Գլխավոր >> Նորություններ >> VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբների շնորհվեցին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբների շնորհվեցին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր

Մայիսի 2-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Նորավանք» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2022/2023թթ․ խաղարկությանը:

 

Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու ակումբներից 6-ին․ դրանք են՝  «Ալաշկերտ ՖԱ», «Արարատ ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Նոա ՖԱ» :

 

Ակումբների Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին չտրամադրել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, քանի որ ակումբը սահմանված ժամկետներում չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը:

 

ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն ուսումնասիրության առավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման ֆինանսական փորձագետների եզրակացությունն առ այն, որ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ն ամբողջովին բավարարել է ֆինանսական չափանիշի պահանջները, սակայն, համաձայն ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդության, ակումբը չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու թեկնածու, քանի որ չի բավարարում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ․ խմբագրության) Հոդված 11-ով սահմանված երեք տարվա կանոնի պահանջները։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբը դիմել է ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինսական կառավարման մարմնին (Club financial control body - CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն, ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց հետաձգել Նորավանք ՍԱ-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը

 

Այսօր կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2022/2023թթ․ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ուրարտու» ՖԱ-ն, «Հայասա» ՖԱ-ն և «Նորավանք» ՍԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշները և ստացել համապատասխան արտոնագիրը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ