ՀՖՖ-ում մեկնարկեց սեմինար՝ «Սիրողական ֆուտբոլի միջավայրի վերլուծության ներկայացում» թեմայով
ՀՖՖ-ում մեկնարկեց սեմինար՝ «Սիրողական ֆուտբոլի միջավայրի վերլուծության ներկայացում» թեմայով։ Նպատակը հայկական սիրողական ֆուտբոլի զարգացումն է։
Սեմինարի սկզբում ներկաներին ողջունեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, քանի որ մենք դիտարկում ենք մասայական ֆուտբոլը՝ ֆուտբոլի հիմքը։ Մասայական ֆուտբոլի զարգացումը միակ ուղին է, որով մենք կարող ենք ապագայում ունենալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Կարևոր է, որ բոլորս լինենք ակտիվ, հարցեր տանք և մասնակցենք ինտերակտիվ քննարկմանը։ Եթե կա անհամաձայնություն զեկույցի հետ, բարձրաձայնենք խնդիրները։ Եթե համաձայն ենք, փորձենք վերհանել խնդիրներն ու առաջարկել լուծումներ։ Այս քննարկումն ուղղված է ամբողջ ֆեդերացիային և վերաբերում է մեր հիմնական շահառուներին՝ երեխաներին ու երիտասարդներին։ Այդ պատճառով այս քննարկումն ամենակարևորներից է, որը պահանջում է բոլորի ուշադրությունը և ակտիվ ներգրավվածությունը։ Ինտերակտիվ և բաց քննարկումը թույլ կտա մեզ ոչ միայն գնահատել ընթացող ծրագրերը, այլև գտնել իրական խնդիրներ ու լուծումներ, որոնք կօգնեն մասայական ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում», - նշեց ՀՖՖ նախագահը։
Սեմինարը վարում են ոլորտի լավագույնները՝ ՖԻՖԱ-ի տարածաշրջանային տեխնիկական խորհրդատու Գայոզ Դարսաձեն և սիրողական ֆուտբոլի վերլուծության մենեջեր Ռայմոնդաս Ստատկևիչյուսը։
«Սիրողական ֆուտբոլի զարգացումն առանցքային նշանակություն ունի, քանի որ այն ֆուտբոլի հիմքն է։ Մեր երկրում ֆուտբոլիստների շուրջ 99%-ը սիրողական մակարդակում են, և միայն 0․2%-ն են պրոֆեսիոնալ։ Հետևաբար, մասսայական ֆուտբոլի առաջընթացը պրոֆեսիոնալ ակումբների և ազգային հավաքականի հաջողության գլխավոր նախապայմանն է։ Մենք վերանայել ենք մեր վերլուծությունները և ներկայացնում ենք զեկույց՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակով՝ հատուկ Հայաստանի համար։ Սա ելակետային փաստաթուղթ է, որը կանխորոշելու է մեր ապագա ռազմավարությունը։ Սա ՖԻՖԱ-ի վերջին տարիների կարևորագույն հետազոտությունն է, որը հասանելի է դարձել ՀՖՖ-ի հետ արդյունավետ գործակցության շնորհիվ։ Շնորհակալ եմ ՀՖՖ նախագահին, գլխավոր քարտուղարին և տեխնիկական տնօրենին՝ հետևողական ու արդյունավետ աշխատանքի համար», - ասաց Գայոզ Դարսաձեն։