
Կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը
Մայիսի 2-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա», «Շիրակ» և «Վան» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2025/2026թթ․ մրցաշրջանի ակումբային մրցաշարերին։
Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր ակումբներին։
Այսօր կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈՒԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2025/2026թթ․ ՈՒԵՖԱ-ի Կանանց Ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Վերոնշյալ արտոնագրի համար դիմած միակ ակումբը ՝ «Փյունիկ» ՖԱ-ն, բավարարել է բոլոր չափանիշները և ստացել համապատասխան արտոնագիրը։