Կայացավ ՈւԵՖԱ մարզչական A կարգի արտոնագրի դասընթացի 8 մոդուլից առաջինը
ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի աջակցությամբ սկսել է ՈւԵՖԱ մարզչական A կարգի արտոնագրի դասընթացը։ 8 մոդուլից բաղկացած դասընթացից առաջինն արդեն կայացել է։
Մասնակցել է 24 մարզիչ՝ 22 տղամարդ, 2 կին։ Դասընթացը վարել է ՈՒԵՖԱ տեխնիկական հրահանգիչ Դարիուշ Պասիեկան։ Նրան օգնել է ՀՖՖ 5 հրահանգիչ։
«ՀՖՖ-ն ճիշտ ժամանակին քայլ կատարեց՝ UEFA-ի աջակցությամբ անցկացնելու «A» կարգի արտոնագրի դասընթաց։ Սա միայն դասասենյակային աշխատանք չէ. ուսանողների հետ աշխատելու ենք նաև իրենց ակումբներում։ Մարզչին սեփական թիմի հետ աշխատելիս գնահատելը շատ ավելի արդյունավետ է, քան դասերին։ Այս փուլում հիմնականում կենտրոնացած ենք խաղային համակարգերի, ոճերի, պաշտպանության և անցումների վրա։ Առաջիկայում կանդրադառնանք այլ կարևոր թեմաների՝ խաղացողների ներգրավվածությանը, մարզչական հմտություններին և առաջնորդությանը: Մասնակիցները տարբեր մակարդակի են՝ պրոֆեսիոնալից մինչև երիտասարդական թիմերի մարզիչներ ու օգնականներ։ Այս բազմազանությունը շատ կարևոր է, քանի որ տարբեր փորձառությունների միախառնումն իսկապես օգտակար է։ Այս մոդուլին ինձ օգնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 5 հրահանգիչ։ Նրանք լիցենզավորված պրոֆեսիոնալներ են, ովքեր փայլուն աշխատեցին և աջակցեցին մասնակիցներին։ Իմ նպատակն է սովորեցնել ոչ միայն ուսանողներին, այլև հրահանգիչներին։ Երբ ես հեռանամ, ՀՖՖ ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն ինքնուրույն և բարձր մակարդակով անցկացնելու հաջորդ սերունդների դասընթացները։ Բայց մինչև այդ մեզ սպասվում է ևս 6 մոդուլ, մասնակիցների հետ վերլուծելու ենք Հայաստանում անցկացվող Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման 2-րդ փուլի խաղերը և միջազգային առաջնություններ, այդ թվում՝ Մունդիալ-2026-ը», - նշել է Դարիուշ Պասիեկան։
7-րդ մոդուլից հետո մասնակիցները կհանձնեն քննություն։ Ովքեր կհաջողեն, կստանան մարզչական A կարգի արտոնագիր։