Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ում անցկացվեց կանանց ֆիզպատրաստությանը նվիրված սեմինար

ՀՖՖ-ում անցկացվեց կանանց ֆիզպատրաստությանը նվիրված սեմինար

ՀՖՖ-ն և ԲԿՄԱ-2-ի ֆիզպատրաստության մարզիչ Նարեկ Խաչատրյանը կազմակերպել են կանանց ֆիզպատրաստությանը նվիրված սեմինար, որին մասնակցեց 29 մարզիչ։

 

Դասընթացի նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները ժամանակակից մեթոդաբանության վերաբերյալ՝ մկանային համակարգի անատոմիայից ու ֆիզիոլոգիայից մինչև մարզումների պլանավորում և պերիոդիզացիա։ Անդրադարձ է կատարվել հենաշարժողական ապարատի առանձնահատկություններին, վնասվածքների կանխարգելմանը, ինչպես նաև աղջիկների և տղաների ֆիզիոլոգիական տարբերություններին։ Մարզիչները ստացած տեսական գիտելիքները կիրառել են նաև գործնական պարապմունքների ժամանակ՝ մարզասրահում և խաղադաշտում։

 

«Մեր նպատակն էր թեմային մոտենալ խորքային՝ բջջային մակարդակից ու օրգան-համակարգերի աշխատանքից մինչև պերիոդիզացիա և մարզումային ցիկլերի կառուցում։ Վստահ եմ՝ այս գիտելիքների արդյունավետ կիրառումը կօգնի ճիշտ պլանավորել մարզումները և նվազեցնել վնասվածքները։ Բացի այդ, մասնակիցները կստանան մեթոդական ձեռնարկ՝ ամենօրյա աշխատանքում օգտագործելու համար», – նշել է Նարեկ Խաչատրյանը։

 

«Այս սեմինարին վաղուց էինք սպասում, քանի որ ֆիզպատրաստությունը մարզչական աշխատանքի ամենակարևոր ուղղություններից է։ Դասընթացը սկսեցինք մկանների անատոմիայից և ավարտեցինք գործնական մարզումներով։ Հայաստանում քիչ թիմեր ունեն առանձին ֆիզպատրաստության մարզիչ, ուստի ստացած գիտելիքները խիստ կիրառելի են, քանի որ հաճախ գլխավոր մարզիչներն իրենք են կատարում  ֆիզպատրաստության մարզչի գործառույթները», - ասել է «Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիայի» մարզիչ Աննա Ալեքսանյանը։

 

Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ