Նորություններ

-
Էդուարդ Միքայելյան. «Առաջնությունը կանցնի համառ և դիտարժան պայքարում»
20.11.201415:18
Էդուարդ Միքայելյան. «Առաջնությունը կանցնի համառ և դիտարժան պայքարում»

Նոյեմբերի 22-ին մեկնարկում է ՀՀ ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնությունը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Էդուարդ Միքայելյանը խոսեց առաջնության անցկացման հետ կապված մանրամասների վերաբերյալ:

 

- Պրն. Միքայելյան, մի փոքր պատմեք ՀՀ ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնության մրցակարգի վերաբերյալ

 

- Առաջնությունն անցկացվելու է շրջանաձև մրցակարգով և բաղկացած է լինելու 4 շրջաններից: Այս տարի խաղալու ենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Առաջնությունը վերսկսվելու է փետրվարին և ավարտվելու է մայիսին: Այս անգամ առաջնությանը կմասնակցեն 6 թիմեր՝ «Yerevan IT», «Մռավ», «ՀՊՏՀ» «Հրազդան ֆզ» «Գյումրի» «Թալգրիգ»:

 

- Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ նախորդ առաջնության համեմատ այս տարի ավելի շատ թիմեր են մասնակցում առաջնությանը

 

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ՀՖՖ ֆուտզալի և կանանց բաժանմունքը, ՀՖՖ ֆուտզալի և կանանց կոմիտեն, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչը մեծ աշխատանք են տարել այդ ուղղությամբ՝ խոսելով թիմերի ղեկավարների հետ, ներկայացնելով այն հեռանկարները, որ թիմերը կարող են ունենալ՝ մասնակցելով առաջնությանը:

 

- Խոսքը միայն ֆինանսակա՞ն կողմի մասին է

 

- Ոչ միայն: Թիմերում կան ֆուտբոլիստներ, որոնք աչքի ընկնելու դեպքում կարող են հրավիրվել հավաքական, քանի որ այն դեռ վերջնականորեն ձևավորված չէ: Բնականաբար, ֆինանսական կողմը նույնպես կարևոր է: Առաջնության մասնակցության անդամավճարն ընդամենը 110000 դրամ է յուրաքանչյուր թիմի համար, մինչդեռ առաջնության ավարտից հետո չեմպիոնը պարգևատրվելու է 6 միլիոն դրամով, երկրորդ տեղ զբաղեցրած թիմը՝ 2, իսկ երրորդ տեղ զբաղեցրած թիմը՝ 1 միլիոն դրամով:

 

- Ի՞նչ սպասելիքներ կան այս տարվա առաջնությունից

 

- Իմ կարծիքով, այս տարվա առաջնությունը լինելու է ավելի դիտարժան և անցնելու է համառ պայքարում, որովհետև հավաքականի մի շարք անդամներ հիմա խաղալու են տարբեր թիմերում և ապահովելու են ուժեղ մրցակցություն: Բացի այդ, նոր թիմերից, մասնավորապես, ՀՊՏՀ թիմը, որն առայժմ չունի հավաքականում խաղացող ֆուտբոլիստներ, արդեն ապացուցել է, որ մարտունակ թիմ է՝ մասնակցելով միջազգային մրցաշարի: Նրանք արդեն հիմա չեն թաքցնում, որ իրենց խնդիրը չեմպիոն դառնալն  է: Թիմի գլխավոր մարզիչը Կարեն Միքայելյանն է, որը նախկին ճանաչված ֆուտբոլիստ է:

 

- Ի՞նչ կասեք մյուս թիմերի մասին:

 

- Առայժմ դժվար է ինչ-որ կոնկրետ բան ասել «Երևան ԱյԹի» և «Մռավ» թիմերի մասին, չնայած այդ թիմերի կազմերում նույնպես հավաքվել են խոստումնալից ֆուտբոլիստներ: Բնականաբար, Վանաձորի «Թալգրիգը», ինչպես միշտ լինելու է չեմպիոնության հավակնորդներից մեկը: Ուրախալի է, որ Գյումրին և Հրազդանը նույնպես ունեն իրենց ներկայացուցիչները մեր առաջնությունում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 19 36
2. Նոա 20 35
3. Արարատ 19 35
4. Արարատ-Արմենիա 19 33
5. ՈՒրարտու 19 29
6. Վան 21 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 20 21
9. Շիրակ 21 13