Նորություններ

-
5 հետաքրքիր օր հայ մարզիչների հետ (տեսանյութ)
17.04.201316:36
5 հետաքրքիր օր հայ մարզիչների հետ (տեսանյութ)

Ապրիլի 8-ից 12-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը: Առաջին օրվա ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավար, ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, դանիացի մասնագետ Ֆլեմմինգ Սերիցլևը: Հիշեցնենք, որ ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը:  Դասախոսության թեման ֆուտբոլում տաղանդի բացահայտումն էր: Երկժամյա զեկույցի ընթացքում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ակումբներում խաղացողների զարգացման երկարաժամկետ ծրագիրը, սելեկցիոն աշխատանքի, հոգեբանական մթնոլորտի, առողջական համակարգի կարևորությունը: Դասախոսությանը հետևեցին դաշտային մարզումները, որոնց ընթացքում ՊՐՈ արտոնագրի մարզչական դասընթացին մասնակցող 12 մարզիչները, բաժանվելով 6 խմբի կազմեցին մարզումային փոքրիկ ծրագրեր, մասնավորապես, 1-ը 2-ի դեմ, կամ 2-ը 1-ի դեմ հարձակում, պրեսսինգ, արագ անցում պաշտպանությունից հարձակման և այլն:   

 

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի երկրորդ օրը մասնակիցներին հյուրընկալվել էր «Միկայի» գլխավոր մարզիչ, սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակը: Մոտ 2 ժամվա ընթացքում Հոռնյակը ներկայացրեց իր խաղային փիլիսոփայությունը, մարզումային գործընթացի առանձնահատկությունները: Սլովակ մասնագետը, մասնավորապես, կարևորեց Հայաստանի Բարձրագույն խմբի այլ ակումբների գլխավոր մարզիչների հետ շփումները.

«Խաղադաշտում մենք մրցակիցներ ենք, բայց խաղադաշտից դուրս՝ գործընկերներ և ընկերներ: Բոլորովին կապ չունի, որ ես արտասահմանցի եմ, մենք բոլորս նույն գործն ենք անում: Միայն մարզիչները կարող են հասկանալ, թե որքան բարդ է մարզչական գործը, հատկապես, երբ գործ ունենք երիտասարդ խաղացողների հետ: Շատ կարևոր է սովորեցնել նրանց խաղալ ճիշտ ֆուտբոլ, դիտարժան ֆուտբոլ, բայց ամենակարևորը՝ սովորեցնել նրանց ճիշտ մտածել խաղադաշտում և խաղադաշտից դուրս, լինել պրոֆեսիոնալ: Միայն այս կերպ մենք կարող ենք հաջողություն ունենալ: Բացի ակումբի հաջողությունից, մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներին խաղացողներ մատակարարելը: Դա, առաջին հերթին, ակումբի պատիվն է: Մենք մշտապես պետք է պահպանենք կապը, փորձենք օգնել միմյանց տարբեր հարցերում: Ես շատ եմ կարևորում մարզիչների միջև շփումները, որովհետև միայն այդ կերպ մենք կարող ենք հասկանալ ընդհանուր խնդիրնեը և փորձել լուծում տալ դրանց»:

Ըստ հանդիպման ձևաչափի՝ մասնակիցները նաև հնարավորություն ունեին տալ իրենց հետաքրքրող հարցերը: ՊՐՈ արտոնագրի դասընթանցներին մասնակցող գրեթե բոլոր մարզիչները բարձրացրեցին հետաքրքիր հարցեր, որի շնորհիվ ծավալվեց հետաքրքիր քննարկում: Հայաստանում մարչական ՊՐՈ արտոնագրի տեխնիկական ղեկավար, ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Ֆլեմմինգ Սերիցլևը նույնպես կարևորեց այս կարգի շփումները մարզիչների միջև, քանի որ Հոռնյակը չի մասնակցում ՊՐՈ արտոնագրի դասընթացներին, իսկ փորձի փոխանակումը կարևոր է թե իր, թե հայ մարզիչների համար:

Դասընթացի երկրորդ օրվա ծրագրում էր նաև այցելությունը «Միկա» մարզադաշտ: Հատուկ մարզչական ՊՐՈ արտոնագրի մասնակիցների համար կազմակերպվել էր ցուցադրական մարզում: Դասընթացների մասնակիցները և գոհունակություն հայտնեցին Ժոլտ Հոռնյակին իրենց հյուրընկալելու համար, իսկ վերջում Ֆլեմմինգ Սերիցլևը Հոռնյակին նվիրեց նաև Հայաստանի հավաքականի մարզաշապիկ՝ Հոռնյակ գրությամբ:

Դասընթացի երրորդ օրը ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցներին հյուրընկալվել էր գերմանացի հանրահայտ մարզիչ Էրիխ Ռուտեմյուլլերը, ով 1996 թ. եղել է Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնականը, իսկ ներկայումս ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ է: Ռուտեմյոլլերի՝ Հայաստան այցելելու նպատակը Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներին, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարներին ծանոթանալն էր, ինչպես նաեւ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքին հետեւելը
Երկժամյա դասախոսության ընթացքում գերմանացի մասնագետն անդրադարձավ  ժամանակակից ֆուտբոլի հիմնական տենդենցներին, ինչպես նաև Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի մասնակից հավաքականների օրինակով ցույց տվեց, թե ինչպես են թիմերը կառուցում իրենց պաշտպանությունը, հարձակումը, ինչպես է կատարվում արագ անցումը պաշտպանությունից հարձակում և հակառակը: Այնուհետև դասընթացի մասնակից հայ մարզիչները բազմաթիվ հարցեր տվեցին, ինչի արդյունքում ծավալվեց բավականին հետաքրքիր: Հանդիպման վերջում Ռոտեմյուլլերը հայտնեց իր գոհունակությունը հյուրընկալության համար, իսկ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների տեխնիկական ղեկավար Ֆլեմմինգ Սերիցլևը գերմանացի մասնագետին նվիրեց Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ:

 

Դասընթացի չորրորդ օրը հիմնականում նվիրված էր սպորտային հոգեբանության թեմային, իսկ վերջին օրը՝ ապրիլի 12-ին կրկին զեկույցով հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավար Ֆլեմմինգ Սերիցլևը: Ինչպես ստեղծել հաղթող թիմ զեկույցի շրջանակներում Սերիցլևը խոսեց ժամանակակից ֆուտբոլում հաջողության հասնելու հիմնական գրավականների մասին, ներկայացրեց «Բարսելոնայի» ակադեմիայի աշխատանքները տաղանդների բացահայտման և առաջին թիմի համար խաղացողներ պատրաստելու ուղղությամբ: Դասընթացն ավարտվեց մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի շրջանակներում տեղի ունենալիք հերթական ուղևորության նախապատրաստությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՊՐՈ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչները կուղևորվեն Գերմանիա, որտեղ ապրիլի 22-ից 29-ը կհյուրընկալվեն գերմանական «Բայեր Լևերկուզեն» և «Բորուսիա Մյունխենգլադբախ» ակումբներին:

 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0