Երևանում մեկնարկեց UEFA Share սեմինարը
Նոյեմբերի 4-ին Երևանում մեկնարկեց UEFA Share սեմինարը։ Քննարկմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել 20 երկրի 34 ներկայացուցիչ։
ՈՒԵՖԱ-ի կազմակերպած Share սեմինարները նպատակ ունեն խթանելու եվրոպական ֆուտբոլի շարունակական զարգացումը՝ նպաստելով ֆուտբոլային և կառավարման ոլորտներում գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև ներկայացնել նոր հայեցակարգեր ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաներին։
Սեմինարների հիմնական նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ ասոցիացիաների ներկայացուցիչները կարող են փոխանակվել փորձով՝ խթանելով գործակցությունն ու նորարարական մոտեցումների կիրառումը ֆուտբոլի կառավարման ոլորտում։
Մասսայական ֆուտբոլի ղեկավարների զարգացման սեմինարը կենտրոնանում է արդիական և գործնական թեմաների վրա՝ ապահովելով մասնակիցների համար արդյունավետ ուսումնական արդյունք։
Սեմինարն անցկացվում են ինտերակտիվ տեսական դասընթացների միջոցով, լինում են խմբային քննարկումներ և գործնական վարժություններ, որոնք ներգրավում են մասնակիցներին խնդիրների վերլուծության և որոշումների կայացման գործընթացներում։
Ըստ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ մասսայական ֆուտբոլը ֆուտբոլի հիմքն է։ «Մասսայական ֆուտբոլի միջոցառումներում ներգրավվում է հասարակության յուրաքանչյուր անդամ, և դա ամենակարևորն է։ Սա նման չէ պրոֆեսիոնալ ֆուտբոլին։ Այո, նրանք մրցում են, բայց դա այլ մրցակցություն է՝ տարբեր պատճառներով։ Ահա թե ինչու փորձում ենք մեր սահմանափակ ռեսուրսներով անել հնարավորը մասսայական ֆուտբոլի զարգացման համար։
Հպարտ եմ, որ Հայաստանը դարձել է այս մասնագետների հանդիպման և գաղափարների փոխանակման հարթակ», - բացման խոսքում նշել է ՀՖՖ նախագահը։
UEFA Share-ի քննարկումները Երևանում կշարունակվեն մինչև նոյեմբերի 7-ը։ Սեմինարի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։