Երևանում մեկնարկեց «Ֆուտբոլի մարզչություն համայնքային զարգացման համար» դասընթացը
Երևանում մեկնարկեց «Ֆուտբոլի մարզչություն համայնքային զարգացման համար» դասընթացը։
FIFA Foundation-ի այս դասընթացը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՀՖՖ գործակցությամբ։ Մասնակցում է 30 փախստական, տեղահանված և տեղացի մարզիչ։
Դասընթացը մարզիչներին և մարզչությամբ հետաքրքրված անձանց ապահովելու է ոչ միայն ֆուտբոլի տեխնիկական հմտություններով, այլև առաջնորդության կարողություններով՝ հնարավորություն տալով նրանց դառնալ իրենց համայնքների մենթորներ, օրինակելի և ակտիվ անձինք։
Հնգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիք ու կարողություններ՝ ստեղծելու անվտանգ, ներառական և հետաքրքիր ֆուտբոլային միջոցառումներ, նպաստելու սոցիալական համախմբվածությանը, հոգեբանասոցիալական բարեկեցությանը և համայնքային տոկունությանը։
Ըստ FIFA Foundation-ի խորհրդատու Ալեխանդրո Կալվենտեի՝ ծրագրի նպատակն է ստեղծել ֆուտբոլային կամուրջ նրանց միջև, վերացնել լեզվական և մշակութային արգելքները։ Նրա խոսքով՝ մասնակիցներն ամեն օր տեսական դասը պետք է վերածեն գործնականի և անցկացնեն մարզում՝ հրահանգիչների աջակցությամբ։
FIFA Foundation-ի խորհրդատու և մարզիչ Ալբերտո Ջակոմինին էլ ընդգծում է՝ ֆուտբոլը ոչ միայն հաջորդ Ռոնալդու կամ Մեսսի դառնալու միջոց է, այլև երեխաներին կրթելու հնարավորություն։ «Հենց այս գաղափարը առաջիկա 5 օրերին պետք է փոխանցենք մասնակիցներին։ Հուսով եմ՝ սեմինարի ավարտին բոլորը կկարողանան առաջարկել ֆուտբոլային մարզման իրենց տարբերակը՝ մի մարզում, որը կզարգացնի երեխաների կարողություններն ու հմտությունները»,– նշել է Ալբերտո Ջակոմինին։
«Ֆուտբոլի մարզչություն համայնքային զարգացման համար» դասընթացը կավարտվի դեկտեմբերի 5-ին։