Նորություններ

-
ՀՖՖ ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը մեկնարկեց մարզիչների զեկույցներով
17.06.201314:25
ՀՖՖ ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը մեկնարկեց մարզիչների զեկույցներով

Հունիսի 15-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը: Հիշեցնենք, որ դասընթացներին մասնակցում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը:

 

Դեռ ապրիլին դասընթացի մասնակիցները հերթական ուսումնական ուղևորության  (Study trip-ի) շրջանակներում մեկ շաբաթով մեկնել էին Գերմանիա, որտեղ, բաժանվելով 2 խմբերի, մոտիկից ծանոթացել էին գերմանական «Բայեր Լևերկուզեն» և «Բորուսիա Մյունխենգլադբախ» ակումբների ենթակառուցվածքներին, պատմությանը, մարզումային գործընթացին, մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպման ու զարգացման ծրագրերին, ներկա էին գտնվել Գերմանիայի առաջին և երկրորդ բունդեսլիգաների հանդիպումների: Այժմ 2 խմբերի ներկայացուցիչները հանդես եկան Գերմանիայում իրենց տեսածի մասին զեկույցով: «Բորուսիա Մյունխենգլադբախի» մասին էլեկտրոնային զեկույցը ներկայացրեց Սուրեն Չախալյանը, իսկ «Բայեր Լևերկուզենինը»՝ Արմեն Սանամյանը: Մասնակիցները՝ Ֆլեմմինգ Սերիցլևի գլխավորությամբ, մանրակրկիտ վերլուծության ենթարկեցին նաև Գերմանիայի առաջնության «Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Վոլֆսբուրգ» և «Բայեր Լևերկուզեն»-«Վերդեր» հանդիպումները, որոնց հետևել էին անմիջապես մարզադաշտերում:

 

Տեսական պարապմունքներին հետևեցին գործնական պարապմունքները ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստները երկու օր իրականացրեցին «Բորուսիա Մյունխենգլադբախի» և «Բայեր Լևերկուզենի» մարզումային ծրագրերից վարժություններ: Համապատասխանաբար Վարդան Բիչախչյանի և Աշոտ Ավետիսյանի կողմից ղեկավարվող մարզումային վարժությունների թվում էին 5-ը 5-ի և 10-ը 10-ի դեմ խաղերը, փոքր տարածության վրա ակտիվ պրեսինգի խաղային վարժությունը, արագ անցումը պաշտպանությունից հարձակման և հակառակը, եզրային փոխանցումներից հետո գրոհի եզրափակումը և այլն:

 

ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը կտևի ևս 3 օր և կեզրափակվի հունիսի 19-ին:

 

    

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13