ՀՖՖ պատվիրակությունը մասնակցեց ՈւԵՖԱ Ակումբների արտոնագրման փոխանակման ծրագրի հանդիպմանը
Փետրվարի 16-18-ը Ռիգայում կայացավ ՈւԵՖԱ Ակումբների արտոնագրման փոխանակման ծրագրի հանդիպում։ ՀՖՖ պատվիրակության կազմում էին ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը, Արտոնագրման բաժնի պետի ժ/պ Նաիրա Աբրամյանը և Արտոնագրման բաժնի մասնագետ Նունե Սարգսյանը։
Հանդիպումն ազդարարեց Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիաների գործակցության մեկնարկը՝ ուղղված ակումբների արտոնագրման համակարգերի կատարելագործմանը և փորձի փոխանակմանը։
Ծրագրի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց Արտոնագրման համակարգերի կառուցվածքը, գործառնական մեխանիզմները, վերահսկողական ընթացակարգերը, ինչպես նաև ակումբների արտոնագրման գործընթացի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման տարբերակները։ Բաց և կառուցողական միջավայրը նպաստեց մասնագիտական երկխոսությանը, փոխադարձ վստահության ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների համար ամուր հիմքի ձևավորմանը։
Փոխանակման ծրագիրը նախատեսված է իրականացնել երեք փուլով: Հաջորդ հանդիպումը կկայանա հունիսին Հայաստանում, իսկ եզրափակիչ փուլը կանցկացվի հուլիսին Նիոնում՝ ՈւԵՖԱ գրասենյակում։ Այդ ժամանակ կամփոփվեն շուրջ 10 մասնակից ֆեդերացիայի փոխանակման ծրագրերի արդյունքները: