Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ բժշկական դեպարտամենտի պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ 9-րդ բժշկական սիմպոզիումին

ՀՖՖ բժշկական դեպարտամենտի պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ 9-րդ բժշկական սիմպոզիումին

ՀՖՖ 20.02.2025 12:34

2025 թվականի փետրվարի 3-6-ը Շվեյցարիայի Լուգանո քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ 9-րդ բժշկական սիմպոզիումը, որը համախմբեց ավելի քան 500 բժշկական մասնագետների Եվրոպայից և այլ տարածաշրջաններից՝ քննարկելու ֆուտբոլային բժշկության արդիական խնդիրները, նորագույն հետազոտությունները և լավագույն փորձը: Այս տարի առաջին անգամ սիմպոզիումին մասնակցեցին նաև ակումբային ներկայացուցիչներ և կինեզիստներ:

ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև Կանանց Ազգային հավաքականի բժիշկ Մարիետա Դավիդյանը, կինեզիստ Արմենուհի Սայադյանը, Մ-18 հավաքականի բժիշկ Աշոտ Անտոնյանը, «Ուրարտու» ՖԱ բժիշկ Երվանդ Պողոսյանը, «Շիրակ» ՖԱ բժիշկ Համլետ Նազարյանը և «Վան» ՖԱ բժիշկ Արման Հակոբյանը:

Սիմպոզիումի առանցքային թեմաներից էին ֆուտբոլում հոգեկան առողջության հիմնախնդիրները, գլխի վնասվածքների կանխարգելումը, մարզիկների բժշկական հսկողության բարելավումը, դոպինգ-վերահսկողության խստացումն ու ֆուտբոլում առողջ սրտի վերահսկողության նոր մոտեցումները: ՀՖՖ պատվիրակությունը նաև մասնակցեց ՈՒԵՖԱ-ի «Get Trained, Save Lives» ծրագրի շրջանակում կազմակերպված հատուկ աշխատաժողովին, որի նպատակն է Եվրոպայում ֆուտբոլային բժշկական համայնքի ներկայացուցիչներին ուսուցանել կյանք փրկող հրատապ միջամտությունների հմտություններ: Սիմպոզիումն իրականացվում է միտված լինելով UEFA Women's EURO 2025-ին և այդ շրջանակում կանանց առողջության պահպանմանը ֆուտբոլում։

Սիմպոզիումի շրջանակում ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ ունեցավ ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ բժշկական ծառայությունների ղեկավարների հետ: ՖԻՖԱ բժշկական ծառայության ղեկավար Դոկտոր Էնդի Մասիի (Dr. Andy Massey) հետ քննարկվել է Հայաստանում ֆուտբոլիստների գլխուղեղի ցնցման ուղեցույցի ստեղծման և ներդրման առանձնահատկությունները, որը կարող է դառնալ կարևոր գործիք ֆուտբոլում վնասվածքների կառավարման համար:

ՈՒԵՖԱ բժշկական ծառայության ղեկավար Զորան Բահտիյարևիչի հետ քննարկվել են ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ընթացիկ ծրագրերը, դրանց զարգացման ուղիները, ինչպես նաև 2025 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք UEFA FDEP (Football Doctor Education Programme) համաեվրոպական կրթական ծրագրի առանձնահատկությունները:

Սիմպոզիումի ընթացքում Նարեկ Վանեսյանը նաև հանդիպում է ունեցել Կատարի «Ասպետար» բժշկական կենտրոնի բժշկական տնօրեն Դոկտոր Պիտեր Դ’Հուգեի հետ: Քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆուտբոլը սպասարկող բժիշկների, ինչպես նաև սպորտային վնասվածքներ վիրահատող վնասվածքաբանների, մարզիկներին սպասարկող սրտաբանների և ռադիոլոգների համար Կատարում մասնագիտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Սիմպոզիումի ընթացքում Նարեկ Վանեսյանը հանդիպեց նաև ՈՒԵՖԱ կինեզիստների վերապատրաստման ծրագրի ղեկավար Ռոման Յահոդայի հետ, ինչի արդյունքում առաջիկայում ֆուտբոլը սպասարկող կինեզիստները հնարավորություն կունենան Հայաստանում բարձրակարգ և գործնական վերապատրաստումներ ունենալ։

ՀՖՖ բժշկական դեպարտամենտը շարունակում է ակտիվորեն ներգրավվել միջազգային ծրագրերում՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում ֆուտբոլային բժշկության մակարդակը և ապահովել ֆուտբոլիստների առողջության բարձր ստանդարտներ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ