Ապրիլի 8-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը: Առաջին օրվա ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավար, ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, դանիացի մասնագետ Ֆլեմմինգ Սերիցլևը: Դասախոսության թեման ֆուտբոլում տաղանդի բացահայտումն էր: Երկժամյա զեկույցի ընթացքում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ակումբներում խաղացողների զարգացման երկարաժամկետ ծրագիրը, սելեկցիոն աշխատանքի, հոգեբանական մթնոլորտի, առողջական համակարգի կարևորությունը: Դասախոսությանը հետևեցին դաշտային մարզումները, որոնց ընթացքում ՊՐՈ արտոնագրի մարզչական դասընթացին մասնակցող 12 մարզիչները, բաժանվելով 6 խմբի կազմեցին մարզումային փոքրիկ ծրագրեր, մասնավորապես, 1-ը 2-ի դեմ, կամ 2-ը 1-ի դեմ հարձակում, պրեսսինգ, արագ անցում պաշտպանությունից հարձակման և այլն:
Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցներն են Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը: