Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ
ՀՖՖ Արտոնագրման բաժնի նախաձեռնությամբ կայացավ սեմինար-հանդիպում Ազգային, ՈՒԵՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի արտոնագրերի թեկնածու ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ։ Սեմինարը վարեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը։
Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարեց արտոնագրային մրցաշրջանի սկիզբը։ Այն «Ազգային» արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու դեպքում իրավունք են տալու մասնակցել նույն մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2026/2027 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին։
2026/2027 թթ. արտոնագրային մրցաշրջանին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 ակումբ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունից «Սյունիք» ՖԱ-ն, «Սարդարապատ» ՖԱ-ն և «Անդրանիկ» ՖԱ-ն։ ՈՒԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի արտոնագրի հայտ է ներկայացրել 3 ակումբ։
Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների պատասխանատուները ծանոթացան նախորդ մրցաշրջանի համեմատ կատարված արտոնագրման փոփոխված չափանիշներին։ ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացրեց այն պահանջները, որոնք պետք է բավարարել մինչև մարտի 2-ը՝ տրամադրելով համապատասխան ոչ ֆինանսական փաստաթղթային փաթեթները։
Ըստ այդ փաթեթների՝ ապրիլի 1-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Ազգային» արտոնագրեր շնորհելու հարցը։ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը տեղի կունենա այս տարվա մայիսի 1-ին։