իրավական խոչընդոտները վերացվել են։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՖՖ-ն խնդրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջնորդությունը՝ Պայմանագրի շրջանակում ՀՖՖ-ին թույլատրելու հողամասում նախատեսվող ֆուտբոլի դպրոցի նախագծման աշխատանքների մեկնարկը։
- 2025 թվականի հուլիսի 25-ին Նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոցի 19 հասցեում ֆուտբոլի դպրոց կառուցելու հարցը գտնվում է քննարկման փուլում, իսկ քննարկման արդյունքների վերաբերյալ ՀՖՖ-ին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
- 2026 թվականի հունվարի 8-ին Նախարարությունը ՀՖՖ-ին տրամադրել է Մարտունի համայնքին պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականը և առաջարկել տվյալ հասցեում իրականացնել ֆուտբոլի դպրոցի կառուցման նախագծման աշխատանքները։
- 2026 թվականին հայտարարված՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման երկու ընթացակարգերը չեն կայացել հայտերի բացակայության պատճառով։
- 2026 թվականի հունիսի 2-ին գնման ընթացակարգը հայտարարվել է երրորդ անգամ, որի արդյունքում 2026 թվականի հունիսի 26-ին կնքվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների պետական գնման պայմանագիր։ Ներկայում իրականացվում են պայմանագրով նախատեսված նախագծային աշխատանքները, որոնց ավարտի վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 23-ն է։
Տավուշի մարզ, քաղաք Իջևան
Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Իջևան քաղաքի Արցախյան փողոց 94/1 հասցեում գտնվող «Արնար» մարզադաշտի տարածքը։
- 2023 թվականի ապրիլի 12-ին ՀՖՖ-ն գրություն է ուղարկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին՝ տեղեկացնելով, որ մարզադաշտի սեփականատերը պատրաստ է վաճառել հողատարածքը։ Միաժամանակ առաջարկվել է Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտի հողատարածքի շուկայական արժեքը որոշելու նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել լիցենզավորված գնահատողի կողմից կազմված գնահատման հաշվետվություն, որի հիման վրա կորոշվեր հողատարածքի ձեռքբերման առավելագույն արժեքը։
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է հողատարածքի շուկայական արժեքի գնահատում, որի արդյունքում սեփականատիրոջ կողմից առաջարկված արժեքը գնահատվել է ընդունելի։ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՖՖ-ն գրությամբ տեղեկացրել է Նախարարությանը, որ մարզադաշտի սեփականատերը պատրաստ է հողատարածքը վաճառել։
- Նախարարության համաձայնությամբ՝ 2024 թվականի փետրվարի 29-ին կնքվել է հողամասում առկա շինությունների առուվաճառքի պայմանագիրը։
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ մեկ անձից գնման ընթացակարգին համապատասխան՝ 2024 թվականի հուլիսի 8-ին «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին ուղարկվել է հրավեր։ Շինությունների սեյսմիկ անվտանգությունն ապահովելու և սեյսմիկ ռիսկերը նվազեցնելու նպատակով ՀՖՖ-ն նախաձեռնել է շինությունների սեյսմիկ փորձաքննության ծառայությունների ձեռքբերման ընթացակարգ։
- 2024 թվականի հուլիսի 29-ին «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր։ Սեյսմիկ փորձաքննության արդյունքները ստացվել են 2024 թվականի դեկտեմբերի 10-ին։
- Ծառայությունը մատուցվել է պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի խախտմամբ․ պայմանագրով սահմանված՝ 2024 թվականի օգոստոսի 28-ի փոխարեն այն փաստացի մատուցվել է 2024 թվականի դեկտեմբերի 10-ին։ Ժամկետի խախտման համար կիրառվել են պայմանագրով նախատեսված տույժերը։
- 2025 թվականի ապրիլին հայտարարված՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման առաջին ընթացակարգի շրջանակում ներկայացվել է մեկ հայտ, որը չի համապատասխանել սահմանված չափանիշներին, ինչի հետևանքով ընթացակարգը չի կայացել։
- 2025 թվականի հուլիսի 28-ին հայտարարված հաջորդ ընթացակարգը ևս չի կայացել՝ հայտեր չներկայացվելու պատճառով։
- 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ընթացակարգը հայտարարվել է երրորդ անգամ, որի արդյունքում 2025 թվականի նոյեմբերի 21-ին կնքվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։
- Նախագիծը պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2026 թվականի ապրիլի 1-ին, ներկայացվել է ՀՖՖ-ին։
- Այնուհետև՝ 2026 թվականի հունիսի 29-ին, հայտարարվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման ընթացակարգ, որի արդյունքում 2026 թվականի հուլիսի 30-ին կնքվել է համապատասխան պայմանագիր։ Պայմանագրով ծառայությունների մատուցման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի օգոստոսի 20-ը։
Երևան քաղաք
Ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Դավթաշեն, Ա․ Միկոյան 109/10 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը։
- Հաշվի առնելով, որ վերոնշյալ տարածքն ամրակցված է եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ՀՖՖ-ն 2022 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին՝ խնդրելով հայտնել անհրաժեշտ հողամասը ՀՖՖ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանները։
- Ի պատասխան նշված գրության՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2023 թվականի հունվարի 4-ի գրությամբ ՀՖՖ-ն տեղեկացվել է, որ վերոնշյալ հասցեում գտնվող գույքը Նախարարությանն է հանձնվել անհատույց օգտագործման իրավունքով, ուստի ԱԻՆ-ը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կարող է միայն վերադարձնել Երևան համայնքին։
- Երկարատև բանակցությունների արդյունքում ԱԻՆ-ը հողամասը վերադարձրել է Երևան համայնքին։ Այնուհետև ՀՖՖ-ն իր միջոցներով իրականացրել է տվյալ հողամասի գեոդեզիական հանույթի աշխատանքները և 2023 թվականի ապրիլի 14-ի գրությամբ դիմել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով Դավթաշեն վարչական շրջանում ֆուտբոլի դպրոց կառուցելու համար անհրաժեշտ հողամասը ՀՖՖ-ին հատկացնել անհատույց օգտագործման իրավունքով։ Նշվածի վերաբերյալ ՀՖՖ-ն 2023 թվականի մայիսի 31-ի գրությամբ տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
- Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 32-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետը 2024 թվականի փետրվարի 5-ին ընդունել է թիվ 421-Ա որոշումը՝ Անաստաս Միկոյան փողոցի թիվ 111/12 և Դավթաշենի 4-րդ թաղամասի թիվ 48/5 հասցեներում գտնվող, ինչպես նաև դրանց կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանելու և հասցե տրամադրելու մասին։
- 2024 թվականի մարտի 25-ին ստացվել է ՀՀ, Երևան համայնքի կողմից տրված նախագծման թույլտվությունը, որից հետո նախաձեռնվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման գործընթացը։ Առաջին երկու մրցույթները չեն հանգեցրել պայմանագրի կնքման՝ ներկայացված գնային առաջարկի և անհրաժեշտ ապահովումների բացակայության պատճառով։ Երրորդ ընթացակարգի արդյունքում 2025 թվականի փետրվարի 25-ին կնքվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման պայմանագիր։
- Ծառայությունը մատուցվել է պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի խախտմամբ պայմանագրով սահմանված՝ 2025 թվականի հուլիսի 25-ի փոխարեն այն փաստացի մատուցվել է 2025 թվականի սեպտեմբերի 10-ին։ Ժամկետի խախտման համար կիրառվել են պայմանագրով նախատեսված տույժերը։
- 2025 թվականի հոկտեմբերի 22-ին հայտարարվել է փորձաքննության ծառայությունների ձեռքբերման ընթացակարգ, որը 2025 թվականի հոկտեմբերի 29-ին հայտարարվել է չկայացած՝ հայտեր չներկայացվելու պատճառով։
- 2025 թվականի նոյեմբերի 4-ին հայտարարվել է փորձաքննության ծառայությունների ձեռքբերման երկրորդ ընթացակարգը, որը 2025 թվականի նոյեմբերի 11-ին կրկին հայտարարվել է չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով։
- 2025 թվականի նոյեմբերի 26-ին ընթացակարգը հայտարարվել է երրորդ անգամ, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 19-ին կնքվել է փորձաքննության ծառայությունների մատուցման պայմանագիր։
- Պարզ փորձաքննության ավարտից հետո անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եզրակացությունը, 2026 թվականի ապրիլի 16-ին ներկայացվել են համալիր փորձաքննության։
- 2026 թվականի հունիսի 23-ին ստացված դիտողությունների հիման վրա փաստաթղթերի փաթեթը լրամշակվել և 2026 թվականի հուլիսի 1-ին կրկին ներկայացվել է համապատասխան պետական մարմին՝ համալիր փորձաքննությունը շարունակելու նպատակով։
- 2026 թվականի օգոստոսի 17-ին ստացվել է համալիր փորձաքննության դրական եզրակացությունը, որից հետո արդեն իսկ սկսվել են աշխատանքները շինարարության թույլտվություն ստանալու և շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը հայտարարելու ուղղությամբ։
Արտաշատ քաղաք
Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման նպատակով ընտրվել է Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի 104 հասցեում գտնվող հողամասը։
- Հողամասը ՀՖՖ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով՝ ՀՖՖ-ն 2023 թվականի հունվարի 9-ի գրությամբ դիմել է Արտաշատ համայնքի ղեկավարին։
- 2023 թվականի հունվարի 11-ին Արտաշատ համայնքի ավագանին ընդունել է թիվ 3-Ա որոշումը, որով Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ՀՖՖ-ին։
- Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 2023 թվականի մարտի 23-ին Արտաշատ համայնքի ղեկավարը կայացրել է թիվ 1348-Ա նույնաբովանդակ որոշումը։ 2023 թվականի ապրիլի 27-ին Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառավարչական հիմնարկի և ՀՖՖ-ի միջև կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որի հիման վրա 2023 թվականի մայիսի 5-ին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մատյանում կատարվել է համապատասխան գրանցում։
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հստակեցվել է, որ ֆուտբոլի դպրոցների կառուցման համար նախատեսված հողամասերը չենք կարող տիրապետման և/կամ տնօրինման իրավունքով պատկանել ՀՖՖ-ին։ Այդ հիմքով Արտաշատ համայնքի հետ կնքված՝ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվել է։
- Հողահատկացման հետագա գործընթացն իրականացվել է Նախարարության կողմից, որից հետ Նախարարության կողմից ՀՖՖ-ին տեղեկացվել է, որ կարող է ձեռնամուխ լինել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին։
- 2024 թվականի մարտի 19-ին կնքվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների մատուցման պայմանագիր։ Ծառայությունը մատուցվել է պայմանագրով հաստատված գնման ժամանակացույցի խախտմամբ․ պայմանագրով սահմանված՝ 2024 թվականի օգոստոսի 16-ի փոխարեն այն փաստացի մատուցվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ժամկետի խախտման համար կիրառվել են պայմանագրով նախատեսված տույժերը։
- Փորձաքննության կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները ստացվել են 2025 թվականի օգոստոս ամսվա ընթացքում։
- 2025 թվականի սեպտեմբերի 30-ին հայտարարվել է փորձաքննության ծառայությունների ձեռքբերման ընթացակարգ, որը 2025 թվականի հոկտեմբերի 7-ին չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով։
- 2025 թվականի նոյեմբերի 3-ին ընթացակարգը հայտարարվել է երկրորդ անգամ, սակայն 2025 թվականի նոյեմբերի 10-ին այն կրկին չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով։
- 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ընթացակարգը հայտարարվել է երրորդ անգամ։
- Երրորդ ընթացակարգի արդյունքում՝ 2026 թվականի հունվարի 14-ին, որոշում է կայացվել ընտրված ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին։
- 2026 թվականի փետրվարի 17-ին, կնքվել է փորձաքննության ծառայությունների մատուցման պայմանագիր։ Փորձագիտական եզրակացությունը ներկայացվել է 2026 թվականի հունիսի 26-ին՝ պայմանագրով սահմանված ժամկետnների խախտմամբ։ Ժամկետի խախտման համար կիրառվել են պայմանագրով նախատեսված տույժերը։
- Փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո մեկնարկել է շինարարության թույլտվության ստացման գործընթացը։