Շարունակվում է «Մարզիչների փորձագիտական ծրագիրը»․ կայացավ 3-րդ մոդուլը
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի և միջազգային «Double Pass» ընկերության գործակցությամբ շարունակվում է «Մարզիչների փորձագիտական ծրագիրը»։
3-րդ մոդուլը կայացավ հունվարի 14-15-ին՝ համախմբելով հայկական ակումբների և ակադեմիաների մարզիչներին։ Այն նվիրված էր ֆուտբոլիստի անհատական զարգացմանը, պրոֆիլի գնահատմանը, զարգացման երկարաժամկետ ուղիների ձևավորմանը։
Մասնակիցները ուսումնասիրեցին տարբեր խաղային դիրքերի և դերերի առանձնահատկությունները, պոտենցիալ–կատարողականություն տարբերակումը, ինչպես նաև տաղանդի զարգացման ժամանակակից մոտեցումները։
Երկու օրվա առաջին կեսին անցկացվեցին տեսական դասեր։ 2-րդ կեսին մասնակիցները բաժանվեցին 2 խմբի, իրականացվեցին ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանքներ։
Խմբային աշխատանքի ընթացքում մարզիչները քննարկեցին գերմանական և պորտուգալական մոդելները, փոխանակվեցին փորձով, համատեղ մշակեցին անհատական զարգացման, նաև՝ գործողությունների պլաններ՝ հիմնված խաղային մոդելի վրա։