Նորություններ

-
Մարկոս Պիզելլին՝ Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան
05.03.202111:38
Մարկոս Պիզելլին՝ Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելլին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան:

 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելլին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին.

 

«Առաջին հերթին, շատ երջանիկ եմ՝ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը:

Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»:

 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելլիի նշանակմանը:

 

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելլին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելլին հենց այն անձնավորությունն է, ով կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12